Հանդբոլն ընտրում է այլ ճանապարհ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 17, 2010 17:15

Հայաստանի պատվիրակներն Իսի լե Մուլինոյի կանանց ակումբի հետ միասին՝ խաղից առաջ

Եթե խաղային որեւէ մարզաձեւի  միջազգային մակարդակի մրցում է կազմակերպվում, մարզասերները պաշարում են մարզաբազաները: Դրա վառ ապացույցը  Երեւանի «Հատիս» բասկետբոլիստուհիների Եվրալիգայի մրցաշարի շրջանակում տարեվերջին եւ տարեսկզբին անցկացրած խաղերն էին` մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում: Հանդիպումների ընթացքում տրիբունաներում  ազատ տեղեր չէին լինում, եւ հարյուրավոր մարզասերներ ոտքի վրա կանգնած էին հետեւում դրանց ընթացքին: Դա այն դեպքում, երբ հայկական թիմի կազմում խաղում էին գրեթե բացառապես տարբեր երկրներից

հրավիրված լեգեոնականներ:

Ակամա հետաքրքրում է, թե հնարավոր է այս օրինակը վարակիչ դառնա խաղային մյուս մարզաձեւերի մարզիկների համար:

Եվ ահա, նոր հնարավորություններ են  բացվում և  հանդբոլի համար:

Փարիզում  համագործակցության պայմանագիր են ստորագրել «Աջակցություն Հայաստանի հանդբոլին» նորաստեղծ կազմակերպության եւ հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարները:

«Աջակցություն Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակից հանդբոլիստների եւ մարզասերների: Նպատակը մեկն է` գործուն աջակցություն դրսեւորել հանդբոլը Հայաստանում զարգացնելու համար:

Ֆրանսիայի ներկայացուցիչները հանդբոլից եղանակ են ստեղծում աշխարհում, հաղթել են ամենաներկայացուցչական ստուգատեսներում, օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում: Հանդբոլի Ֆրանսիայի առաջնությունում 12 դիվիզիոն է:

Ֆրանսիական կողմը պարտավորվել է ի հայտ բերել տարբեր տարիքային խմբերի խաղացողների, որպեսզի նրանք ընդգրկվեն Հայաստանի հավաքական թիմերում, մասնակցեն եվրոպական ստուգատեսների: Համագործակցության ծրագիր է մշակվել 6 տարով: Գարնանը Ֆրանսիայից մասնագետ է ժամանելու, որպեսզի Հայաստանի մարզիչների հետ սեմինար անցկացնի:

Անցյալ տարի Ֆրանսիա էին այցելել հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ  Սարգիս Գրիգորյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն ու հանդիպել հայ հանդբոլիստներին, նրանց մասնակցությամբ երկկողմանի խաղեր դիտել, մարզիկների ընտրություն կատարել: Այս անգամ էլ նույնն արվեց, սակայն փոքր ինչ ավելի ընդգրկուն ծրագրով: Ամեն օր մարզումներ եւ խաղեր էին անցկացվում: Հայաստանի պատվիրակության կազմում էին նաեւ հանդբոլի մեր երկրի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը եւ 5 մարզուհիներ, որոնց միացան Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի ակումբներում հանդես եկող 3 խաղացողներ ու միացյալ թիմով երկու հանդիպում անցկացրին:

Սկզբում նախատեսվում էր, որ այս անգամ պետք է փորձարկվեն 7 հանդբոլիստուհիներ եւ 15 հանդբոլիստներ: Ցավոք, միայն 3 մարզուհիներ են կարողացել միանալ մեր խաղացողներին: Իսկ խանգարել է այն հանգամանքը, որ նրանց բաց չեն թողել իրենց ակումբների ղեկավարները: Ֆրանսիայի տարբեր դիվիզիոնների առաջնություններում այժմ եռուն ժամանակահատված է: Ընդ որում, Հայաստանի ներկայացուցիչները խաղացողներ են ընտրում միայն այդ երկրի  առաջնության մինչեւ 5-րդ դիվիզիոնում հանդես եկող ակումներից, իսկ դրանցում խաղում են միայն պրոֆեսիոնալները: Ամեն խաղացողի մեկ ամսվա աշխատավարձն առնվազն 5 հազար եվրո է: Այնպես որ, ըմբռնումով կարելի է մոտենալ, որ ոչ բոլոր մեր հայրենակիցներն են միացել Հայաստանի հավաքականին: Այդուհանդերձ, բացակայողները խոստացել են մեր երկրի ընտրանու կազմում մասնակցել մարտի 18-ին Իսրայելում մեկնարկելիք «Չելենջ տրոֆի» մրցաշարին, որում մերոնց մրցակիցները կլինեն Կիպրոսի, Մալթայի, Իսրայելի հավաքականները:

Ընկերական խաղում մեր մարզուհիները  Իսի լե Մուլինոյիոյի հանդբոլի ակումբի մարզասրահում մրցել են  տեղի թիմի հետ եւ պարտվել: Հետո էլ հանդբոլի Հայաստանի կանանց հավաքականը եւ բացառապես Ֆրանսիայի մեր հայրենակիցներով համալրված Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղեր են անցկացրել  «Մոյն Կոլոմբես» ակումբի ուժեղ թիմերի հետ, նրանց իսկ հարկի տակ: Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է (13:13) խաղացել, իսկ տղամարդկանց հավաքականը պարտվել է:

Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ իրենց պատրաստականության մակարդակով Ֆրանսիայում հանդես եկող մեր հայրենակից հանդբոլիստները լավ տպավորություն են թողել: Այնպես որ, նախատեսվում է, որ 15 խաղացող կհամալրի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաջորդ տարի հանդես է գալու «Չելենջ տրոֆի» մրցաշարում: Իսկ այս տարվա մայիսին ֆրանսիական 10 լեգեոնականներ կուժեղացնեն Հայաստանի պատանեկան հավաքականի կազմը, որը Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի եւ մրցելու է Սերբիայի, Հունաստանի, Բուլղարիայի թիմերի հետ:

«Ֆրանսիայի պատանեկան հավաքականի մարզիչներից մեր հայենակից Բենիամին Կազիմին էլ պետք է պատանի հայ հանդբոլիստների ընտրի, որպեսզի նրանք  համալրեն մեր երկրի հավաքականը,- ասաց Գրիգորյանը-, Հանդիպեցինք հանդբոլի Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայի գլխավոր քարտուղար Քրիստիան Զաքարյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ, եւ նրանք խոստացան մեզ ամենայն աջակցություն  ցույց տալ մարզիկների փաստաթղթերի ձեւակերպման հարցում: Աշխատանքային խումբ ստեղծվեց, որը ծրագիր մշակեց առաջիկա 6 տարիների համար: Պայմանավորվել ենք, որ Ֆրանսիայում գործող կազմակերպությունը հոգա այդ երկրի այն  խաղացողների ֆինանսական խնդիրները, ովքեր համալրելու են մեր հավաքականները: Դրանք հիմնականում տրանսպորտի ծախսեր կլինեն: Իսկ Հայաստանում բնակվող խաղացողների, ուսումնամարզական հավաքների ֆինանսական խնդիրները լուծելու է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան»:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply