Անորեքսիա. գեղեցկանալու մոլուցքը կարող է մահվան հասցնել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2010 11:48

«Ես չաղ եմ: Ես շատ չաղ եմ: Ես ահավոր, բեսամթ չաղ եմ:

Շտապ նիհարել ա պետք»:

Այս բառերն ասաց մի անգամ իմ կոլեգա Ինգան՝ հայելու առաջ երկար ժամանակ պտտվելուց հետո: Ես ու մյուս կոլեգաներս ապշած մնացինք: Բանն այն է, որ Ինգան շատ, շատ նիհար է: Իր խոսքով ասած՝ «բեսամթ» նիհար: Նույնիսկ ձմեռային շորերը չեն կարող թաքցնել նրա մաշկի տակից ցցված ոսկորները: Բայցեւայնպես նրան թվում է, որ ինքը գեր է եւ շտապ նիհարելու կարիք ունի:

Նիհարելու այս մոլուցքը,  որը կարելի է նկատել շատ եւ շատ աղջիկների մոտ, ժամանակակից բժշկության մեջ ստացել է անորեքսիա (այլ կերպ` նյարդային անորեքսիա) անվանումը:

Անորեքսիան հոգեբանական եւ առողջական խանգարում է, որի ժամանակ մարդու քաշը լինում է նորմայից 15 եւ ավելի տոկոսով ցածր, բայց նա համոզված է, թե գեր է: «նորմա» ասածը  հարաբերական է, բայց եթե մարդը շատ է տարված նիհարելու ցանկությամբ եւ նրա սեփական տեսքի եւ ֆիզիկական վիճակի ընկալումը խեղաթյուրված են, ապա նա անորեքսիա ձեռք բերելու մեծ վտանգի առջեւ   է կանգնած կամ էլ արդեն տառապում է այս հիվանդությամբ:

Անորեքսիայով հիվանդ  է ամբողջ մոլորակի  մոտ 3-5%-ը: Ինտերնետի տվյալների համաձայն, միայն ԱՄՆ-ում ամեն տարի անորեքսիայից մահանում է մոտ 150.000 մարդ:

Հայաստանում ճշգրիտ տվյալներ չկան: Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ Հայաստանում անորեքսիան այլ երկրների հետ համեմատած այդքան էլ տարածված չէ:

«Մենք, հայերս, կովկասյան ժողովուրդ ենք, քամու, ժայռի հետ կռված, առնական ժողովուրդ: Մեր մոտ չկա ենթագիտակցական հակում անորեքսիայի եւ այլ նման հիվանդությունների նկատմամբ, քանի որ  սովոր ենք դժվարություններ հաղթահարել, եւ մեզ մոտ ինքնապահպանության բնազդը լավ է զարգացած», – բացատրում է նա:

Անորեքսիայի պատճառները

Անորեքսիայի առաջացման պատճառները բազմաթիվ են, բայց նրանց մեջ առաջինը  նիհար լինելու ցանկությունն է: Նիհար լինելը ժամանակակից աշխարհում համարվում է գեղեցիկ եւ «մոդայիկ», ու բազմաթիվ մարդիկ, մեծ մասամբ երիտասարդ աղջիկները (զուգադիպություն չէ, որ անորեքտիկների 90%-ը հենց երիտասարդ կանայք են), ծանր դիետաներ են սկսում պահել, որպեսզի նիհարեն ու նմանվեն բոլոր այն մոդելներին, որոնք ամեն օր հայտնվում են հեռուստացույցի էկրանին:

Նման դիետաները բացասական ազդեցություն են ունենում մարդու նյութափոխանակության եւ գլխուղեղի աշխատանքի վրա: Օրգանիզմը այդպիսի ծայրաստիճան սովելու մտքին այնքան էլ լավ չի վերաբերվում, եւ որոշ ժամանակ անց անկարող է դառնում ստացած կերակուրը  յուրացնել: Այս ամենի հետեւանքով օրգանիզմը օրեցօր հյուծվում եւ թուլանում է, որոշ օրգաններ այլեւս չեն կարողանում գործել, ու… հազարավոր մարդիկ դառնում են այս՝ առաջին հայացքից ոչ շատ վտանգավոր հիվանդության զոհը: Որոշ գիտնականներ նաեւ պնդում են, որ բոլոր հիվանդությունների, այդ թվում եւ անորեքսիայի առաջացման մեջ մեծ դեր է խաղում գենետիկական նախատրամադրվածությունը: Անորեքսիայով տառապողների մեծամասնությունն ունի կամ ունեցել է անորեքտիկ ազգակիցներ:

Անորեքսիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ սթրեսները, մանկական հոգեբանական տրավմաները եւ վաղ տարիքում տեղի ունեցած սեռական ոտնձգությունները:

«Այս տիպի անորեքսիայի ժամանակ մարդը նիհարում է ոչ թե գիտակցաբար, այլ անգիտակցորեն՝ սթրեսների եւ այլ ապրումների հետեւանքով, – ասում է հոգեբան Գալստյանը: – Նրանք չեն էլ զգում, թե ինչպես են մոռանում սնվելու մասին, սկսում են նիհարել, աչքերը փոս են ընկնում, սեռական կյանքը պասիվանում է»:

Մանկության ժամանակ ծանր սթրեսներ տարած կամ ոտնձգությունների զոհ դարձած մարդիկ, ըստ հոգեբանի, նույնիսկ մեծ տարիքում, որպես կանոն, ցածր ինքնագնահատական ունեն, երբեք գոհ չեն իրենցից եւ իրենց արտաքինից, երբեմն վախենում են մեծանալուց: Նրանք կարող են անգիտակցորեն հրաժարվել ուտելիքից:

Գալստյանը պատմում է անցյալ տարվա իր մի պացիենտի մասին, ով  նիհարելու մոլուցքով էր տարվել. «Գայանեն խանութի վաճառողուհի էր: Նրա բոլոր ընկերուհիները տարված էին դիետաներով, նիհարելով, նա էլ չէր ուզում բոլորից հետ մնալ: Նիհարելու ցանկությունը Գայանեի մոտ  վերածվեց, անառողջ ձգտման: Նա այնքան նիհարեց, որ նույնիսկ նրա ամուսինը՝ Արթուրը սպառնաց   բաժանվել նրանից, եթե  վերջ չտա այդ դիետաներին: Բայց Գայանեն չէր ուզում կանգնել, արդեն չէր կարող »:

Դրանից հետո Գայանեի մոտ մի շարք առողջական խնդիրներ սկսվեցին, ինչի հետեւանքով նա երկար ժամանակ անցկացրեց հիվանդանոցում, իսկ փոքր ինչ կազդուրվելուց հետո, ամուսնու հետ միասին դիմեցին  հոգեբանի:

Անորեքսիան հեշտ  է հաղթահարվում  վաղ  շրջանում եւ մեծ դժվարությամբ, եթե այն  արդեն  հասցրել է խորանալ եւ վնաս հասցնել մարդու առողջությանը:

Գալստյանի խորհուրդները, որոնք օգնեցին Գայանեին վերադառնալ նորմալ կյանք եւ վերականգնել կործանման եզրին գտնվող առողջությունը, կարող են օգնել շատ այլ կանանց` խուսափելու  անորեքսիայից.

«Սիրելի կանայք, շատ  կարդացեք, աշխատեք առաջին հերթին ձեր ինտելեկտի եւ ինքնագնահատականի վրա, եւ ոչ թե արտաքինի: Այդ կօգնի ձեզ լինել գիտակից, կշռադատել ձեր բոլոր քայլերը եւ կախված չլինել ուրիշների կարծիքից ու  մոդայից: Եւ մի մոռացեք, որ ամենաթանկն այս աշխարհում ձեր առողջությունն է»:

Հայտնի անորեքտիկ մոդելները

2006 թվականի օգոստոսին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի «Ռեդիսոն Վիկտորիա Պլազա» հինգաստղանի հյուրանոցում անցնող Մոդայի Շաբաթվա ժամանակ  22-ամյա մոդել Լուիսել Ռամոսը մոդելին վայել ձեւով մահացավ՝ հենց պոդիումի վրա, բոլոր հայտնի մոդելյորների աչքի առջեւ: Մահը  սրտի նոպայի հետեւանքն էր, սակայն ի՞նչն էր  դրա  պատճառը: Աղջկա հայրը պատմեց, որ, ցանկանալով նիհարել, Լուիսելը գրեթե ոչինչ չէր ուտում:

Լուիսելի մահվանից մի քանի ամիս հետո մահացավ նրա կրտսեր քույրը՝ 18-ամյա Էլինա Ռամոսը, որը նույնպես մոդել էր: Պաշտոնապես մահվան պատճառը ինֆարկտն էր, իսկ իրականում աղջիկը, ինչպես եւ իր մեծ քույրը, տառապում էր մոդելների «պրոֆեսիոնալ» հիվանդությամբ՝ անորեքսիայով:

2006 թվականի նոյեմբերին կյանքից հեռացավ 21-ամյա բրազիլացի մոդել Աննա Կարոլինա Ռեստոնը:  Եւ երիտասարդ մոդելը մահացավ ոչ թե պոդիումի վրա, այլ իր տանը:

Ռեստոնը նստած էր խնձորներից ու պոմիդորներից բաղկացած դիետայի վրա, ու նա 174 սմ հասակի դեպքում կշռում էր ընդամենը 40 կիլոգրամ, իսկ լյարդն արդեն գրեթե չէր գործում:

Սակայն, իհարկե, ոչ բոլոր անորեքտիկ մոդելներին էր սպասում այսպիսի ճակատագիր: Քեյթ Դիլլոնը սկսել էր իր կարիերան որպես սովորական մոդել, եւ ոմանք նրան նույնիսկ կոչում էին  «երկրորդ Սինդի Քրոուֆորդ»: Երկար ժամանակ Դիլլոնը տանջում էր իրեն խիստ դիետաներով, ինչի հետեւանքով մի օր անորեքսիայի առաջ կանգնեց: Նրա օրգանիզմը այնքան հյուծված էր, որ եթե բժիշկների օգնությունը չլիներ, ով գիտի, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր: Բուժումից հետո նա նորից կարողացավ նորմալ սնվել եւ  նույնիսկ գիրացավ: Սակայն դա Դիլլոնի մոդելային կարիերայի ավարտը չէր: Դիլլոնը սկսեց հայտնվել ամսագրերի շապիկներին որպես plus-size մոդել, ցույց տալով կանանց, որոնց գեղեցկությունը միայն 90-60-90 չափանիշները չեն:

Հիմա 177.5 սմ  հասակով Քեյտ Դիլլոնը 81 կիլոգրամ է: Նա աշխարհի ամենահայտնի եւ մեծ համբավ ունեցող մոդելներից մեկն է, իսկ «People» ամսագիրը ընդգրկել է նրան «մոլորակի 50 ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակի մեջ:

Դիտվել է 9372 անգամ:
Print Friendly

Leave a Reply