Դատախազներն ընդհատել են այցելությունը եւ վաղը կլինեն Երեւանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2012 7:18

ՀՀ գլխավոր դատախազությունը ետ է կանչել Բուդապեշտում վերապատրաստման դասընթացների մասնակցող ՀՀ դատախազության աշխատակիցներին:

Բուդապեշտի Միջազգային իրավապահ ակադեմիայում տեղի ունեցող «Թիվ 87 դասընթաց»  ծրագրին մասնակցելու նպատակով դեռևս օգոստոսի 18-ին Բուդապեշտ են մեկնել դատախազության 3 աշխատակիցներ, ովքեր մինչև հոկտեմբերի 11-ը պետք է ուսումնառություն անցնեին նշված ակադեմիայում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ընդհատվել է   դատախազների մասնակցությունը նշված ծրագրին,  և սեպտեմբերի 4-ին նրանք կվերադառնան Երևան:

Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության արտոնմամբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թ. փետրվարի 19-ին ձերբակալված և 2006 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը, որին անմիջապես հաջորդել է Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին  ներում շնորհելը, ոչ միայն առաջացրել է վրդովմունք և ցասում, այլ նաև` մտահոգություն՝ դասընթացներին հայազգի մասնակիցների անվտանգության համար:

Էթնիկ հողի վրա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին՝ Բուդապեշտում դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելը ձևավորում է այսօրինակ հանցագործությունների համար անպատժելիության մթնոլորտ, ստեղծում  պարարտ հող` դրանց կրկնության համար: Նման պայմաններում ՀՀ դատախազությունն անհնարին է համարում իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին:

ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու  մասին  ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:

Դիտվել է 567 անգամ:
Print Friendly

Leave a Reply