ԱԺ Էթիկայի հանձնաժողովը մերժեց երեք պատգամավորներին վերաբերող դիմումների քննությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 31, 2012 17:02

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի դռնփակ նիստում, շուրջ 3,5 ժամ տևած քննարկումների արդյունքում, հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը և որոշվեց մերժել ՀՀ քաղաքացի Արթուր Զադոյանի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի` ԱԺ 3 պատգամավորներին վերաբերող դիմումների քննությունը: Որոշումներն ընդունվել են ոչ միաձայն:

Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը, երկու դեպքում էլ հանձնաժողովը համարել է, որ այդ հարցերը քննարկման ենթակա չեն այն հիմնավորմամբ, որ նկարագրված արարքները տեղի են ունեցել մինչև ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունները, համաձայն որոնց ստեղծվել է Էթիկայի հանձնաժողովը:

Դ. Հարությունյանը նաև չհամաձայնեց հանձնաժողովի փոխնախագահ, ընդդիմադիր` «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ, թե «լավ նշան չէ», որ հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց պատգամավորներին վերաբերող առաջին իսկ դիմումների մերժմամբ: «Ես կարծում եմ` հանձնաժողովի գործունեությունը չպետք է լինի արհեստական, հանձնաժողովը պետք է ընդունի այն որոշումները, որոնք համարում է ճիշտ, և դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով»,-ասաց նա:

Ի պատասխան «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցի, հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ այս պահին որևէ այլ դիմում իրենք չեն ստացել:

Ի դեպ` նիստին չէին մասնակցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Կարո Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը: Արծվիկ Մինասյանը, ով նաև Էթիկայի հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչն է, մասնակցեց միայն Ա. Զադոյանի դիմումը քննության առնելու հարցին, իսկ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի դիմումի քննարկմանը, որը վերաբերում էր նաև իրեն` ոչ:

Ինչպես «Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, Ա. Զադոյանի դիմումը վերաբերում է համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր ընտրված Կարո Կարապետյանին: Նրանց միջև դեռևս 2009թ. տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախապես երկուսն էլ հանդիսացել են վկաներ, հետագայում` 2010թ., Ա. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ա. Զադոյանը տևական ժամանակ պահանջում է, որ Կարապետյանին ևս մեղադրանք առաջադրվի և վերջինս չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից: Ընթացիկ տարվա մայիսի սկզբին Ա. Զադոյանը դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ի դիմումը վերաբերում է ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Էդուարդ Շարմազանովի կողմից «ատելության հիմքով կատարված հանցագործությունը` DIY ակումբի պայթեցումը, հրապարակայնորեն արդարացնելուն»: ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուղղված նամակը կոչ է անում վերջինիս համապատասխան քննություն իրականացնել և որոշում կայացնել պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, ինչը մտնում է վերջինիս իրավասության մեջ համաձայն ԱԺ կանոնակարգի հոդված 24.2-ի:

«Փաստինֆո»

Դիտվել է 2008 անգամ:
Print Friendly

Leave a Reply