Սամվել Կարապետյան. «Մշակույթով ներծծված ոչ մի թիզ հող չի կարելի տալ վանդալներին»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 15, 2010 18:03

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հկ-ն լույս է ընծայել «Վարձք» կիսամյա հանդեսը:  Պարբերականը լույս կտեսնի 2 լեզվով` հայերեն և անգլերեն, և կներկայացնի հկ-ի աշխատանքները, հայկական հուշարձանները և դրանց  վիճակը:

«Պետք է քաղաքակիրթ աշխարհին ներկայացնենք հայկական հուշարձանները: Եթե, օրինակ, ազատագրված տարածքների հայկական հուշարձանները և ադրբեջանցիների` ժամանակին ցուցաբերված վարմունքը դրանց նկատմամբ ներկայացվեն, բոլորը կհասկանան, որ մշակույթով ներծծված ոչ մի թիզ հող չի կարելի տալ վանդալներին»,- ասում է հկ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Կարապետյանն ասում է, որ պատմական Հայաստանի տարածքի հայկական հուշարձանները քիչ են ուսումնասիրված: «Նոր էինք սկսել ճանաչել մեր երկիրը, երբ կորցրինք այն»,- ասում է Կարապետյանը` հավելելով, որ 20-րդ դարասկզբին արված և  հայկական հուշարձանները պատկերող շատ քիչ լուսանկարներ կան:

2010-ին հկ-ն  ուսումնասիրություններ կիրականացնի Արցախի անտառային վայրերում, Իրանի հայկական գավառներում, Վրաստանում և Թուրքիայում:

Անդրադառնալով  Վրաստանում հայկական հուշարձանների վիճակին` Կարապետյանն ասում է, որ Թբիլիսիի Մուղնու Ս. Գևորգ վանքի  փլուզումը հովանավորվում էր հենց վրացական պետության կողմից. փլուզումը  շարունակական քայքայման և անուշադրության հետևանք էր: Կարապետյանը, չնայած վանքը վերականգնելու վրացական իշխանության խոստումներին, ասում է, որ   վերանորոգումն անիրական է. «Կառույցն աղյուսից էր և փլուզվելուց հետո դրա վերականգնումը գրեթե անհնար է: Բացի այդ, ահռելի մեծ ծախսերի հետ է կապված: Եթե վրացական իշխանությունները ցանկանային պահպանել հայկական հուշարձանը, փոքր գումար կհատկացնեին վանքի ամրացման համար մինչև փլուզումը»,- ասում է Կարապետյանը:

Իսկ Թբիլիսիի Ս. Նշան եկեղեցու բարձիթողի վիճակի համար Կարապետյանը մեղադրում է հայկական համայնքին: «2005-ին հրդեհվեց 18-րդ դարի այդ կառույցը, հետո անուշադրության մատնվեց: Հիմա էլ եկեղեցում ինչ- որ մարդիկ շուն են պահում,Թբիլիսիի հայկական համայնքն էլ անտարբեր հետևում է այդ ամենին»,- ասում է Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով`  անմխիթար վիճակում են գտնվում նաև Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանները:

Ըստ Կարապետյանի` թուրքերը չեն հանդուրժում հայերի ու հայկական արժեքների  ներկայությունը հայերի պատմական հայերնիքում` «իրենց տանը». «Ստամբուլում բազմահազարանոց հայկական համայնք կա, որը հանգիստ գործում է: Սակայն հայկական համայնքի, դպրոցի կամ որևէ արժեքի ներկայությունը Վանում կամ Մուշում արդեն մեծ խնդիր է»: Կարապետյանը նշում է, որ Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի  60-ականներին զանգվածաբար պետական ծրագրով իրականացվում էր հայկական հուշարձանների ոչնչացում: Մնացած փշրանքներն էլ, սակայն,  այսօր են ոչնչացման վտանգի տակ:

Կարապետյանը Թուրքիայի` հայկական եկեղեցիները վերանորոգելու քաղաքականությունը թատերական ներկայացում է համարում, նշելով, որ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու վերանորոգմանը զուգահեռ Թուրքիայում ոչնչացվեց Գավաշ շրջանում` Ս. Խաչից մի քանի կմ հեռու գտնվող    և Ս. Խաչին տարեկից գմբեթավոր  մի եկեղեցի:

Կարապետյանն ասում է, որ վտանգված հուշարձաններ կան նաև Հայաստանի ներկայիս տարածքում. 2009-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հկ-ն Մշակույթի նախարարության պատվերով  կազմել է ՀՀ տարածքում գտնվող և շտապ վերանորոգման կարիք ունեցող 26 պատմական հուշարձանների տեխնիկական բնութագիրը. դրանք առաջիկա տարիներին առաջնահերթ կերպով պետք է վերանորոգվեն:  Սամվել Կարապետյանն ասում է, որ հատկապես վատ վիճակում են գտնվում Լոռու Դսեղ գյուղի մոտակայքում գտնվող Բարձրաքաշի և Քառասնից մանկաց վանքերը:  Կարապետյանի խոսքով`  Բարձրաքաշի վանքի պատերը հիմքից թեքված են և պետք է այն քանդվի և վերաշարվի: Նման վիճակում է գտնվում նաև Աղջոց վանքը:

Դիտվել է 2701 անգամ:
Print Friendly

Leave a Reply