Բանակի չգրված օրենքները. գեյերը անձեռնմխելիներ են

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 16, 2010 15:56

Ընկերներիցս մեկը պատմում էր, որ իրենց զորամասում մի գեյի մեծ տուլիկ էր (տնային ուտելիքներով լի կապոց) եկել  ու երբ էդ մարդը տուլիկը բացեց, զորամասի բոլոր հեղինակությունները հավաքվեցին կողքը, որ իրենք էլ օգտվեն տուլիկից: Բայց ,ինչպես բոլոր զորամասերում, այդտեղ էլ ոչ ոք գեյի հետ սեղան չի նստում: Ու գեյը զարմացած հարցնում է.

– Էս խի՞ եք հետս հաց ուտում, բա ես գյո՞թ չեմ:

Զինվորներն էլ ուտելով տուլիկը պատասխանում են.

– Դու էդի հըլը պիտի ապացուցես:

2004թվի պաշտպանության նախարարի  մի հրամանով միասեռականները ազատվում են բանակից, բայց ոմանք չգիտեն, որ կարող են ազատվել ու հայտնվում են բանակում, ոմանք էլ մի անգամ տղամարդու հետ սեռական ակտ են ունեցել, բայց իրենց գեյ չեն համարում, սակայն նրանց բանակում որպես գեյի են վերաբերվում ու նրանց հետ շփվելը տաբու է:

Գեյերի ծառայությունը հնարավոր է մյուսների համեմատ ավելի թեթեւ անցնի, եւ հակառակը` ավելի ծանր:

Ծանր է հատկապես այն զորամասերում, ուր զուգարանը ոչ թե քաղաքացիականն է մաքրում, այլ այդ պարտականությունը զորքի վրա է լինում եւ դա անում են գեյերը:

Թեթեւ է այնտեղ, ու զուգարանը քաղաքացիականներն են մաքրում ու գեյերը երկու տարին անցկացնում են գրեթե պարապ. նրանց հետ զորքը չի շփվում, շարքերին չեն մասնակցում կամ հազվադեպ են շարվում (անձնակազմի զինվորական գրքույկներով ստուգման, կորպուսի կամ նախարարությունների շարային ստուգատեսների ժամանակ), վերակարգ (նարյադ) չեն կանգնում: Որոշ զորամասերում գեյերին առանձին սենյակ են տալիս:

Նրանց օգտագործած ամանեղենից օգտվելը տաբու է: Ինչքան էլ լվան այդ սպասքը, միևնույն է արգելք է դրված դրանից օգտվելու (եթե որևէ մեկը չգիտի և օգտվում է` ներելի է, եթե գիտի ու օգտվում է` ինքն էլ է առանձնացվում, դառնում անձեռնմխելի): Հետևաբար, գեյերը չեն գնում ճաշարան, նրանց տրված է լինում իրենց տասովշիկը (ծառա), որը ճաշարանից գեյի հացը կատելոկով (զինվորական սպասք, որը օգտագործում են դաշտային պայմաններում) տանում է նրանց (գեյերի սպասքը տարբերելու համար վրան ծակ են անում):

Այդ փափուկ ծառայությանը անցնելու համար դեպքեր են եղել,  որ որոշ զինվորներ խաբել են, թե գեյ են:

Ընկերս պատմում է, որ իրենց զորամասում մեկը,  իմանալով, որ գեյերին ծառայությունից ազատում են, հայտարարեց, թե ինքը գեյ է, բայց ապարդյուն` չազատեցին: Հետո իմացավ, որ եթե տակը միզի, կեղտոտի` այդ դեպքում էլ են ազատում, դա էլ արեց, բայց էլի չազատեցին: Գումարտակի հրամանատարը տեսնելով նրա ձգտումները խոստացավ, որ եթե մատնի, թե որ զինվորը ձեռքի հեռախոս ունի, շուտ կզորացրի ու նա այդպես մատնությամբ ծառայեց երկու տարի:

Բանակում գեյը նա է համարվում, ում քաղաքացիական կյանքում արդեն ճանաչել են որպես պասիվ միասեռական: Քաղաքացիները բանակ նամակ են ուղարկում (քսիֆ) տեղեկացնելով, որ այսինչ մարդը գեյ է, որպեսզի նրա հետ չշփվեն: Դեպքեր են եղել, երբ զինվորը երկար ժամանակ ծառայել է, հետո ուշ պարզվել է, որ նա գեյ է:

Մեր զորամասում, պատմում էին, որ մի գեյ վեց ամիս ծառայելուց հետո էր  պարզվել, որ նա գեյ է: Դրանից հետո զորքը ճաշարանի ամբողջ սպասքը փոխել է տվել, որ հանկարծ բերանը չդիպչի գեյի արդեն օգտագործած սպասքին:  Իսկ այդ տղային մի լավ ծեծել են, որ թաքցրել է իր ով լինելը:

Մեկ այլ զորամասում էլ սպասքը փոխել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ կին խոհարարը օրալ սեքսով է զբաղվել: Ասում են, որ այդ կնոջը գնդի հրամանատարն է ծեծել ու գործից հանել:

Շատ պատմություններ կան, թե ինչպես թաքնված գեյը որպես հեղինակություն երկար ծառայում է ու հանկարծ նրան քաղաքացիականից ճանաչող մարդ է հայտնվում զորամասում ու հայտարարում է, որ նա գեյ է: Լինում է, որ սկզբում չեն հավատում ու հենց հայտարարողին են ծեծում: Բայց հետո քաղաքացիականից վկա են բերում, որն ապացուցում է, թե նա իրոք գեյ է, որից հետո  նախկին հեղինակության ծառայությունը դառնում է դժոխք: Նա, ով ղեկավարում էր զինվորներին, հրամաններ էր տալիս, այժմ զուգարանից զուգարան է գնում մաքրելու, իսկ եթե մեկի աչքին հայտնվի` ավել են շպրտում վրան: Մի դեպք են պատմում, որ մեկ տարի ծառայած նման մի հեղինակության քույրն է մատնել, եկել է զորամաս ու հայտարարել որ եղբայրը գեյ է: Չի նշվում, թե քրոջ դրդապատճառը որն է եղել:

Մեր զորամասի մի գեյը հարգանք-պատիվ ունեցող տղա էր, ոչ ոք չէր համարձակվի նրա դիմաց կանգնել ու ասել, որ ինքը գեյ է: Երբ նորակոչիկ էի ու անընդհատ տեսնում էի այդ տղային սենյակից դուրս գալուց, մտածում էի, որ սա մի լուրջ հեղինակություն է զորամասում: Երբ իմացա գեյ է, դժվարությամբ հավատացի, մի քանի տեղից ճշտեցի: Ասում էին, որ այդ տղային փոքր ժամանակ մի մարդ ստիպողաբար տարել է սարեր ու օրալ սեքս անել տվել: Ինքն է ոտքը զորամաս դնելուց հեղինակություններին տեղյակ պահել, որ ինքը օրալ սեքս է արել: Թեև հետագայում մի զինվոր ինձ ասաց, թե ինքն է բացահայտել այդ տղայի գեյ լինելը:

Ամեն դեպքում, այդ տղան ոչ մի ծառայողական բնույթ կրող գործողության չէր մասնակցում, բայց գումարտակի փոքրիկ զուգարանը ինքն էր մաքրում, երբ շտապ պետք էր լինում մաքրել, երբ Գավոն (զորամասի զուգարարան մաքրողը, քաղաքացիական) բացակայում էր:

Մեր զորամասում եւս մի գեյ կար` Էդիտան(մականունն է), որ անթաքույց գեյ էր եւ սեռական հակում ուներ տղամարդկանց հանդեպ: Նա զորքի ծաղրանքի առարկան էր, շատ էի տեսնում, երբ նրան զինվորները շրջապատում էին ու զվարճանում, ձեռ առնում, ծաղրում: Խոսակցություններ կային, որ զորքից նրա հետ սեքս անողներ կան (ըստ ոչ ֆորմալ օրենքների սեռական հարաբերություններում ակտիվը չի համարվում գեյ և դա ամոթալի չի):

Մի անգամ գումարտակի հրամանատարը ինչ-որ բանից ջղայնացած գորգոռում էր, ով ձեռքն էր ընկնում`խփում էր:  Մեկ էլ այս տղան դուրս եկավ դիմացը եւ հիացած աչքերով սկսեց նայել հրամանատարին.

– Ի՞նչ ա, արա’, ի՞նչ ես նայում, – կատաղած հարցրեց հրամանատարը:

Տղան էլ պատասխանեց.

– Պարո’ն մայոր, իսկ դուք գիտե՞ք, որ շատ գեղեցիկ աչքեր ունեք:

Գումարտակի հրամանատարը ձեռքերի մեջ առավ իր գլուխը ու մտավ սենյակ:

Այդ տղան մաքրում էր զորամասի բաղնիսը: Մի անգամ ես ու ընկերս սպասում էինք մեր հերթին, որ մտնենք լողանանք: Ընկերս սկսեց նրան հարցեր տալ.

– Էդիտա, ես սիրո՞ւն տղա եմ:

– Դու չէ’, բայց ինքը շատ սիրուն ա, – ու ցույց ա տալիս ինձ: Ամոթից հեռացա:

Բայց նրա սրտում արդեն կար մեկը` մի զինվոր, որին էլ սիրո խոստովանություն էր արել ու մերժվել` գրեթե ծեծվելով:

Էդիտան սիրահարվել էր մի զինվորի, որը բողոքում էր, թե  ամեն առավոտ, երբ զարթնում է` գլուխը ծակում է ու իրեն շատ վատ է զգում: Բոլորը մտածեցին, որ թուղթ ու գիր են արել ու դրել բարձի մեջ: Ով կլիներ արած: Հարցրին Էդիտային (նա նաեւ գուշակություններով էր զբաղվում): Ասաց. «բարձիդ տակ նայի’ր, եթե եռանկյունաձեւ թուղթ կա մեջն էլ ասեղ, ուրեմն թուղթ ու գիր է»: Նայեց եւ իրոք գտավ եռանկյունաձեւ թուղթը` մեջը ասեղ: Էդիտայի արածն էր, որ սիրահարեցնի իրեն: Էդիտան էլ թուղթ ու գիրը տարավ թափեց գետը, հետո էլ ծեծ կերավ:

Դիտվել է 11808 անգամ:
Print Friendly

Leave a Reply