Ընդդիմությունը կրկին դեմ. կառավարությունը նոր հարկերով կուժեղացնի՞ տեղական մարմինների դիրքերը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 16, 2010 11:18

Հարություն Խաչատրյան. «Երբ ասում են երկիրս` երկիր չէ, դա հենց արդյունք է այն բանի, որ քաղաքացին, գյուղացին չի զգում, որ ինքն իր համայնքում որևէ իրավասություններ ունի»

Կառավարությունն առաջարկում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ, որոնցից պարտադիր կհամարվեն հողի հարկը և գույքահարկը: Սրանք նախկինում եղել են: Բացի այս երկուսից նախատեսվում է սահմանել 8 նոր հարկատեսակ:

Այդ հարկատեսակներն են. հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության(կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի), գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի , կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու, տրանսպորտային միջոցների կայանատեղի, հանրային տարածքների զբաղեցման հարկեր:

Անցած շաբաթ ԱԺ օրակարգում գտնվող «Հարկերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել ու քննադատվում է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կողմից:

Օրենքն ընդունվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց ցանկությամբ և ընտրությամբ կարող են այդ ցանկից որոշակի հարկատեսակներ մտցնել տվյալ համայնք՝ լրացնելու համար տեղական բյուջեն։

Տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ օրենքն անկատար է ու լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն պատճառով, որ հետապնդում է սեփականության վերաբաշխման նպատակ. «Այս իշխանությունների գործելաոճը տանում է դեպի գերկենտրոնացված մոդելի կառուցմանը»:

Օրինագիծը ԱԺ ներկայացնող Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ հետագայում յուրաքանչյուր հարկատեսակի վերաբերյալ կառաջարկվեն համապատասխան օրինագծեր, որոնք ցանկության դեպքում իր համայնքում կներդնի ՏԻՄ-ը:

Իսկ ինչքանո՞վ է ճիշտ բացասաբար գնահատել այդ փաթեթը, երբ հարկատեսակների համար դեռևս օրենքներ չկան և հայտնի չի, թե ինչ չափով է սահմանվելու առավելագույն դրույքաչափը:

Թևանյանն ասում է, որ իր գնահատականը բխում է կառավարման ընդհանուր մեխանիզմի տրաբանությունից. «Հայաստանի օրենքներում դիտվում է դրա փիլիսոփայությունը»:
Իսկ տնտեսական վերլուծաբան Հարություն Խաչատրյանը կարծում է, որ այս օրենքի ընդունումը ոչ միայն ճիշտ է, այլև պետք էր, որ ավելի վաղուց ընդունվեր:

«Պետության կառավարումը ճիշտ է, երբ այն իրականացվում է ներքևից վերև,- ասում է Խաչատրյանը,- համայնքն իր ուեցվածքի տերն ու տիրականը պետք է լինի: Մինչև հիմա բուրգը գլխի վրա է կանգնած, այսինքն` համայնքները կախված են կառավարությունից, մինչդեռ պիտի լինի հակառակը: Այսօր տարածված այն ընկալումը, որ մարդիկ ասում են, թե երկիրս` երկիր չէ, դա հենց արդյունք է այն բանի, որ քաղաքացին, գյուղացին չի զգում, որ ինքն իր համայնքում որևէ իրավասություններ ունի: Նա մտածում է, որ իր փոխարեն ամեն ինչ վերևներում է որոշվում»:

Արմեն Մարտիրոսյան. «Այս օրինագիծը կնպաստի ֆեոդալների ու ֆեոդալիկների առաջացմանը»

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է տեղական մարմինների ուժեղացմանը ու ինքնուրույնությանը: Ինչպես ԱԺ քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն ասաց` այս օրենքը նպաստում է ֆեոդալների ու ֆեոդալիկների առաջացմանը: «Եթե հիշենք. 2 տարի առաջ օրենք ընդունվեց, որը ՏԻՄ ղեկավարին ցմահ վերընտրվելու իրավասություն է տալիս,- ասում է նա,- այս օրինագիծը հնարավորություն կտա, որ նրանք իրենց տեղում ամրապնդվեն, ու դա կբերի սեփականության նոր վերաբաշխման: Ես կարծում եմ, որ կառավարությունը հետ պետք է վերցնի այս օրինագիծը»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ երկար տարիներ ուսումնասիրել է այս ոլորտում շվեյցարական փորձը, որտեղ գործում է ՏԻՄ ինքնակառավարման հզոր մեխանիզմ: «Ու այս նախագիծը տեղին է կիրառել շվեյցարական իրողության դեպքում,- ասաց նա,- ես ևս կարծում եմ, որ կառավարությունը հետ պետք է վերցնի օրինագիծը»:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ օրենքն ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը և թուլացնում` բարեխիղճներին. «Որովհետև, մասնավորապես, հարկ վճարողի կողմից հարկը ժամանակին չտալու դեպքում սեփականության իրավունքից զրկելու հայցով ՏԻՄ-ը կարող է մտնել դատարան: Իսկ սա էական վտանգ է ներկայացնում հատկապես այն համայնքներում, որտեղ քաղաքացիները իսկապես չունեն եկամուտների մեծ հոսքեր»:

«Այս օրինագիծը 2008թվականից քննարկվում է, իսկ լրամշակված տարբերակը ներկայացվել է 2009թ. հոկտեմբերին,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,- ու խնդիրն այստեղ այն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այստեղ հորդորում են կառավարությանը հետ վերցնել օրինագիծը, մասնակցել են բոլոր այդ լսումներին ու ոչինչ չեն ասել, իսկ այժմ ուզում են ձեռի հետ ժողովրդավար երևալ»:

Սահակյանը խորհուրդ տվեց բոլորին` անգիտությունից անցնել տեղեկացված լինելուն. «ամբողջ հեռուստաեթերը ողողված է, որ իբր կառավարությունը հարկային բեռը բարձրացնում է, մինչդեռ ոչ մի հարկի բարձրացում էլ չկա: Բացի պարտադիր երկու հարկից` մնացածը ՏԻՄ-ի գործն է: Իսկ ավագանին այնքան էլ հիմար չէ, որ չմտածի գալիք ընտրությունների մասին ու ասի, որ եթե մեքենա ես կանգնեցում` հարկ վճարիր»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ անձամբ դեմ է քվեարկելու օրինագծին: «Սակայն ԱԺ դահլիճում նստած են մարդիկ, ովքեր դեմ լինելով օրինագծին` խոսում են պրեսայի համար, իսկ հետո փիսիկի նման կողմ կքվեարկում,- ասաց նա,- Երբ կառավարությունը օրենքը նախապատրաստում էր. ինչո՞ւ կոալիցիայի ներկայացուցիչ նախարարները դեմ չեն արտահայտվել դրան: Օրինագիծը հետ ուղարկելու փոխարեն ձեր նախարարներին հետ կանչեք»:

Թևանյանն ասում է, որ այս մտքի մեջ, անշուշտ, տրամաբանություն կա, սակայն դա արդյունք է իշխանական ներքին խոհանոցի անահամաձայնության. «ԱԺ նախկին նստաշրջանում էլ Բարգավաճ Հայաստանը` լինելով կոալիցիայի անդամ, դեմ քվեարկեց հարկային տեսուչի մասին փաթեթին: Այսինքն ներսում ամեն ինչ չի, որ հարթ է ընթանում, և հանրությունը հերթական անգամ ականատես է դառնում այդ անհամաձայնությանը»:

Դալլաքյանի կարծիքով, խնդրի լուծումն այն է, որ համայնքին թողնեն եկամտահարկի և շահութահարկի 30 տոկոսը. «Սակայն կառավարությունը դա չի անում»:
Ընտրություններում տեղական մարմինների մասնակցության մասին Հարություն Խաչատրյանն ասում է, որ բոլոր ընտրություններն էլ հենց տեղական են. «Հենց Ամերիկայում է, որ պրեզիդենտ ընտրում է համայնքը, և համայնքի բնակիչը մտածում է, թե որ թեկնածուին ընտրի, որ լավ լինի իր համայքնի կամ իր շրջանի համար»,- ասում է Խաչատրյանը:
2004թ. Հայաստանի ԵՄ ստանձնած պարտականությունների մեջ է մտնում նաև համայնքի արտոնությունների ուժեղացումը:

Խաչատրյանն ասում է, որ բնական է, որ սկզբից դժվար կլինի, մանավանդ որ հարկատեսակների համար դեռ օրենքներ սահմանված չեն. «Սակայն պետք է մի օր սկսել: Իսկ առանձին հարկատեսակների մասին օրենքների ընդունման ժամանակ նորից քննարկումներ կլինեն, մի բանը բացասական կլինի կամ թերություն կունենա, դրա փոխարեն լրամշակված տարբերակ կառաջադրվի և կշտկվի»,- ասում է նա:

Օրինագծի քվեարկումը տեղափոխվել է հաջորդ քառօրյա:

Դիտվել է 1409 անգամ:
Print Friendly

Leave a Reply