Մի՛ քողարկեք կարմրած ու այտուցված ձեռքերը, այլ խնամե՛ք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 22, 2010 10:52

Հայ կանանց` առանց այն էլ բազմաչարչար ձեռքերին ձմռանն ավելանում է ևս մեկը` ցուրտը: Որքան էլ փորձենք ձեռքերը թաքցնել ձեռնոցների տակ, միևնույնն է, ցուրտն իր գործն անում է, և ձեռնոցները հանելիս, միշտ էլ տարակուսում ենք` արդյո՞ք ձեռքերը լավ վիճակում են:

Կարմրած, այտուցված ու ճաքճքած ձեռքերը պետք է չէ քողարկել, այլ հարկավոր է այնպես խնամել, որ դրանք պաշտպանվեն ցրտից: Մատնահարդարներն ու մաշկաբանները հավաստիացնում են, որ  ձմռանը ձեռքերի խնամքը (եթե դրա մեջ չեն մտնում եղունգները) ժամանակատար ու դժվար չէ. օրական ընդամենը` մի քանի րոպե, հատկապես, որ ձեռքերն արագ ու հեշտորեն են ընկալում բոլոր կոսմետիկ միջոցները` շնորհիվ իրենց մեջ գտնվող նյարդային վերջույթների քանակի:

Փորձառու մատնահարդար Վալյա Պետրոսյանը ձմռանը կանանց խորհուրդ է տալիս.

•           երեկոյան քնելուց առաջ ձեռքերը մերսել ձեռքի սնուցող քսուքով, իսկ եթե անհրաժեշտությունը մեծ է` բամբակյա ձեռնոցներ կրել

•           առավոտյան ձեռքերը լվանալ գոլ ջրով, ապա խոնավեցնող կամ պաշտպանիչ քսուք քսել

•           փողոց դուրս գալուց 25-30 րոպե առաջ ձեռքերին պաշտպանիչ քսուք քսել, փողոցում ձեռնոցներ կրել

•           ձեռքերը մաքրել սկրաբի միջոցով (քանի որ ձմռանը մաշկը թեփոտվում է, անհրաժեշտ է մեռած մաշկը հեռացնել), ապա խոնավեցնող կամ սնուցող քսուք քսել: Եթե ձեռքի տակ սկրաբ չկա, կարելի է քսուքի մեջ մեկ թեյի գդալ շաքարավազ լցնել և մերսելով` ձեռքերը տրորել, ապա լվացվել և խոնավեցնող քսուք քսել

•           ձեռքերը մերսել. սկսել մատների ծայրերից` բարձրանալով դեպի դաստակները:

«Սալոններից օգտվելու դեպքում օգտակար են պարաֆինային լոգանքները,-ասում է մատնահարդարը,-սակայն, հայ կանայք  ձեռքերի ձմեռային խնամքի համար հազվադեպ են հաճախում սալոններ` ի տարբերություն եղունգների խնամքի»:

Ձեռքերի մաշկն ամենախոցելին է ոչ միայն նրա համար, որ ամենաշատն է ենթարկվում արտաքին ազդեցություններին. պատճառներից մեկն էլ այն է, որ ճարպագեղձերը ձեռքի ենթաշերտում շատ քիչ են, իսկ ափերում ընդհանրապես բացակայում են: Ջրային մասը, ի տարբերություն դեմքի մաշկի, ձեռքերում 4-5 անգամ քիչ է, սակայն հենց ճարպագեղձերն են, որ ապահովում են մաշկի առաձգականությունը: Ուստի անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի խոնավեցնող քսուքներ օգտագործել, հատկապես որ ցրտի հետևանքով ձեռքերը շատ արագ են թոշնում:

Ձեռքերի վրա շատ վատ է ազդում նաև ցրտից տաք կամ տաքից ցուրտ միջավայրի  կտրուկ անցումը` փողոցից մեքենա, մեքենայից, տուն և այլն:

Հատուկ ձմեռային պաշտպանիչ քսուքները կարծես անտեսանելի ձեռնոցի դեր են կատարում, որի շնորհիվ ձեռքի մաշկը շնչում է` միաժամանակ պաշտպանվելով ցրտի ու քամու պատճառած վնասներից: Այդ պաշտպանիչ քսուքները, ըստ մատնահարդարի, իրենց մեջ պարունակում են մեղրամոմ, գլիցերին, զեյթունի յուղ:

Ըստ մաշկաբանների, ձմռանը ձեռքերին օգտակար  են նաև սոդայով հատուկ լոգանքները` մեկ լիտր ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ սոդա, ձեռքերն այդ ջրի մեջ պահել 10-15 րոպե, լոգանքից հետո անհրաժեշտ է ձեռքերին խոնավեցնող քսուք կամ ձեռքի սնուցող դիմակ դնել: Որպեսզի քսուքի կամ դիմակի ազդեցությունն ավելի արդյունավետ լինի, կարելի է պոլիէթիլենե ձեռնոցներ հագնել` վրայից էլ կտավե կամ բրդյա ձեռնոցներ:

«Եթե սովորություն դարձնեք ձեռքերը քնելուց առաջ տրորելով մերսել չոր թեփուկներով (կարելի է օգտագործել չոր քիսա), ապա ձեռքերը պաշտպանված կլինեն ցրտի և տապի վնասակար ազդեցությունից,-ասում է մատնահարդարը,-իսկ եթե ձեռքերն արագ ցրտահարվում են, անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան գլիցերինով տրորել մինչև չորանալը»:

Ձեռքերը կարմրելու դեմ օգտակար են տաք և սառը ջրի` իրար հաջորդող լոգանքները:

Եւս մեկ օգտակար խորհուրդ. մեկ լիտր ջրին ավելացնել 200 գրամ աղ (ցանկալի է` ծովային), եռացնել, ապա հովացնել այնքան, որ ձեռքերը տաքությանը դիմանան: 10-15 րոպե ձեռքերը պահել այդ ջրում, ապա 5 րոպե` սառը ջրում: Պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ` ավարտելով սառը ջրով: Վերջում ձեռքերը չորացնել ու պատել ձեռքի քսուքով:

Դիտվել է 3196 անգամ:
Print Friendly

Leave a Reply