Ինչու ազատվեցին ՊԵԿ նախագահի տեղակալները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2012 10:53

Վարչապետի հրամանով եւ իրենց դիմումների համաձայն` ՊԵԿ նախագահի` աշխատանքից ազատված տեղակալներ Ռուբիկ Քոչարյանի եւ Արտաշես Բեյբությանի պաշտոնանկության պատճառը, ըստ «Հայկական ժամանակ»օրաթերթի, Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հակասություններն են:

Շաբաթ օրը գրել էինք, որ խորհրդակցության ժամանակ Գագիկ Խաչատրյանը խիստ դժգոհել էր իր ենթակաների աշխատանքից, հատկապես` բյուջետային մուտքերի հավաքագրման թերակատարման առումով, եւ հայտարարել էր, որ իր տեղակալներ Արտաշես Բեյբությանը եւ Ռուբիկ Քոչարյանը այլեւս չեն աշխատելու:

Ըստ yerkir.am-ի աղբյուրի`  ՊԵԿ նախագահը  ստիպված է եղել գնալ նման քայլի, քանի որ, ըստ Արտաշես Բեյբությանին պատկանող «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութներում իրականացված դիտարկումների,  պարզվել է, որ այս ընկերությունում տրվող ՀԴՄ կտրոնները կեղծ են: Այսինքն` գնորդը ստանում է ՀԴՄ կտրոն, բայց երկրորդ կտրոնը, որ պետք է մնար ապարատում` հաշվապահական հաշվեկշռին կցվելու համար, չի մնում:

Դիտարկման  արդյունքը դրվել է Գագիկ Խաչատրյանի սեղանին` որպես ապացույց այն բանի, որ եթե ՊԵԿ-ի գլխավոր պաշտոնյաներից մեկը մանիպուլյատիվ ճանապարհով խուսափում է հարկերից, ի՞նչ եք սպասում մյուս ձեռնարկատերերից:

ՊԵԿ ղեկավարի մյուս տեղակալ Ռուբիկ Քոչարյանն էլ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, արդեն ներկայացվել է եւ նշանակվելու է խոշոր հարկ վճարողների տեսչության պետ` Աշոտ Արզումանյանի փոխարեն, որին` նրա աշխատանքից դժգոհ ՊԵԿ նախագահը եւս հեռացրել է աշխատանքից:

Yerkir.am

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply