Երվանդ Բոզոյան. «Գործընթացը փակուղում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2010 18:04

«Եթե ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնողը լիներ ոչ թե Հայաստանն, այլ՝ Թուրքիան, ապա կարող էինք իրավամբ ակնկալիքներ ունենալ, որ Թուրքիան կգնա կոմպրոմիսի: Սակայն ֆուտբոլային դիվանագիտության հիմնական հեղինակը Հայաստանն, ուստի՝ տրամաբանական են թուրքերի ակնկալիքներն առ այն, որ Հայաստանը պիտի գնա զիջումների». նման  տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ դեռ 3-4 տարի առաջ նկատվում էր միտում, որ հարևան պետությունը նախաձեռնողի դերում կհայտնվի ու դրա մասին է փաստում, օրինակ, 2004թ-ին Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարյանին: Իսկ այսօր, ըստ քաղաքագետի՝ գործընթացի արդյունքում մենք ստացանք միջազգային այնպիսի ճնշում ԼՂ հարցում, որը մի քանի տարի առաջ չկար: «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սահուն անցել է ԼՂ հարցի արագ կարգավորման խնդրին, որի արդյունքում մենք բավական վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել»,-ասում է Բոզոյանը՝ մոտ ժամանակում խնդրի լուծում չկանխատեսելով:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև մրցակցություն է ընթանալու քաղաքական ու տնտեսական դաշտերում: Այստեղ արդեն գլխավոր խնդիրն է՝ ինչպե՞ս անել, որ մրցակցության մեջ մենք հաջողության հասնենք, քանի որ հենց դա էլ կլինի արդեն հետագայում ԼՂ խնդրի կարգավորման հաջողության գրավականը»,-նշում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին ու սահմանի բացման հավանականությանը, ապա՝ ըստ Բոզոյանի, «ֆուտբոլային քաղաքականությունը մեծ հաշվով հասել է փակուղու: Իսկ այս դեպքում հայ-թուրքական հարաբերություններն ավելի են վատթարանալու, քան մինչ գործընթացի մեկնարկն էին»:

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply