Աննա Խաչատրյանը «դաժան» տեսարանով հատում է պահպանողական հանդիսատեսի ճաշակի սահմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 16, 2010 15:23

Աննա Խաչատրյանը կովի պտուկները երկրորդ անգամ է պոկում ու երկու անգամ էլ նրա ձեռքերը «արյունոտվում» են: Այդ տեսարանը վերջերս նրա ներկայացրած «Տարան-տարան» երգի նոր տեսահոլովակում է, որը գյուղական կյանքի մասին է, ուր նորահարս հերոսուհին, որի դերակատարը հենց ինքը երգչուհին է, եփել-թափել, կով կթել, լավաշ թխել չգիտի: Ամուսնու դերակատարը Արսեն Գրիգորյանն է` Ասոն, ինչպես Աննան է ասում. «Բազում Արսեն Գրիգորյաններից իր համար ամենակարեւորը»: Երգի բառերը Սրբուհի Ստամբոլցյանինն է, երաժշտությունը` Դավիթ Հովհաննիսյանինը, տեսահոլովակի ռեժիսորն է Վահան Մարգարյանը: Առաջին տարբերակը նկարահանվել էր 2008-ին ու համակարգչի անսարքության պատճառով ջնջվել: Երգչուհին պատմում է, որ շատ էր վհատվել, երբ իմացել էր. «Սակայն ինչ կարող էի անել, մարդ չէր մեղավորը, գնայի համակարգչի հետ կռիվ անեի՞: Ինձ այն ժամանակ շատ էր դուր եկել մեր արած աշխատանքը, եւ, փաստորեն մոտ մեկ տարի անց նույն տեսահոլովակը նորից նկարեցինք»: Իսկ աշխատակազմը նույն կլիպի համար երկրորդ անգամ էլ է վճարվել:

Տեսահոլովակի երգիծական դաժանությունը ոչ միանշանակ է ընդունվել:

«էս վերջին կլիպը ոնց ասեմ որ ճիշտ լինի` անշնորհքություն ա,- ասում է տաքսու վարորդ 63 -ամյա Սամսոն Մինասյանը, որի վրա ազդել է պտուկներ պոկելու տեարանը, – Բայց երգչուհին Էրեւում ա ընտանիքում մեծացած ա, ընտանիքի աղջիկ ա, ձենն էլ մյուսների նման ծնգլ-վնգլ ծվծվան չի, լավ ձայն ունի»:

Իսկ խանութի վաճառողուհի Անժիկ Սարգսյանն էլ ընդհակառակը ,շատ է հավանում տեսահոլովակը. «Շատ հումորային, ծիծաղաշարժ, հավեսին, ուրախ կլիպ ա, թե չէ հոգնել ենք լաց ու կոծից: Անընդհատ մեկը մեռնում ա, մյուսը լացում ա, մեկին սպանում են, իսկ էս կլիպում նման բաներ չկան»:
Աննան պատմում է, որ ինքը շատ ուշադիր է քննադատությունների հանդեպ. «Ես ունեմ մտերիմներ, ովքեր կարող են ճիշտ, ռեալ քննադատել իմ արածը ու դա շատ եմ կարեւորում: Իմ համար կարեւոր չեն այն գովեստները, որ ասվում են, որ ինքս ինձ լավ զգամ»:

Սովորել է նախկին Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, ավարտել է Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվաբանական համալսարանի անգլերեն-իսպաներեն բաժինը:

Աննան սկսել է երգել փոքր հասակից, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների է մասնակցել, որոնցից տուն է վերադարձել միշտ հաղթանակած: Առաջին միջազգային «Զոլոտոյ դիսկ» մրցույթին մասնակցել է ու շահել «գրան պրի», երբ եղել է առաջին կուրսի ուսանողուհի: Իր մասնագիտությամբ երբեք չի զբաղվել:

Երգչուհու բջջային հեռախոսի էկրանին Նավասարդ սրբազանի լուսանկարն է, ում շատ է սիրում եւ հարգում:
Երգչուհին աշխատում է «Բելաջիո» ռեստորանային համալիրում, որտեղ էլ դիմավորել է 2010 թիվը:

-Ինչի՞ մասին ես երգում:

-Սիրո: Ուրիշ այլ բանի մասին չեմ կարող երգել: Երաժշտության հիմքը հենց սերն է: Պարտադիր չի որ դա լինի կնոջ զգացմունք դեպի տղամարդը:

-Իսկ անձնական կյանքում սեր կա՞:

-Իհարկե կա: Ոչ մի նորմալ կին չկա աշխարհի երեսին որ չիմանա դա ինչ է: Եթե շատ փոքր հասակում չես ամուսնանում, ժամանակ առ ժամանակ ինչ որ մեկով տարվում ես, ինչ որ մեկը դուրդ գալիս է: Կա, հիմա էլ կա:

-Երգերիդ մեջ կա՞ այնպիսի նախադասություն, կամ միտք, որը շատ է քեզ հարազատ, շատ է քոնը: Որ սիրում ես մտքումդ կրկնել:

-Ես իմ երգերի տեքստերը շատ եմ սիրում: Հանգ լրացնող բառակույտեր իմ երգերում չի լինում: Միշտ աշխատում եմ, որ իմաստ լինի, որ շարահյուսությունը ճիշտ լինի, որ պարզ ու հասկանալի լինի տեքստը: «Քեզ Երեւան» երգի մեջ, որի տեքստի հեղինակը Նուշիկ Միքայելյանն է, կա մի նախադասություն` «Համբուրեն քեզ աչքերս», որ քաղաքին է վերաբերում: Ինձ համար շատ ջերմություն, յուրահատուկ վերաբերմունք կա այս բառերում:

-Սիրում ես Երեւանը:

-Սիրում եմ:

-Ոչ շա՞տ:

-Սիրում եմ:

-Դէ, լավ հարցս էսպես տամ` ի՞նչը կուզեիր փոխվեր մեր քաղաքում:

-Մեր քաղաքում… էնքան բան կուզեի: Ցավոք լիքը բան փոխվել է մեր քաղաքում, ցավոք դեպի վատը: Օրինակ հին Երեւանը չկա: Մարդիկ էլ են փոխվել: Հին կադրերը որ նայում եմ մեր քաղաքի, Աստաֆյան փողոցը որ հիմա Աբովյանն է, երեւի էտ միակ փողոցն է որ ձեռք չեն տվել, ներքեւի մի փոքրիկ հատվածը շատ եմ սիրում, իսկական Երեւանի շունչն ունի:

-Աջից արդեն բարձրահարկ շենքեր կան, իսկ դիմացի մայթի հին շենքերն էլ քանդում են:

-Ճիշտ է: Ցավալի է, շատ: Հին ու սիրուն շենքերի փոխարեն ինչ-որ անշուք, միանման կառոբկաների նման բաներ են կառուցում: Քաղաքի կոլորիտը կորում է: Երբ արտասահմանում տեսնում եմ էնտեղի մաքրությունը, վերաբերմունքը իրենց քաղաքին… մի խոսքով` մեր քաղաքը չեն սիրում:

-Ինչի՞ այս բառերը երգի չես վերածում: Որպես երգչուհի քեզ տրված ա հնարավորություն մարդկանց հետ խոսելու, մարդկանց մտածելակերպը փոխելու:

-Դա շատ դժվար է, ես մենակ չեմ կարող դա անել: Կարծում եմ, որ տասնամյակներ են հարկավոր դրա համար, որ երգի միջոցով ինչ-որ մեկին ինչ-որ բան հասցնես:

-Քո մանկությունից կպատմե՞ս:

-Ես աշխարհի ամենաանկարգ ու ամենավայրենի երեխան եմ եղել: Իմ մանկությունը ծառերի վրա է անցել: Պետական տանն ենք ապրել, բայց շատ մեծ ու սիրուն բակ ունեինք, շատ լիքը ծառերով, ոնց-որ անտառ լիներ: Ծառերը մեծացան, ծերացան, չորացան ու էդպես:

-Ու նոր ծառեր տնկող չգտնվեց:

-Գտնվեց: Տարիներ անց մամաս որոշեց, որ ինքը մեր բակի այգեպանն է ու պիտի հին անտառը վերականգնի: Գնաց, պայմանավորվեց, մոտ 10-15 ծառ բերեց տնկեց, ամեն Աստծո օր ջրում էր ծառերը: Հարեւաններից ոչ մեկի մտքով չանցավ, որ կարելի է օգնել ջրելու հարցում: Անցավ որոշ ժամանակ, ծառերը մի քիչ մեծացել էին, ծաղկել, մեկ էլ տեսնեմ մի լակոտ քոքահան է անում ծառը, ինքս ինձ զսպեցի, մեկ էլ տեսնեմ, մյուս ծառի ճուղերից կախվեց ջարդեց, հաջորդի բողբոջներն է պոկում-գցում: Էլ չդիմացա, գլուխս պատուհանից դուրս հանեցի ու սկսեցի գոռալ: Վերջում պարզվեց, որ ես անշնորհք մարդ եմ, որ ես ինձ թույլ եմ տալիս գորգոռալ երեխու վրա, որ ասում եմ «կիջնեմ, կսատկացնեմ քեզ»: Երեխայի մաման ու պապան եկան մեր տուն կռիվ: Մի քանի անգամ էլ ուրիշ անշնորհք երեխեքի հետ կռիվ եղավ: Մի խոսքով խեղճ մամայիս տնկած ծառերը ջարդուփշուր արեցին: Էլ չեմ ասում, որ մարդիկ ծուլանում են երկու քայլ ավել անեն ու աղբը թափում են ուր պատահի:

-Ի՞նչ ես անելու քսան տարի հետո:

-Նույն բանը: Ինձնից հեշտ չեք պրծնի: Մի երազեք: Ես չեմ կարող չերգել: Իհարկե եթե էդպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն իմ կյանքում, որ ես հոժարակամ հրաժարվեմ հանուն ինչ-որ մեկի:

-Իմիջայլոց շոու բիզնեսում վերջերս նորաձեւ է հղիանալը:

-Չէ, իմ պլաններում երեխա դեռ չկա: Ես էդ մոդայով չեմ հետաքրքրվում: Պլաններս ուրիշ են, դեռ: Իմ տեսահոլովակներն ու երգերն են հիմա իմ երեխաները:

Դիտվել է 2121 անգամ:
Print Friendly

Leave a Reply