Ինչո՞ւ չմրցեցին Հայաստանի և Թուրքիայի ըմբիշները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 15, 2010 13:08

Երևանի մարզահամերգային համալիրում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկությունում Հայաստանի ընտրանին կրկնեց իր նախորդ տարվա հաջողությունը և զբաղեցրեց 3-րդ տեղը:

Ստուգատեսի ավարտից հետո  այս մարզաձևի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ մրցավարությունից դժգոհ է.  ամեն բան արվել է, որ եզրափակչում չհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, ավելորդ լարվածություն չառաջանա:

Հայաստանի ընտրանին կարող էր պայքարել ուժեղագույնի կոչմանն արժանանալու համար, սակայն բավարվեց 3-րդ տեղով:

Հայաստանի հավաքականը միևնույն 7:0 հաշվով առավելության հասավ Սկանդինավյան երկրների և Կուբայի հավաքականների նկատմամբ, սակայն 3:4 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչներին: Իսկ դրանից հետո Հայաստանի հավաքականին մի բան էր մնում՝  մարզասերների առջև ամոթով չմնալու համար  հաղթել Ռուսաստանի հավաքականին: Վերջինս ուժեղ կազմ ուներ և թիմի պատիվն էին պաշտպանում օլիմպիական խաղերի  և  աշխարհի չեմպիոններ:

Հայաստանի ընտրանին կարողացավ առավելության հասնել Ռուսաստանի հավաքականի թիմի նկատմամբ` 4:3: ՈՒշագրավ է, որ այդ մրցամարտում վճռորոշ եղավ Պատրիկեևի տարած հաղթանակն իր նախկին թիմակցի` Ռուսաստանի հավաքականի գերծանր քաշային կարգում նոր առաջատար Ալեքսանդր Անյուխինի նկատմամբ: Ռուսները ստիպված էին հանգրվանել 4-րդ հորիզոնականում: Իսկ մրցաշարում ուժեղագույն ճանաչվեց Իրանի հավաքականը, որը եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ: 5-րդըՎրաստանի հավաքականն էր, ապա հաջորդեցին Կուբայի, Հունգարիայի, Սկանդինավյան երկրների ներկայացուցիչները: Որպես պարգև 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված հավաքականները ստացան համապատասխանաբար 50 հազար, 30 հազար 20 հազար դոլար: Մասնակից մյուս երկրների ներկայացուցիչներին հանձնվեց 5-ական հազար դոլար:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply