Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցում աշակերտները երդվեցին անաղարտ պահել հայոց լեզուն, լուսանկարներ
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | ankakh | September 1, 2012 15:26
Կրկին սեպտեմբերի մեկն է` Գիտելիքի օրը: Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններում տոնական եռուզեռ է: Դպրոցականներին, մանկավարժներին, ուսանողներին, կրթության բնագավառի ներկայացուցիչներին ու ծնողներին արդեն շնորհավորական ուղերձներ են հղել Հանրապետության նախագահը, Կրթության և գիտության նախարարը, Երևանի քաղաքապետը` մաղթելով նոր լիցքեր, եռանդ ու նորանոր հաջողություններ:
Աջափնյակ վարչական շրջանի թիվ 153 հիմնական դպրոցում այս տարի Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկը կրկնակի տոնական էր. դպրոցականները մուտք էին գործում ոչ թե սովորական ուսումնական հաստատություն, այլ մեծ հայագետ, մատենագետ, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանի անունը կրող դպրոց: Ուսուցչի ավանդական երդման արարողությանն այստեղ ավելացել էր ևս մեկը` աշակերտի երդումը. «Սովորելով Ռաֆայել Իշխանյանի անվան 153 դպրոցում` երդվո´ւմ եմ անաղարտ պահել հայոց լեզուն, երդվո´ւմ եմ հայոց պատմության հաղթական էջերի կրողը դառնալ, երդվո´ւմ եմ գիտակցել մեր պատմական հայրենիքի կորստյան պատճառները և կրել պատասխանատվություն, երդվո´ւմ եմ հետևել Ռաֆայել Իշխանյանի պատգամներին»:
Միջոցառմանը դպրոցականներին, ծնողներին ու հյուրերին շնորհավորեցին նաև ազգագրական պարով, երգով, հնչեցին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:
Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում նշեց. «Այս սեպտեմբերին ես երկյուղածորեն եմ շնորհավորում եմ բոլորիդ և իմ սիրելի ուսուցչին` Ռաֆայել Իշխանյանին: Այսուհետ պետք է գիտակցեք, որ ոտք եք դնելու միանգամայն այլ բովանդակություն ունեցող դպրոց: Մեր առարկայախմբում հայագիտությանը բնորոշ առարկաներ են ավելացել, և մեր ուսումնական գործընթացը կառուցելու ենք այդ առարկաների հանդեպ ունեցած մեծ հարգանքի և մեծ պատասխանատվության ներքո»:
Առանձնակի ջերմ ընդունելության արժանացան առաջին անգամ դպրոցական պայուսակներով ու ծաղկեփնջերով, մի քիչ էլ հուզված ու շփոթված`
դպրոցի շեմին կանգնած առաջինդասարանցիները: Նրանցից երկուսը` Սաֆին ու Մանանան, ասացին, որ ուրախությամբ են դպրոց եկել` չնայած գիտեն, որ այսուհետ պետք է շատ ժամանակ տրամադրեն դաս սովորելուն. «Ոչինչ, պետք է լավ սովորեմ, գերազանցիկ լինեմ, որ խելացի դառնամ»,-ասաց Մանանան:
Այնուհետև հնչեց առաջին զանգը, մեծ ոսկե բանալիով բացվեց խորհրդանշական կողպեքը, երկինք սավառնեցին խաղաղության խորհրդանիշ աղավնիները, և աշակերտները մուտք գործեցին դպրոց` Ռաֆայել Իշխանյանի այս խոսքերով զարդարված շքամուտքով. «Հայը գոյություն ունի միայն Հայոց լեզվով, հայ դպրոցով»:
Դպրոցի մեծ դահլիճում տոնական միջոցառումը շարունակվեց ավանդական մրցանակաբաշխությամբ. պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախորդ ուսումնական տարվա ընթացքում դպրոցական միջոցառումների, օլիմպիադաների և ուսման ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները: Նրանց թիվը բավականին մեծ էր, սակայն տնօրենի ցանկություն այն էր, որ հաջորդ սեպտեմբերի 1-ից պատվոգրերի արժանացած աշակարտներն ավելի ու ավելի շատանան` արժանի լինելով դպրոցի անվանը:
Սեպտեմբերի 1-ը` Երևանի Ռ.Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցում
Սեպտեմբերի 1-ը` երևանյան դպրոցներում






Facebook
Tweet This
Email This Post
