Միջազգային մամուլ. Հայաստանը Ադրբեջանից ավելի շատ է հիշատակվել, սակայն պակաս դրական վերաբերմունքի արժանացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 17, 2010 11:52

2009 թվականի տվյալներով, Հայաստանն առաջատար մամուլի հիշատակումների թվով ողջ աշխարհում զբաղեցրել է 88-րդ հորիզոնականը (9829 հիշատակում), իսկ դրականորեն լուսաբանումներով` 152-րդը:

Ադրբեջանը  զբաղեցրել 119-րդ հորիզոնականը (հիշատակվել է 4960 անգամ) , դրականորեն լուսաբանվելու կատեգորիայում` 101-րդը:

Թուրքիան զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը 59 096 հիշատակումներով , իսկ դրական լուսաբանումներով` 141-րդ:

Համեմատության համար ներկայացնենք 2008 թվականի արդյունքները.

Հայաստանը` 100-րդ հորիզոնականում էր` 6919 հիշատակումով, Ադրբեջանը` 103-րդ հորիզոնականում` 6110 հիշատակումով, Թուրքիան` 37-րդում` 47 756 հիշատակումով:

Դրականորեն լուսաբանվածների շարքում` Հայաստանը` 75-րդն էր, Թուրքիան` 160-րդը, Ադրբեջանը` 53-րդը:

Այս արդյունքներն է սահմանում  «Իսթ-Ուեսթ Քոմունիքեյշըն» ամերիկյան հեղինակավոր կառույցը, որը հետազոտություն է կատարում` ստուգելու աշխարհի 200 երկրների (ներառյալ ՄԱԿ-ի 192 անդամ-երկրերը) միջազգային  վարկանիշը:

Հետազոտությունը հիմնված է հարյուր հազարավոր նորություններում երկրների միլիոնավոր հիշատակումների վերլուծության վրա: Կիրառվել է լեզվահոգեբանական հատուկ համակարգ, որում ներառված շուրջ 16 հազար բառերն ու արտահայտությունները ցույց են տալիս դրական կամ բացասական ազդակներ (դրական մեսիջ են պարունակում օրինակ «օգնել», «համաձայնություն», «ազատ», «ապահովել», «աճ», «հաղթել», «ամուր», «հույս» բառերը, բացասական` «սպանել», «փախստական», «բռնություն», «անջատողական», «հարձակում», «հեղաշրջում» և այլն): Ելնելով այսօրինակ մեսիջների ու համապատասխան երկրի մասին հիշատակումների թվի հաշվարկից, որոշվել է այդ երկրի զբաղեցրած հորիզոնականն աշխարհի երկրների շարքում:

Հետազոտության արդյունքները պրոյեկտելով հիմնականում արտաքին քաղաքականության գործոնի վրա, փորձել ենք ներկայացնել Հայաստանի միջազգային հեղինակության ցուցանիշը Ադրբեջանի ու Թուրքիայի ցուցանիշների հետ համեմատության համատեքստում:

Եվ այսպես, 2008 թվականի երկրորդ քառորդում` ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, Հայաստանը հիշատակումների թվով գրավել է 134-րդ հորիզոնականը շուրջ `1140 հիշատակում, իսկ  Ադրբեջանը 869-ը հիշատակումով զբաղեցրել է 145-րդ հորիզոնականը:

Սակայն, դրական ազդակներ պարունակող ԶԼՄ հիշատակումներում Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը, Հայաստանը` 151-րդը:

Երրորդ քառորդում` (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր), Հայաստանի միջազգային հեղինակությունը կտրուկ աճել է` հասնելով 84-րդ հորիզոնականի. շուրջ 3380 հիշատակում: Դրական առումով ևս բարձրացել է մինչև 135-րդ հորիզոնական:

Հիշատակումներով Թուրքիայի ցուցանիշն էլ է աճել`   2-րդ քառորդում գրանցած 12 434-ի համեմատությամբ (45-րդ հորիզոնական), 3-րդ քառորդում հիշատակվել է 19 083 անգամ (25-րդ հորիզոնական):

Դժվար չէ կռահել, որ այս ցուցանիշները կապված են նախագահ Սարգսյանի` սեպտեմբերին իր թուրք գործընկերոջը` Գյուլին ֆուտբոլային խաղի դիտմանը հրավիրելու, ապա հրավերն ընդունելու ու դրա մասին միջազգային լուսաբանման հանգամանքի հետ:

Ադրբեջանը  ևս բարելավել է իր ցուցանիշը` հասնելով 82-րդ հորիզոնականի (3 556 հիշատակում): Սա թերևս կապված է արևմտյան Nabucco-ի մասին քննարկումների ակտիվացմամբ, որի համատեքստում Ադրբեջանը հիշատակվում էր    որպես  գազ ապահովող երկիր:

Չորրորդ քառորդում (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր), երբ միջազգային ասպարեզում ակտիվորեն քննարկում էին հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, Հայաստանը հիշատակվել է 3 380 անգամ (135-րդ հորիզոնական): Սակայն ուշագրավն այն է, որ դրականորեն լուսաբանվելու ասպարեզում պետությունը բեկումնային առաջընթաց է ունեցել: Առաջ անցելով այնպիսի բարեկեցիկ երկրներից, ինչպիսիք են Նիդեռլանդները, Շվեդիան, Ավստրիան, Կանադան, և այնպիսի հզորներից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան,  Չինաստանը  Ֆրանսիան  Հայաստանը աշխարհում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը:

Թուրքիան, Հայաստանի հետ միաժամանակ բարձրացրել է իր այդ ցուցանիշը` երրորդ քառորդի 180-րդ հորիզոնականից անցում կատարելով 119-րդ հորիզոնական:

2009 թվականի առաջին քառորդում դրականորեն լուսաբանվելու ասպարեզում Ադրբեջանը իր 2008 թվականի 53-րդ առաջատարի դիրքերից իջնում է մինչև 96-րդ հորիզոնական: Խնդիրը թերևս կապված է Ադրբեջանի`ռազմատենչ հայտարարությունների արտաքին քաղաքականության, քննադատական բնույթի, նաև Թուրքիայի ու Արևմուտքի հետ գազային կոնֆլիկտի հարցերի հետ:

Չնայած  փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության 45-րդ համաժողովին Սերժ Սարգսյանի ելույթին («բաժանարար գծերի» վերացման ու տարածաշրջանային անվտանգության մասին) ու մարտին կառավարության` լողացող փոխաժեքին անցնելու որոշման միջազգային հնչեղության հանգամանքին, Հայաստանը դրականորեն լուսաբանվածների շարքում անցյալ տարվա համեմատությամբ իջեցրել է իր ցուցանիշը մինչև 141-րդ հորիզոնական: Հիշենք, որ այս շրջանում էր (հունվար), որ սուր դրված էր ԵԽԽՎ-ից Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին հարցը: Վերջինս, անշուշտ, բացասական ազդակներ է հարուցել:

Այնուամենայնիվ, հիշատակումների թվով Հայաստանն առաջ է անցել ոչ միայն Ադրբեջանից, այլև Մերձբալթյան ու Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներից, Վատիկանից, Սլովակիայից, Կիպրոսից, Ալբանիայից և զբաղեցրել 136-րդ հորիզոնականը 1 194 հիշատակումով:

Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Հայաստանը հիշատակումներով կտրուկ ցատկ է կատարում` հասնելով 79-րդ հորիզոնական (3 375 հիշատակում): Ուշագրավ է, որ Թուրքիան ևս 45-րդ հորիզոնականից անցում է կատարում 35-րդի: Այդ ժամանակ էր, ապրիլին, որ երկու երկրները հրապարակեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

Սակայն, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի նկատմամբ ներքաղաքական ընդդիմության և հասարակական դժգոհությունը, որ Թուրքիան նախապայմաններ է դնում իջեցրեցին Հայաստանի դրականորեն լուսաբանվելու ցուցանիշը` հասցնելով 160-րդ հորիզոնականին:

Ադրբեջանի ցուցանիշը դրականի կատեգորիայում շարունակել է ընկնել` հասնելով 111-րդ հորիզոնական, բայց հիշատակումներով, նախորդ քառորդի 133-րդ հորիզոնականից բարձրացել է 113-րդ (1637):

Դրականորեն լուսաբանումների Ադրբեջանի ընկնող ցուցանիշը իր հանգուցալուծումն է ստացել 2009 թվականի հունիսին, երբ Բաքուն համաձայնեց գազ վաճառել Ռուսաստանին` այդպիսով հարուցելով Արևմուտքի դժգոհությունը:

Հաջորդ` հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, Հայաստանը դրականորեն լուսաբանվելու ցուցանիշով  առաջ է անցնում  29 երկրներից `զբաղեցնելով 131-րդ հորիզոնականը: Այդ ժամանակ էր, օգոստոսին, որ կառավարության համաներմամբ ազատ արձակվեցին 301 դատապարտյալներ:

Իսկ արտաքին քաղաքական դաշտում հարաբերական պասիվությունը բերել է նրան, որ Հայաստանը նախորդ` հիշատակումների թվով 79-րդ հորիզոնականից իջել է 109-րդ (1714): Թուրքիան ևս 35-րդից իջել է 38-րդի: Ադրբեջանը, սակայն, կրկին զիջում է Հայաստանին` զբաղեցնելով 122-րդ հորիզոնականը (1227):

Դրականորեն լուսաբանման ասպարեզում Թուրքիան բավականին հետ է ընկնում Հայաստանից: 2009թ. հունվարից սկսած, երբ Թուրքիայի ու Իսրայելի միջև լարվածություն սկսվեց (այն բանից հետո, երբ Թուրքիան խստորեն դատապարտեց Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում), Թուրքիայի դրական լուսաբանման ցուցանիշը սկսել է նվազել. եթե 2008 թվականի վերջին Թուրքիան այդ կատեգորիայում զբաղեցնում էր 119-րդ հորիզոնականը, ապա 2009 թվականի նախավերջին քառորդում արդեն` վարկանիշն իջել է մինչև 162-րդ հորիզոնական:

Արտաքին քաղաքականության մակարդակում այս հետազոտությունը դիտարկելու տրամաբանությամբ, Հայաստանի հիշատակումների թիվը 2009 թվականի վերջին քառորդի արդյունքներով, ենթադրվում էր, որ կրկին կբարձրանա` կապված հայ-թուրքական 2 արձանագրությունների ստորագրման ու Բուրսայում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային խաղի միջազգային հնչեղության հետ: Իսկ հաշվի առնելով հայ-թուրքական գործընթացի նկատմամբ ընդդիմության ու հայկական Սփյուռքի քննադատական հիշատակումները, Հայաստանը դրականորեն լուսաբանվելու ասպարեզում կզիջեր:

Եվ այդպես. վերջերս հրապարակված 2009 թվականի վերջին քառորդի տվյալներով Հայաստանը հիշատակումներով նախորդ քառորդի 109-րդ հորիզոնականից անցում է կատարել 71-րդ հորիզոնական` 3546 հիշատակումով: Թուրքիան, տրամաբանորեն ևս բարձրացել է` նախորդ 38-րդ հորիզոնականից անցում կատարելով 32-րդի (16 135 հիշատակում):

Ադրբեջանը, կրկին զիջելով Հայաստանին, զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը (1072 հիշատակումով):

Դրականորեն լուսաբանվելու ասպարեզում, ինչպես նշեցինք, Հայաստանի վարկանիշը կանխատեսելի էր որ կընկնի. զբաղեցրել է 148-րդ հորիզոնականը` նախորդ 131-րդի դիմաց: Իսկ Թուրքիան կտրուկ ցատկ է կատարում 52-րդ հորիզոնական, այնինչ նախորդ քառորդում 162-րդում էր: Այս փաստը կարելի է բացատրել Թուրքիայի «0 խնդիրներ հարևանների հետ» ու նմանատիպ  այլ դեկլարատիվ հայտարարություններով, որ այս ժամանակաշրջանում դարձել էին Թուրքիայի իշխանական լեքսիկոնի անբաժանելի մասը:

Ադրբեջանը ևս դրական հիշատակումներով բարձրանում է նախորդ 111-ից  99-րդ հորիզոնական:

Ամփոփենք. այս ցուցանիշների մանրամասն վերլուծության արդյունքում կարելի է տեսնել, թե ինչքանով է նպաստել Հայաստանի նախաձեռնողական ակտիվ արտաքին քաղաքականությունը երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը: Մասնավորապես, հայ-թուրքական գործընթացի ակտիվացմամբ երկրի վարկանիշը կտրուկ աճ է ունեցել:

Եվ հակառակը, կարելի է տեսնել, թե ինչքան բացասական են անդրադառնում ներպետական անհանդուրժողականությունն ու սոցիալական երկփեղկվածությունը պետության հեղինակության վրա:

Հարց. ինչպե՞ս կարող է Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով ու ապակառուցողական արտաքին քաղաքականությամբ մշտապես զբաղեցնել առաջատար դիրքեր` դրականորեն լուսաբանվելու ասպարեզում, իսկ Հայաստանը`միայն արտաքին քաղաքականության կառուցողական բնույթով է նման արդյունքի հասել:

Հետազոտության ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն քաղաքական բնագավառը, այլև տուրիզմը, մշակույթը և տնտեսությունը: Այս ասպարեզներում դրական հիշատակման համար ոչ այնքան  հարուստ մշակույթ ու ազատական տնտեսությունն են դեր խաղում, այլ մշակույթն ու տնտեսության հաջողություները պրոպագանդելը:

Նաև Սփյուռքն իր հզոր ներուժով հանդերձ, հետազոտության այս շրջանում պահել է համեմատաբար բացասական վերաբերմունք պետության քաղաքականության նկատմամբ:

Այսուհանդերձ, Հայաստանը, լինելով տարածքով, բնակչության թվով փոքր, բնական ռեսուրսներ չունեցող ու այդ ոլորտում ոչ գրավիչ պետություն, կարողացել է ապահովել միջազգային հեղինակության բարձր ցուցանիշներ` հիշատակումների թվով առաջ անցնելով հետխորհրդային բոլոր երկրներից (բացառությամբ ՌԴ-ի), իսկ դրականորեն լուսաբանվելու արդյունքներով` բազմաթիվ հայտնի երկրներից:

Դիտվել է 1809 անգամ:
Print Friendly

Leave a Reply