Իրավաբան. Ամբողջ պատասխանատվությունը Հունգարիայի վրա է
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 1, 2012 19:38
Ցավում եմ, որ իմ անհանգստությունն ավելի տեղին էր, քան մեր մինչև անգամ հմուտ իրավաբանի անհանգստությունը: Հայկական կողմին հասցված է վիրավորանք, ափսոսում եմ, որ Հունգարիայի նման երկիրը, որ մեզ նման երկրների համար Եվրաինտեգրման ճանապարհին դիտարկվում էր կամուրջ, այդպիսի քայլի դիմեց: Այսօր հրավիրած ասուլիսում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Լ. Ալավերդյանը նախընտրեց խոսել այն մասին, թե ինչ պետք է անի մեկ օրում նոր քաղաքական իրավիճակում հայտնված Հայաստանը:
«Մենք պետք է գործողությունների ծրագիր ունենանք: Պետք է մտածել՝ արդյոք հայկական կողմն այսօր չունի՞ նոր պարտավորություններ, արդյոք մենք պարտավո՞ր չենք կանգնեցնել կացնային այս քաղաքականությունը»,- նշեց Լ. Ալավերդյանը՝ միաժամանակ մերժելով հայկական մամուլում հայտնված այն գնահատականները, թե Հունգարիան կամ Ադրբեջանը լիարժեք իրավունք ունեին նման քայլի դիմելու, քանի որ միջազգային նորմերը թույլ են տալիս դա անել:
«Չի կարելի վերցնել մի կոնվենցիայի մի հոդված և նման հեռուն գնացող եզրակացություն անել»,- նշեց Լ. Ալավերդյանը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Նահապետյանի կարծիքով՝ կատարվածը ներկայացվում է որպես միջազգային համագործակցություն: Իսկ որպես իրավական հիմք հունգարական կողմը վկայակոչել է 1983 թ. Ստրասբուրգի կոնվենցիան:
«Հնչել են կարծիքներ, թե այդ կոնվենցիան հենց դատապարտյալներին փոխանցելու համար է, որպեսզի նրանք իրենց պատիժը կրեն սեփական երկրում: Կոնվենցիան նախատեսում է, որ Ադրբեջանը պետք է ներկայացներ այն ընթացքները, որոնք պետք է կիրառվեին հետագայում պատիժը կրելու առումով: Առավել քան միամիտ պետք է լինել չհասկանալու համար, որ Հունգարիան գիտեր, որ Ադրբեջանը ներում է շնորհելու»,- նշեց Տ. Նահապետյանը:
Ըստ իրավաբանի՝ ամբողջ պատասխանատվությունը հունգարական կողմի վրա է այն առումով, որ նա գիտեր կամ առնվազն պետք է իմանար, որ փոխանցումը չի ծառայելու արդարության նպատակներին:
«Այսպիսի գործընթաց հնարավոր չէր իրականացնել մարդասիրական նկատառումներից ելնելով: Այս ամենը փաստում է, որ երկու կողմերն էլ արհամարհական կեցվածք են դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ»,- եզրափակեց իրավաբանը:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
