Մուշտակ. կանանց երազանքների հագուստը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | February 18, 2010 11:54

Ո՞ր կինը չի երազում թանկարժեք մուշտակի մասին. այն ոչ միայն շքեղ տեսք, այլև ինքնավստահություն է հաղորդում անգամ ամենաամոթխած կնոջը:

Սակայն այդ թանկարժեք հագուստն ունենալու համար կանայք և հատկապես նրանց ամուսինները, ոչ միշտ են պատրաստ վճարել այդքան գումար. դե, մոտավորապես, ասենք, մեկ սովետական մեքենայի գին: Սակայն ,այս տարի, հուրախություն կանանց ու նրանց ամուսինների, նորաձև են ոչ միայն թանկարժեք մորթիները, ինչպիսիք են, օրինակ, սպիտակ կզաքիսի, շինշիլայի (հարավամերիկյան կրծող կենդանի. միակ կենդանին է, որի յուրաքանչյուր մազարմատից աճում է 60-80 մազ), ջրաքիսի  մորթիները:

Հավանաբար, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, նորաձևության հեղինակավոր վարպետներն իրենց հավաքածուներում այս տարի լայնորեն կիրառել են ոչ թանկարժեք մորթիներ, ինչպիսիք են, օրինակ, նապաստակինը կամ ոչխարինը:

Անցյալ տարվանից նորաձևության մեջ է մնացել կարակուլի մորթին: Առաջատար դիրքերում են նաև աղվեսի (հատկապես սևագորշ), բևեռաղվեսի, գայլի մորթիները:

Նորաձև են ոչ միայն մորթե մուշտակներն ու կիսամուշտակները, այլև ժիլետները, թիկնոցները, ժակետներն ու անգամ զգեստները: Մի խոսքով, մորթին այս տարի ամենուր է` ուսերին, գլխարկներին, թևքածալերին, օձիքներին, կրծքին:

Մորթուն հարուստ ու շքեղ տեսք, առաջին հերթին, տալիս է բնությունը, սակայն կարևոր է նաև ճիշտ մշակումն ու հմուտ դիզայնը, ուստի մորթե հագուստ գնել ցանկացողներին Տյումենում գտնվող մուշտակների պատրաստման ատելիեի աշխատակից Շուշան Այվազյանը խորհուրդ է տալիս մեծ ուշադրություն դարձնել մուշտակի մշակման որակին.  «Գնորդն առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի մորթու փայլին. այն չպետք է շատ ուժեղ փայլ ունենա,-ասում է նա,-հատկապես նորկան տարբերվում է իր անփայլ երանգով: Որքան կարճ են մազերը, այնքան մուշտակն ավելի դիմացկուն ու որակյալ է: Ձեռքը մորթու վրայով անցկացնելիս` պետք է ձեռքի վրա մազեր չմնան. հակառակ դեպքում, մորթին լավ մշակված ու դիմացկուն չէ: Որքան ամբողջական են կտորներն, այնքան դիմացկուն է մուշտակը. ճիշտ է, ամբողջական կտորներով մուշտակները շատ ավելի թանկ արժեն, սակայն ավելի լավ է վճարել շատ` օգտագործել երկար: Սպիտակ մորթին դեղնելու հատկություն ունի, ուստի հատուկ խնամք է պահանջում»:
Շուշանը նշում է, որ որակյալ մորթե վերարկուն կարող է դիմանալ տասը տարուց ավելի, իսկ վատ որակ ունեցողն արագ մաշվում է շփման հատվածներում, մազերը նստում են, կարի տեղերը ` բացվում:

«Մորթե հագուսը հատուկ քիմիական միջոցներով են պահում,-ասում է Շուշանը,- սակայն եթե մորթին լավն է, ապա դրա կարիքը չի զգացվի»:
Չնայած որ մուշտակի ոլորտի առաջատար երկրներ են համարվում Հունաստանն ու Իտալիան, Շուշանը կարծում է, որ եթե մորթին լավ է մշակված, ապա կարևոր չէ` որ երկրից է. «Երևանյան հագուստի սրահներում կամ տոնավաճառներում բոլոր վաճառողները պնդում են, թե իրենց մուշտակները հունական են, որպեսզի համոզեն գնորդին,-ասում է Շուշանը,- սակայն հունական մուշտակները շատ թանկ արժեն, և դժվար թե բոլորին ձեռնտու լինի մուշտակներ ներկրել Հունաստանից կամ Իտալիայից: Թուրքիայից ու Դուբայից էլ կարելի է ներկրել բարձրորակ մուշտակներ»:

Շուշանի խոսքով, Հայաստանում մուշտակների բարձր գինը պայմանավորված է ոչ այնքան մորթու որակով, որքան մաքսազերծման բարձր սակագներով. «Եթե, օրինակ, մի մուշտակի համար պետք է վճարես երեք հազար դոլար, այդ գումարով կարող ես գնալ Թուրքիա, հանգստանալ, գնել նույն մուշտակն ու վերադառնալ»:

Գույնը

Այս տարի, ինչպես հագուստի այլ հավաքածուներում, մորթե նորաձևության մեջ ևս իշխում է սև գույնը: Սպիտակը, որքան էլ որ պրակտիկ գույն չէ մորթու համար, այս տարի ևս նորաձև է: Նորաձև են նաև վառ գույնի մորթե վերարկուներն ու աքսեսուարները` կարմիրը, նարնջագույնը, դեղինը, անգամ կապույտը: Այդ գույներն իրենց հավաքածուներում ակտիվորեն օգտագործել են դիզայներներ Betsey Johnson-ը, Bill Blass-ը Ann Demeulemeester-ն ու Blumarine-ը:

Ձևվածքը

Այս տարի ձևվածքի ամենակարևոր կողմերից մեկն այն է, որ մորթե հագուստի վրա բացակայում են կապյուշոնները: Փոխարենը շեշտը դրված է ուսերի վրա: Ամենանորաձև մոդելներից են` լայն ուսերով, առանց օձիքի կամ 60-ականների ոճի` վեր բարձրացրած օձիքներով մորթե վերարկուները: Նորաձև են նաև լայն թևերով կիսամուշտակները:

Կիսամուշտակներ ու մորթե բաճկոններ

Ի տարբերություն երկար մուշտակների, կիսամուշտակները փարթամ, երկարամազ մորթուց են կամ էլ կարճ ու երկար մորթիների հետաքրքիր համակցումով: Մորթե բաճկոնների հիմնական առանձնահատկությունը փարթամությունն ու հնարավորինս կարճ չափն է:
Նորաձևության այնպիսի հայտնի տներ, ինչպիսիք են Givenchy-ն, Giles-ն, Antonio Berardi-ն և հատկապես Prada-ն, իրենց հավաքածուներում ներկայացրել են մորթե թիկնոցներ, զգեստներ, անգամ կիսաշրջազգեստներ:

Մորթե նորաձևության միտումներից են նաև աքսեսուարները` մորթե թևքեր, ձեռնոցներ, օձիքներ. վերջինները ծառայում են նաև որպես գլխածածկ:
Նորաձև մորթե հագուստը լրացնում են տեղ-տեղ երևացող կաշվե փոքրիկ գոտիներն ու կապերը, հաստ կաշվե գոտիները:

Դիտվել է 6336 անգամ:
Print Friendly

Leave a Reply