Ինչո՞ւ է Կապանի քաղաքապետը ինքնաբացարկի դիմում ներկայացրել. մեկնաբանում է Արթուր Աթայանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 19:22

Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արթուր Աթայանը հրաժարվել է ընտրապայքարից ճնշումների պատճառով: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո հայտարարություն է տարածել Կապանի քաղաքապետը:

«Սիրելի կապանցիներ, սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում առաջադրվել էի որպես Կապանի քաղաքապետի թեկնածու: Համոզված էի, որ իմ անցած չորս տարիների գործունեությունը, սրտացավ վերաբերմունքը համայնքի ու նրա յուրաքանչյուր բնակչի հանդեպ ինձ թույլ են տալիս վերընտրվելու եւ առաջիկա չորս տարիներին շարունակելու իմ ծրագրերի իրագործումը: Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ եւ բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների: Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանքն ու դավաճանությունը: Համոզված եմ, որ հազարավոր կապանցիներ համամիտ են ինձ հետ ու չեն մեղադրի ինձ:

Ես ուզում եմ հավատալ, որ այս օրերին հնչող հայտարարությունները, թե մեկ տարի հետո մենք ունենալու ենք անճանաչելիորեն բարեփոխված Կապան, իրականություն կդառնան: Ու եթե դրան խոչընդոտում է միայն իմ կուսակցական պատկանելությունը, ապա ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը: Հանուն Կապանի եւ հանուն կապանցու ես հրաժարվում եմ ընտրապայքարից:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կապանցիներին իմ կողքին կանգնելու համար, ներողություն եմ խնդրում, եթե նման որոշում կայացնելով չեմ արդարացրել ձեր սպասելիքները: Հուսով եմ, որ ներողամիտ կլինեք: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ ամեն ինչ անելու եմ իմ քաղաքի, իմ ընկերների համար», – հայտարարել է Արթուր Աթայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արթուր Աթայանը այսօր` օգոստոսի 30-ին, ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրը դիմում է ներկայացրել թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովին:

Նշենք, որ Արթուր Աթայանը ՀՅԴ անդամ է եւ 2008-ից ղեկավարում էր Կապանը:

Այժմ Կապանում մնացել է մեկ թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ով էլ հաստատապես կդառնա քաղաքապետ:

NEWS.am

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply