Ադամ Շիֆը Հունգարիայից եւ Ադրբեջանից բացատրություն է պահանջել արդարադատության նկատմամբ սարսափելի ոտնձգության համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2012 11:21

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խորը մտահոգություն է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու առնչությամբ: «Հունգարիան, որտեղ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, եւ Ադրբեջանը պարտավոր են միջազգային հանրությանը բացատրություն տալ արդարադատության նկատմամբ այս սարսափելի ոտնձգության համար: Սա անընդունելի լուծում է խոստովանված ոճրագործության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականի հայտարարության մեջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը, Հովարդ Բերմանը եւս խստագույնս դատապարտել են Ադրբեջանի եւ Հունգարիայի իշխանությունների հանցավոր գործարքը` այն որակելով լուրջ հարված միջազգային իրավունքի ու բարոյականության նորմերին, տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովըդատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին նա էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ նույն օրը ներման արժանացել այդ երկրի նախագահի կողմից:

Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply