Առաջիկա օրերին կնշանակվեն նոր փոխնախարարներ և փոխմարզպետներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2012 14:35

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` փոխնախարարներ կնշանակվեն արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարություններում, իսկ փոխմարզպետներ` Լոռիում, Արագածոտնում և այլն:

«Օրինաց երկիր» կուսակցությանը կտրվի 4-5 փոխնախարարի և փոխմարզպետի պաշտոն, մնացածները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ, հնարավոր է նաև` անկուսակցականներ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելուց հետո այդ կուսակցության անդամ հանդիսացող փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարվել են իրենց պաշտոններից:

Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին:

Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:

Հայտարարությունը ստորագրել էին ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը և Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply