Սեզոնի նորաձև գոտիները. մի՛ մոռացեք հին հայկական քամարը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 23, 2010 10:05

Դեռևս հին ժամանակներից գոտին համարվել է հագուստի կարևորագույն տարրերից մեկը, առանց որի հնարավոր չէ լիակատար դարձնել ոճը: Հիշենք միայն հայ կանանց արծաթյա ու ոսկյա քամարները, որոնք ոչ միայն ընդգծում էին իրանի նրբությունը, այլև կնոջ հասարակական դիրքը: Որքան քամարը հաստ էր ու պատված թանկարժեք քարերով, այնքան ունևոր էր այն կրողը:

Այս տարի նորաձև են հենց թանկարժեք քարերով գոտիները, որոնք կարելի է կապել նաև հասարակ, ամենօրյա հագուստին: Այդպիսի գոտի կապելու դեպքում կարելի է հրաժարվել, անգամ, զարդեղենից:

Ոչ ստանդարտ դիզայնով գոտիներ- այս տարի նորաձևության ցուցադրություններում զգալի տեղ են զբաղեցնում կոր, չափազանց նեղ ու չափազանց լայն կտրվածքներով կամ որևէ հետաքրքիր դետալով (մետաղյա կամ կաշվե ծաղիկ, խոշոր արհեստական քար) գոտիները:

Շատ նորաձև են կտորից ու գործվածքից գոտիները` բրդյա, ատլասե, մետաքսյա, թավշյա ու զամշե, որոնք երբեմն զարդարված են փայլփլուն թելերով ու դետալներով: Հանգույցները կարող են ունենալ բարդ ու խճճված տեսք:

Այս տարի նորաձևության ամենահիթային միտումներից մեկը նեղ գոտիներն են, որոնք չունեն գունային ու հումքային սահմանափակում: Դրանք շատ պրակտիկ են, կարելի է կապել և՛ տաբատի, և՛ բլուզի և թե՛ զգեստի վրայից:

Լայն գոտիներ-Տարբեր ձևի և գույնի լայն գոտիներ կարելի է տեսնել լավագույն դիզայներների այս տարվա հավաքածուներում: Դրանք հանդես են գալիս ոչ միայն զգեստների ու բլուզների, այլև վերարկուների ու մուշտակների հետ: Այս ոճի մեջ հիմնական հումքը կաշին է: Մեծ տեղ են զբաղեցնում նաև կաշվի ու զամշի համակցումով լայն գոտիները: Իսկ ամենագեղեցիկը կաշվի ու մորթու համակցումով գոտիներն են, որոնք համարվում են սեզոնի հիթը:

Նորություն են երկշարք գոտիները: Դրանք կարող են լինել միագույն կամ տարբեր գույների, մի շարքը` նեղ, մյուսը` լայն, մի շարքը` կաշվե հումքից, մյուսը` զամշից: Մի խոսքով, երկշարք գոտիներն այս տարվա ամենակարևոր աքսեսուարներից են: Երկշարք լայն գոտիներն ավելի հարմար կլինեն ձմեռային հագուստի հետ, իսկ երկշարք բարակ գոտիները` գարնանային ու ամառային թեթև զգեստների, բլուզների, տաբատների հետ:

Ճիշտ ընտրված գոտին կօգնի ոչ միայն նորաձև երևալ, այլև խնամքով թաքցնել կազմվածքի անհարթությունները կամ հակառակը` ընդգծել առավելությունները:

Այս տարվա նորաձևության մեջ առավել ընդունված է գոտկատեղին կապված գոտին, որն ընդգծում է իրանի նրբությունն ու կանացիություն է հաղորդում անգամ ամենախիստ հագուստին: Սակայն եթե զգում եք, որ գոտկատեղին կապված գոտին ոչ թե նրբացնում, այլ հակառակը` գիրացնում է ձեզ, ապա պետք է գոտին կապեք գոտկատեղից ներքև` կոնքերին:

Դե, ինչ վերաբերում է դասական գոտիներին, ապա դրանք միշտ նորաձև են: Դասական, սև լաքապատ գոտիների մի ողջ շարք են ներկայացրել հանրահայտ Gucci-ն, Versace-ն, Michael Kors- և Marc Jacobs-ը:

Գարնանային ու ամառային հավաքածուների հիմնական զարդը ժապավեններն են, որոնք խիստ դասական կոստյումներին, անգամ, կանացիություն ու նրբություն կհաղորդեն: Ժապավենի փոխարեն կարելի է օգտագործել մետաքսյա գլխաշոր կամ շարֆ: Ինչ վերաբերում է ճարմանդին (տՐÿՋՍՈ), այն դասական է և այս տարի էական դեր չի կատարում, բացի կոճկելուց: Փոխարենը շատ նորաձև են ժապավենակապերը: Նորաձևության գարուն-ամառ հավաքածուներում գոտիները չունեն բազմերանգություն ու վառվռուն գույներ. դրանք շագանակագույնի, կաթնագույնի, կապույտի ու տեռակոտայի (կարմրա-շագանակագույն, թրծակավագույն) նուրբ երանգներն են:

Եթե ձեզ չգոհացրին գոտիների նորաձևության այս տարվա միտումները, ապա ընտրեք մեր տարբերակը` հին հայկական քամարներ` թեկուզ ոչ արծաթյա կամ թանկարժեք քարերով պատված: Կրեք դրանք զգեստի, բլուզի, տաբատի, անգամ, ջինսե տաբատի հետ և կհամոզվեք, որ դուք ստեղծել եք նոր ոճ, որի մասին չէին կարող երազել, անգամ, աշխարհի ամենահայտնի դիզայներները:

Դիտվել է 4615 անգամ:
Print Friendly

Leave a Reply