Լրացավ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի 6-րդ տարեդարձը,լուսանկարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 1, 2012 22:50


Օգոստոսի 31-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում իսկական տոն էր. ՆԱՄ Շուշիի կենտրոնը նշում էր իր 6-ամյակը:
Տոնի առթիվ միջոցառում էր կազմակերպվել. այն յուրահատուկ մի էքսկուրսիա էր կենտրոնում գործող դասարաններով:
Տոնական միջոցառմանը մասնակցեցին ՆԱՄ Շուշիի կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտարվեստի, պարի, երգի, հեքիաթասացի, անգլերեն լեզվի և թատերական դասարանների սաներն իրենց աշխատանքներով:
Տոնական միջոցառումը սկսվեց Տեր Մեսրոպի օրհնությամբ: Վերջում ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր կենտրոնում կազմակերպվող ամառային միջոցառումների ընթացքի մասին: Այնուհետև կազմակերպվեց հյուրասիրություն կենտրոնի սաների և բոլոր հյուրերի համար:
Կենտրոնի 6-րդ տարեդարձը շնորհավորելու էին եկել նաև Տողի արվեստի դպրոցը և Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին կենտրոն հաճախող սաներն ու նրանց ծնողները, ում համար ՆԱՄ-ը հոգեւոր տուն է դարձել:
Հյուրերի շարքում էին Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Խաչատրյանը, Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը:
Տանտիրոջ իրավունքով հյուրերին ողջունեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Կենտրոնի տարեդարձը շնորհավորեց Շուշիի քաղաքապետի տեղակալ Յուրի Ավանեսյանը` նշելով, որ ՆԱՄ Շուշիի կենտրոնը իր հայրենկանվեր առաքելությամբ յուրահատուկ տեղ է զբաղեցնում քաղաքի և, առհասարակ, երկրի մշակութային կյանքում:
Ներկաները բոլորն էլ համակարծիք էին, որ կենտրոնի 6-ամյա գործունեության ընթացքում այն մեծ ներդրում է ունեցել Շուշիի կրթական-մշակութային կյանքում, եւ որ այսօր այս կենտրոնի շնորհիվ բազմաթիվ երեխաներ կարողանում են կրթություն ստանալ` կերտելով վաղվա Շուշիի լուսավոր ապագան:

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply