ՀՊՃՀ-ում գրկաբաց ընդունեցին առաջին կուրսեցիներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 16:56

Նոր ուսումնական տարին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սկսվեց ճարտարագիտական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչների ու առաջին կուրսեցիների ավանդական հանդիպմամբ:

Հանդիպումը սկսվեց ՀՀ և ՀՊՃՀ օրհներգերի կատարմամբ: Միջոցառմանը մասնակցելու և ՀՊՃՀ Կառավարման խորհրդի անունից նորաթուխ պոլիտեխնիկցիներին շնորհավորելու էր եկել նաև ՀՊՃՀ Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: “Սկսած եգիպտական բուրգերից մինչ գերժամանակակից համակարգչային աշխարհ, համոզվում ենք, որ հենց ինժեներական միտքն է ընկած մարդկության քաղաքակրթության զարգացման հիմքում: Ուստի ողջունելով ճարտարագիտական մասնագիտություն ընտրելու ձեր ցանկությունը` վստահեցնում եմ, որ դուք ընտրել եք աշխարհի ամենահեղինակավոր կրթությունը”,-ասաց Ս. Նիկոյանը:

ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա և պոլիտեխնիկական մեծ ընտանիքին միանալու կապակցությամբ, հորդորեց լինել հավակնոտ ու պահանջատեր ուսման և գիտելիքի  հանդեպ, քանզի այդ ճանապարհով կհզորանա մեր հայրենիքը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՃՀ պրոռեկտորները, ովքեր ներկայացրին ՀՊՃՀ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման առաձնահատկությունները, համալսարանում գործող զեղչերի ճկուն համակարգը, արտերկրում ուսանողների շարժունության ծրագրերը, ՀՊՃՀ-ում իրականացվող հսկայածավալ հետազոտական ծրագրերը և այլն:

ՀՊՃՀ գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, հույս հայտնեց, որ ներկաներից ոմանք տարիներ անց այս նույն դահլիճում կողջունեն նոր ընդունվածներին և կասեն. “Բարով եք եկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան”:

Տոնական հանդիպումը շարունակվեց ՀՊՃՀ ֆակուլտետներում:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply