Ադրբեջանի նախագահն իրավունք չուներ ներում շնորհելու Ռամիլ Սաֆարովին. ադրբեջանցի իրավագետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 31, 2012 17:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2012 թ-ի օգոստոսի 31-ի հրամանագրով ներում է «շնորհել» Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտի քաղաքային դատարանի կողմից 2006 թ-ի ապրիլի 13-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առաջին երեսուն տարիներին պատիժը չվերանայելու պայմանով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` ադրբեջանցի հայտնի իրավագետ Խանլար Ալեքպերովն ադրբեջանական contact.az լրատվական կայքի հետ զրույցում այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չուներ ներում շնորհելու եւ պատժից ազատելու Ռամիլ Սաֆարովին:

«Ադրբեջանի նախագահը գործող սահմանադրության համաձայն իրավունք ունի ներում շնորհել միայն կոնկրետ ժամկետով ազատազրկման ենթարկված դատապարտյալներին: Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ոչ թե կոնկրետ ժամկետով ազատազրկման, այլ` ցմահ: Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82.3 հոդվածի համաձայն` ցմահ ազատազրկումը ներման միջոցով կարող է փոխարինվել միմիայն 25 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ելնելով վերը նշվածից` Ադրբեջանի հանրապետության նախագահը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով հետագա  պատժի կրումից ամբողջությամբ ազատել Ռամիլ Սաֆարովին: Առավելագույնն, ինչ կարող էր անել պետության ղեկավարը` ցմահ ազատազրկումը 25 տարով փոխարինելն է: Բացի այդ` հրամանագիրը հակասում է Ադրբեջանի նախագահի կողմից 2001 թ-ի հուլիսի 18-ին հաստատված` Ներման մասին դրույթի 8.4 կետին, համաձայն որի` ցմահ ազատազրկման դատապարտվածներին ներում շնորհելու մասին հարցը կարող է քննարկվել միայն նրանց կողմից 10 տարուց ոչ պակաս ժամկետով պատիժ կրելուց հետո: Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ցմահ դատապարտվել է 2006 թ-ի ապրիլի 13-ին, հետեւաբար, ներում շնորհելու պահին նա պատիժ է կրել 10 տարուց պակաս ժամկետ «, -նշել է ադրբեջանցի իրավագետը:

Ալեքպեր Խանլարովը ցավ է հայտնել, որ դա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի նախագահին ցուցադրաբար հարվածի տակ են դնում: «Կասկած չկա, որ այդ նորմատիվային ակտը, որը հակասության մեջ է մտնում Ադրբեջանի Սահմանադրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի հետ, լայն քննարկման առարկա կդառնա  համաշխարհային ԶԼՄ-ներում, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա», -նշել է Խանլարովը եւ հարցադրել. «Ով՞ է հերթական անգամ հարվածի տակ դրել Ադրբեջանի նախագահին»:

Դիտվել է 1493 անգամ:
Print Friendly

Leave a Reply