Փախստականներն առանց բնակարանի. Երևանի քաղաքապետարանը մերժում է սեփականաշնորհել կացարանները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 18, 2010 12:51

Հայաստանի իշխանությունը մի կողմից դպրոցական ծրագրեր է մշակում աշակերտներին տեղեկացնելու   Բաքվի ջարդերի մասին, մյուս կողմից այդ ջարդերից փրկվածներից շատերին զրկում նորմալ բնակարան ունենալու հնարավորությունից:

51-ամյա Նելլի Աբրահամյանի նորածին թոռնիկը` Ալեքսը հարևանի սենյակում կմնա մինչև 40 օրական դառնալը. «Այս փոքրիկ սենյակում մուտքն ու ելքը շատ է, իսկ նորածնի մոտ մինչև քառասունքը լրանալը օտար մարդիկ չպետք է լինեն»,- բացատրում է Նելլին, հանրակացարանի իրենց նեղլիկ, 15 քմ սենյակում, ուր 5 հոգով են բնակվում:

Նելլի Աբրահամյանն իր ընտանիքի հետ Հայաստան է գաղթել 1990 թ. Բաքվի ջարդերի ժամանակ: Արդեն 20 տարի  ապրում է Շենգավիթի Տարոնցի 5  հանրակացարանի այդ սենյակում: Սկզբում ինքն էր, դուստրը, որդին, հիմա ավելացել են հարսն ու թոռնիկը:

Բաքվի կենտրոնում թողած շքեղ առանձնատան փոխարեն նրանց բաժին ընկած այս կացարանն էլ իրենց չի պատկանում: Մեկ տարի է պայքարում է, որ սենյակը սեփականաշնորհվի, սակայն նրա դիմումը մերժել է քաղաքապետարանը. «Հիմա պայքարում եմ մի սենյակի համար, որի չափ միայն իմ բաղնիքն էր Բաքվում, այն էլ չեն տալիս»,- ասում է Նելլին:

Երկու տարի առաջ դեռ նա հույս ուներ որ պետությունը հաշվի կառնի որ որդին ամուսնացել է ու ավելի լավ բնակարան կստանա, սակայն պետության առաջարկածը ավելի վատն էր քան այն, ուր ապրում են.  «2 տարի առաջ դիմեցի փախստականների հարցերով զբաղվող գործակալություն` խնդրելով հատկացնել  ավելի ընդարձակ բնակարան, քանի որ որդիս ամուսնացել էր և մեր ընտանիքն էլ համալրվել էր:  Սենյակ առաջարկեցին Աբովյանի վթարային հանրակացարանում, որի պայմանները շատ ավելի վատն են, քան սրանը, այնտեղ սանհանգույց ասվածը գոյություն չունի»: Այդ ժամանակ էլ Աբրահամյանը որոշեց գոնե սեփականաշնորհել 15քմ-անոց խուցը:

2000-ին ընդունված «1988-1992 թվականներին Ադրբեջանի հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական  երաշխիքների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածները սահմանում են.

Հանրակացարանում արդեն 20 տարի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել

«Պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող՝ բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց»:

Այս օրենքով Տարոնցի 5 հանրակացարանի բազմաթիվ բնակիչներ, որոնց մեջ  փախստականի կարգավիճակ չունեցող տեղաբնակները, սեփականաշնորհել են իրենց զբաղեցրած սենյակները:

Ներկայումս շենքի 107 սենյակներից սեփականաշնորհված չեն  միայն 12-ը (հանրակացարանում բնակվում է 105 ընտանիք):

Տիկին Նելլին, ինչպես նաև հանրակացարանի մի քանի այլ բնակիչներ այն ժամանակ չեն սեփականաշնորհել, քանի որ հույս են ունեցել  քիչ համբերելու դեպքում ստանալ բնակարան կամ բնակարան գնելու սերտիֆիկատ, որոնք հատկացնում էին հանրապետության այլ քաղաքների փախստականներին. «ամեն վայրկյան սպասում էինք, որ Երևանում էլ սերտիֆիկատներ կտան փախստականներին»:

Մոտ 10 տարի սպասելուց հետո  տիկին Նելլին այլևս հույս չունի, որ նոր բնակարան կստանա. «Հիմա մենք այս սենյակում համարվում ենք  ժամանակավոր բնակիչներ և մի օր էլ հանգիստ կարող ենք զրկվել դրանից: Ավելի լավ է սեփական մի փոքրիկ անկյուն ունենամ, քան թե անորոշության մեջ սպասեմ»,- ասում է Նելլին:

Սեփականաշնորհման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տիկին Նելլին ներկայացրել է Միգրացիոն գործակալություն, որտեղ նրան հայտնել են, որ Տարոնցի 5 հասցեի հանրակացարանն այժմ գտնվում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սեփականաշնորհման հարցերով պետք է դիմել քաղաքապետարան:

Երևանի քաղաքապետարան ներկայացված  սեփականաշնորհման մասին դիմումին հանրակացարանի բոլոր բնակիչները ստացել են նույն պատասխանը. «Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու համար մշակվում է օտարման տարեկան ծրագիր, որը հաստատելուց հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ բարձրացված հարցի քննարկմանը»:

«Քաղաքապետարանում ինձ ներս չթողեցին, պատուհանի մոտ նստած աղջիկն ասաց, որ պետք է սեփականաշնորհման համար դիմում ներկայացնեմ, և պատասխանն էլ գրավոր կստանամ»,- պատմում է տիկին Նելլին:

Նրա որդին` Էմինը, անցած տարի կարողացել է մուտք գործել քաղաքապետարան` հանրակացարանում բնակվելու մասին տեղեկանք ստանալու պատրվակով: Նա պատմում է, որ 219-րդ սենյակում նրան ընդունած պաշտոնյան, ի պատասխան սեփականաշնորհման մասին հարցի, պատասխանել է, որ սեփականաշնորհման գործընթացը սառեցվել է և լուծում կստանա հետագայում: Թե երբ, պաշտոնյան կոնկրետ պատասխան չի տվել, միայն սպառնացել է, որ հարցը բարձրացնելու դեպքում նրանց վիճակն ավելի վատ կլինի:

Շենքի մեկ այլ բնակիչ Ստելլա Ղուկասովան, ով ևս իր սենյակը սեփականաշնորհելու դիմում է ներկայացրել և մերժում ստացել,  պատմում է, որ փորձել   է  քաղաքապետարանի պաշտոնյաներից պարզաբանում ստանալ սեփականաշնորհման գործընթացի մասին,  սակայն մերժում է ստացել: «Այժմ` 20 տարի անց, մեզ փաստացիորեն զրկել են մեր կարծիքը արտահայտելու և մեր բնակարանային  հարցերով զբաղվող պաշտոնյաների հետ հանդիպման իրավունքից»,- ասում է Ղուկասովան:

«Ես Բաքվի ջարդերի անմիջական  ականատեսն եմ եղել: Բայց Աստված ինձ հետ էր և օգնեց, որ փրկվեմ: Ջարդերից փրկված մի խումբ մարդիկ, այդ թվում և ես ապաստարան գտանք Տարոնցի 5 հասցեում գտնվող հանրակացարանում: Այս տարիների ընթացքում հանրակացարանը փախստականների հետ անընդհատ   փոխանցվել է մի կառույցից մյուսին: Հաճախակի փոփոխվող ղեկավար կառույցները,  սակայն փախստականների խնդիրների արդյունավետ լուծում չեն կարողացել գտնել: Ստիպված ենք եղել ցույցեր կազմակերպել` կառավարության ուշադրությունը մեզ վրա գրավելու համար:- ասում է Ղուկասովան,- Ընդ որում, ամեն մի կառույց, որի հաշվեկշռում գտնվել է շենքը, մեզ իր պահանջներն է ներկայացրել, ինչը ամեն անգամ նոր վախի մթնոլորտ է ձևավորել դեռևս Ադրբեջանում վախեցած փախստականների մոտ»:

Հանրակացարանի բնակիչները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենց հանրակացարանը պետական տարբեր հիմնարկների ենթակայության ներքո է անցնում` առանց հաշվի առնելու իրենց կարծիքը և առանց նախապես տեղյակ պահելու: «Որևէ հիմնարկության ենթակայության ներքո  գտնվելու ժամանակ շենքում բարեկարգում չի կատարվել, փախստականների որևէ խնդիր լուծում չի ստացել, էլ ինչո՞ւ են պետական մի օղակից մյուսին փոխանցում, կարծես իր լինենք»,- ասում է Ստելլա Ղուկասովան:

Հանրակացարան ներս մտնելուց առաջինը, որ աչքի է զարնում, քանդված ու ջարդոտված աստիճաններն են, պատերի թափված ծեփը, այս ու այն անկյունում լցված քարի և բետոնի  փշրանքները:  Հանրակացարանի նեղ և մութ միջանցքի երկու կողմում էլ դռներ են` իրարից հազիվ 1.5 մետր հեռավորության վրա: Միջանցքում ծանրացած է խոնավության հոտը. բնակիչները այդ նեղ ու խավար միջանցքում են չորացնում իրենց լվացքը: Ղուկասովան հիշել չկարողացավ, թե շենքում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ երբ են կատարվել: «Միայն մի  քանի տարի առաջ հկ-ների ու նորվեգական ինչ-որ կազմակերպության ֆինանսավորմամբ բարեկարգվեցին սանհանգույցները»,- ասում է նա:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում   «Անկախի» հարցին, թե ինչու է  մերժվել Տարոնցի 5 հասցեի հանրակացարանի բնակիչների սեփականաշնորհման դիմումը, սկզբում պատասխանեցին, թե շենքը գտնվում է Տարածքային կառավարման նախարարության հաշվեկշռում և որ քաղաքապետարանը սեփականաշնորհման հարցերով իրավասու չէ զբաղվել: Իսկ հետո այլ պատասխան տրվեց, որ 2009-ի ընթացքում մերժել են քաղաքացիների` իրենց բնակության սենյակի սեփականաշնորհման դիմումները, քանի որ Երևանի ավագանին Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ որոշումն ընդունել է միայն 2009-ի վերջին: Ասացին նաև, որ հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացը հնարավոր է վերսկսել և դիմումների ընդունման  սահմանված վերջնաժամկետ չկա:

Միգրացիոն գործակալությունում (նախկին փախստականների կոմիտե) փախստականների վարչության  գլխավոր մասնագետ Գևորգ Սահակյանն էլ տեղյակ չէր, թե ում է պատկանում փախստականների շենքը:

Սակայն Միգրացիոն պետական ծառայության առաջատար մասնագետ Արման Ավետիսյանը «Անկախ»-ին տեղեկացրեց, որ Տարոնցի 5 հասցեում գտնվող հանրակացարանը և մի շարք այլ հանրակացարաններ  կառավարության 14.08.2008թ. 911-Ա  որոշմամբ  դուրս են եկել Միգրացիոն գործակալության հաշվեկշռից և անցել քաղաքապետարանին: «Սեփականաշնորհման հետ որևէ խնդիր չի եղել, բոլոր նրանք, ովքեր իրենց զբաղեցրած սենյակում բնակվում են 3 և ավել տարի, համապատասխան փաստաթղթեր էին ներկայացնում և ստանում սենյակի սեփականաշնորհման վկայական»,- ասում է Ավետիսյանը` հավելելով, որ հիմա սեփականաշնորհման հարցերով դիմող փախստականներին ուղարկում է քաղաքապետարան:

Չնայած քաղաքապետարանի հավաստիացումներին` շենքի բնակիչները խուճապի մեջ են. 2008-ին կառավարության որոշման համաձայն, Ադրբեջանից բռնագաղթածների`  իրենց բնակարանների սեփականաշնորհման վերջնաժամկետ է սահմանվել 2010-ի հունիսի 30-ը: Տարոնցի 5 շենքի  բնակիչները վախենում են, որ թղթաբանության և այլ պատճառներով կարող են այս անգամ էլ Հայաստանում զրկվել իրենց սենյակից և այն չկարողանան սեփականաշնորհել:

Լուսանկարները`

Հայկ ԲԱԴԱԼՅԱՆԻ

Դիտվել է 4317 անգամ:
Print Friendly

Leave a Reply