Հանրային խորհրդում սիրիահայության խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խումբ կստեղծվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 31, 2012 19:10

Այսօր Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում քննարկվել են «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի մշակման, հեռուտաեթերի, սիրիահայության, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի, «Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման ռազմավարության հայեցակարգի», ՀԽ առողջապահության հանձնաժողովի նոր նախագահի ընտրության  վերաբերյալ հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ առանձնացվել են նախագծի հիմնական կետերը՝ ՀԽ խնդիրներն ու նպատակները, հանձնաժողովների քանակն ու անվանումները, մարզային կառույցների հարցը, կառուցվածքն ու կազմավորումը, հանձնաժողովներում ներգրավման ձևը, բյուջետային կազմավորման և աշխատակազմին վերաբերող հարցեր:

ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցով զբաղվող աշխատանքային խմբի անդամ է, ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության ներկա փուլը: Նա հայտնել է, որ այս պահին խումբը զբաղվում է շահագրգիռ տարբեր կառույցներից և ՀԽ հանձնաժողովներից հեռուստաեթերի բարեփոխմանն ուղղված առաջարկների ուսումնասիրմամբ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է այդ առաջարկները ներկայացնել հանրության լայն շերտերին և կազմակերպել հանրային քննարկումներ, որպեսզի հասարակությունն իր մասնակցությունն ունենա առաջարկները վերջնական տեսքի բերելու և դրանց հիման վրա կոնկրետ փաստաթուղթ ձևավորելու  գործընթացին:

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է նաև սիրիահայության խնդիրը: Վազգեն Մանուկյանը հանձնարարել է Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի և կքննարկի սիրահայերի խնդիրները՝ մասնավորապես Հայաստան ներգաղթի հետ կապված, և հանդես կգա առաջարկներով:

ՀԽ անդամ Ելենա Վարդանյանը ՀԽ փոքր խորհրդին ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքի հետ կապված հասարակական դժգոհությունների հարցը: Մասնավորապես, հարցը վերաբերել է այն դեպքին, որ թոշակառուն, 1 տարուց ավելի հանրապետությունում չգտվելու դեպքում, հնարավորություն ունի ստանալ միայն վերջին տարվա թոշակը՝ զրկվելով նախորդներից: ՀԽ նախագահը հանձնարարել է մանրամասնորեն ուսումնասիրել օրենսդրությունը և ներկայացնել հստակ առաջարկներ:

«Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման ռազմավարության հայեցակարգը», որը մշակվում է Հանրային խորհրդում, ներկայացրել է ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Կարևորելով հայեցակարգի դերը՝ որպես ոլորտում պետական քաղաքականության համակարգման և կանոնակարգման լուրջ փաստաթուղթ՝ նա ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հայեցակարգի ընդունման շնորհիվ պետք է բարեփոխումներ իրականանան: Առաջիկայում Հանրային խորհրդում փաստաթուղթը կդրվի քննարկման  և դրա վերաբերյալ որոշում կկայացվի:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply