Ցեղասպանության թեման դասագրքերում ներառելը ֆրանսահայ համայնքի համար արդարության հարց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 31, 2012 11:10
Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը, որի հերթական ապացույցներից է ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին բաժին ընդգրկելուն ուղղված Թուրքիայի հոխորտանքները:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Ֆրանսիայի Հայ դատի ղեկավար Հրաչ Վարժապետյանը նշեց, որ կրթական մակարդակով Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերություններն արդեն վատացել են:
«Հայ համայնքը իրեն բավականին շոյված է զգում ոչ թե ինքնասիրության, այլ արդարության առումով, քանի որ ցեղասպանության խնդիրը միջազգային հարց է: Այդ գլուխը աշխարհագրության եւ պատմության դասագրքերում ներառելը մեզ համար իրավունքի հարց է, որը վերջապես իր տեղը կգտնի կրթական համակարգում: Այստեղ կա նաեւ նախագահ Օլանդի եւ իր կառավարության դերակատարությունը, եւ հայ համայքնը գոտեպնդված է»,-ընդգծեց Վարժապետյանը: Հայոց ցեղասպանության մասին բաժին ընդգրկելու նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայում կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովին, հակառակ դեպքում, ըստ եվրոպահայ գործչի, հարցը քաղաքական ենթատեքստ կունենար:
Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների երրորդ դասարանի պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին է ներառվել, որը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Թուրք որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում: Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների պատմության եւ աշխարհագրության դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնի ընդգրկումը:






Facebook
Tweet This
Email This Post
