Գուրգեն Մարգարյանի արյանը վրեժը չի բացառվում. Հայկ Մակուչյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 1, 2012 15:23


Ներկայումս ես ակտիվ խորհրդակցություններ եմ ունենում իրավաբանների հետ և ուսումնասիրում եմ բոլոր միջոցները, որպեսզի կարողանամ հայտ ներկայացնել և պաշտպանել իմ շահերը: Հայտը կլինի թե Հունգարիայի կառավարությանը, թե Ադրբեջանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի հետ դասընթացների մեկնած, նրա ընկեր Հայկ Մակուչյանը, ով, Մարգարյանին դաժանորեն կացնահարած թուրք ոճրագործ Ռամիլ Սաֆարովի դատավարությանը ճանաչվել էր տուժող կողմ:
“Մինչ երեկ, այսինքն` մինչ հանցագործի ազատ արձակվելը, նա գտնվում էր բանտում և օրինական կերպով կրում էր իր պատիժը: Նրան ազատ արձակվելով իմ արդարության իրավունքը չի իրագործվում մինչև վերջ, և ես այլ ելք չունեմ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ շահերը պաշտպանելու”,-ասաց Հայկը` հույս հայտնելով, որ մեր պետությունը ևս կաջակցի իրեն այս գործում:
Ըստ բանախոսի` Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանական իշխանություններին տեղի է ունեցել միմիայն քաղաքական որոշման հիման վրա:
Մակուչյանը հայտնեց, որ Հունգարիայի կառավարությունը բոլոր մակարդակներով վստահեցրել էր, որ նման քայլ չի լինի, սակայն այսօր, Եվրոպայի կենտրոնում` Հունգարիան ցույց տվեց, որ Եվրոպայի կենտրոնում` Հունգարիայում կարելի է հանգիստ մարդ սպանել, եթե քո երկիրն է ուղարկել քեզ այդ գործողությունը իրականացնելու համար. “Մենք կասկած անգամ չունեինք, որ էքստրադիցիայի դեպքում Ռամիլ Սաֆարովը չի կրելու իր պատիժը: Եթե մի թույլ հույս կար, որ կարող է ձևական նրան պահել բանտում, բայց արքայական պայմաններ ստեղծել դա էլ չեղավ, և Ադրբեջանական ղեկավարությունը ցինիզմը գերազանցեց”:
Անդրադառնալով այն հարցին, թե Հունգարիայի այս քայլից հետո արդյոք հնարավոր է նաև թեհլերյանական տարբերակով արյան վրեժի լուծում, Հայկ Մակուչյանն ասաց. “Ոչ մի բան չես կարող բացառել, քանի որ, եթե այդպես շարունակվի, շատ մարդիկ արդեն ուրիշ ճանապարհ կբռնեն: Չէինք ուզենա, որ այդպես լիներ: Ոչ ոք չի ցանկանում, որ ինքնադատաստան լինի, բայց չի կարելի ճանապարհներ բացել այդ քայլերի համար: Եթե մարդը կատարել է որևէ արարք, ապա պետք է պատժվի կամ պահանջներ դնի Ադրբեջանի ղեկավարության առջև, բայց այստեղ արդարության իրավունքը ամբողջությամբ խախտվել է”:
Մուկուչյանը նշեց նաև, որ այս քայլով, փաստորեն, Հունգարիան ևս դառնում է հանցակից:
Վահե Մակարյան

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply