ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ. հայերը տեղեկացնում են, ադրբեջանցիները` վրեժի կոչում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2010 12:55

18-ամյա Աննան ասում է, որ ադրբեջանցիները տեղյակ չեն իրական պատմական փաստերից և իրադարձություններից, սակայն ձգտում են զրուցակցին ամեն կերպ համոզել իրենց իրավացիության մեջ

18-ամյա Աննան պատմում է, որ դպրոցական տարիքում հաճախ էր բանավիճում ադրբեջանցի հասակակիցների հետ: «Ես նրանց հատուկ չէի գտնում, հանկարծակի սկսում էին գրել` փորձելով ապացուցել, որ 1915-ի ցեղասպանությունը հորինված է, որ 1988-90-ականներին հայերն են կոտորել ադրբեջանցիներին, նրանց բարեկամությանը պատասխանել ապերախտությամբ և այլն: Ես էլ, բնականաբար, ուզում էի հակադարձել` հաստատ գիտեի, որ նրանց ամեն մի խոսքը զառանցանք է: Դպրոցի դասագրքի թվային փաստերը, սակայն, ադրբեջանցիներին ինչ-որ բանում համոզելու համար բավական չէին, փորձում էի ուրիշ աղբյուրներ գտնել, փաստացի տվյալներ, որ ապացուցեի  իմ իրավացիությունը»,-  պատմում է Աննան:

Նա ասում է, որ բոլոր ադրբեջանցիները, որոնց հետ վիրտուալ շփում է ունեցել, հայերի նկատմամբ բացասաբար են տրամադրված. «Ես ներկայացնում եմ այն, ինչ մեր դասագրքերում է, նրանք այն, ինչ իրենց դասագրքերում է: Բոլորովին իրար հակասող փաստեր ու ընկալում»:

Կրթության ու գիտության նախարարության(ԿԳՆ) որոշմամբ այս տարվա հունվարի 13-19-ն ընկած  ժամանակահատվածում Բաքվի ջարդերին նվիրված բաց դաս է կազմակերպվել հանրակրթական դպրոցի 9-11-րդ դասարաններում:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ   Բաքվի ջարդերին նվիրված բաց դասի կազմակերպումը պայմանավորված էր ողբերգական իրադարձությունների 20-ամյակով: Նրա խոսքով` բացառված չէ, որ հետագայում էլ այս ֆորմատով դասեր կկազմակերպվեն:

«Դասի նպատակն է ծանոթությունը տարածաշրջանի նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի հետ: 1990թ. Բաքվում տեղի ունեցած հունվարյան իրադարձությունների մասին ճշմարտությունն ասելը, բայց ոչ ատելության և թշնամանքի զգացումներ հրահրելը, որպեսզի մնանք այն բարձունքում, որ ցուցադրեց հայ ժողովուրդը թե՛ այդ, թե՛ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած սոսկալի հաշվեհարդարի այլ օրերին, երբ հայ ժողովրդի պատմական հիշողությունը ստիպեց վերհիշել 20-րդ դարասկզբի Եղեռնը»,- ասված է ԿԳՆ տարածած հաղորդագրությունում:

Բաց դասի ծրագրով աշակերտներին է ներկայացվում Բաքվի ստեղծման համառոտ պատմությունը և հայերի դերակատարությունն այդ գործում: Պատկերն ամբողջական դարձնելու համար ներկայացվում են 19-րդ դարի կեսերի և 20-րդ դարի սկզբի վիճակագրական տվյալներ, ըստ որոնց  նավթահանող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական, նավթի 55 տոկոսն արդյունահանել և վերամշակել են հայկական ընկերություններ, 1-ին հանրային գրադարանը, տպարանը, մասնավոր բանկերը հիմնել են հայերը:

Անդրադարձ է կատարվում նաև 1905, 1918 և 1990 թվականներին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին:

Ներկայացվում  է խորհրդային տարիներին Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունը, դրա դրսևորումները, ինչպես նաև Արցախի հայաթափման ծրագիրը:

«Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան իրենց երկրի ու ժողովրդի պատմությունը: Պատմությունը միշտ կրկնվում է և պետք է անցյալը հիշել` ապագայի սխալներից խուսափելու համար»,- ասում է 1990-ի Բաքվի ջարդերը տեսած և հրաշքով փրկված Ստելլա Ղուկասովան:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի պատմության ուսուցչուհի Ադելինա Զաքարյանն ասում է, որ պատմական ճշմարտության իմացությունը կարևորելով` ամեն տարի հատուկ դասաժամ է նվիրում Ադրբեջանում տեղի ունեցող ողբերգություններին. «Միշտ աշակերտներին հանձնարարում եմ լրացուցիչ նյութեր հավաքել, օգտվել հասանելի գիտական գրականությունից: Դասի ժամին աշակերտները զեկույցի տեսքով ներկայացնում են իրենց հավաքած լրացուցիչ ինֆորմացիան` դրան հասու դարձնելով նաև իրենց մյուս համադասարանցիներին»:

Պատկեր Ադրբեջանի նախագահական գրադարանի կայքից. լուսանկարներում իբրև թե պատկերված են 1990-ի հունվարին տեղի ունեցած ադրբեջանցիների «ջարդերը»

«Հայերս գիտենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել Բաքվում և Սումգայիթում, սակայն ադրբեջանցիներն այսօր ողջ աշխարհին փորձում են համոզել, որ կոտորել են ոչ  թե իրենք, այլ` իրենց,- ասում է 14-ամյա Սմբատ Անթառանյանը:-Պետք է ամեն մի հայ  իմանա իրականությունը, որպեսզի կարողանա օտարներին էլ ներկայացնել ճշմարիտ պատմություն»:

15-ամյա Էդգար Շահումյանն էլ ասում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունն ուսումնասիրելիս բարկանում է միայն այն բանի համար, որ ադրբեջանցիների վայրագություններին հայերը պատասխանել են քաղաքակիրթ ձևով. «Ադրբեջանցիները հայերին կոտորել են, թալանել, իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները շատ հանգիստ կարողացել են հեռանալ Հայաստանից` ունեցվածքի մի մասն էլ իրենց հետ տանելով»:

Եթե հայկական կողմը նպատակ ունի երիտասարդ սերնդին միայն տեղեկացնել անցած դարավերջին Բաքվում տեղի ունեցած վայրագությունների և ջարդերի մասին, ապա ադրբեջանական կողմն ակտիվորեն խեղաթյուրում է պատմությունը և կեղծ պատմական փաստերով դաստիարակում ադրբեջանցի  երիտասարդներին: Ադրբեջանի նախագահական գրադարանի էլեկտրոնային պաշարներում /http://www.preslib.az//բազմաթիվ են նյութերը, որտեղ ներկայացվում է «արյունոտ» հունվարի 20-ի դեպքերը: Ադրբեջանական կողմը նշում է, որ Բաքվում  հայերի հետ բախումներ է հրահրել ԽՍՀՄ ազգային անվտանգության ծառայությունը` Բաքու զորք մտցնելու պատրվակ ունենալու համար: Ադրբեջանում  հունվարի 20-ը համարվում է սգո օր: Ըստ նախագահական գրադարանում առկա նյութերի տվյալների`Բաքվում արտակարգ դրություն հայտարարելուց հետո զոհվել է 147 ադրբեջանցի, որոնք հուղարկավորված են Շեհիդների ծառուղում (Այստեղ են նաև հուղարկավորված ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիները):

Ադրբեջանական կողմը կեղծում է ոչ միայն Բաքվի դեպքերը, այլև բազմաթիվ այլ պատմական իրադարձություններ:  Նույն նախագահական գրադարանի էլեկտրոնային պաշարներում նշվում է, որ հայերը ադրբեջանցիներին վտարել են իրենց պատմական հայրենիքից` մատնանշելով Հայաստանի ներկայիս տարածքը:

Ադրբեջանցիները կուտակել են մեծածավալ հակահայկական էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք կիրառվում են ոչ միայն ադրբեջանական դպրոցներում, այլ նաև հասանելի են ողջ միջազգային հանրությանը:

«Աճեցնում են հակահայկականությամբ տառապող սերունդ: Օրինակ, ես ադրբեջանական դոկումենտալ ֆիլմ եմ տեսել, որտեղ մոտ տասը տարեկան երեխան պատմում է, թե ոնց են հայերը կոտորել իրենց նախնիներին և ասում է, որ մեծանա` հայերից վրեժ կլուծի»,-ասում է տեղեկատվական պատերազմների ոլորտի մասնագետ Վահրամ Միրաքյանը:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply