Ասուլիս` Հայաստանում սեյսմիկ իրավիճակի թեմայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 17:26

Օգոստոսի 30-ին Երևանի «Սլաք» մամուլի ակումբում տեղի ունեցավ տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ իրավիճակի թեմայով մամուլի ասուլիս, որին ներկա էին ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը և շենքերի ու շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Խոսելով Հայաստանի վրա տարածաշրջանում տեղի ունեցած վերջին երկրաշարժերի ազդեցության մասին` Ա. Թովմասյանն ասաց.

– Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդեցին ուժեղ երկրաշարժեր՝ Ադրբեջանի Զաքաթալա քաղաքում, այնուհետև Իրանում, որի հետցնցումային շրջանը դեռ չի ավարտվել։ Դրան հաջորդեց Թուրքիայի Իգդիր քաղաքից ոչ մեծ հեռավորության վրա տեղի ունեցած երկրաշարժը, որը նույնպես զգացվեց Հայաստանում: Նշված երկրաշաժերի ընդհանուր գծերից մեկն այն է, որ դրանք տեղի են ունեցել նույն սեյսմաակտիվ գոտու Ալպ-Հիմալայան հատվածում: Այլ ընդհանուր բան այդ երկրաշարժերը չունեն: Դա նշանակում է, որ վերը նշված երկրաշարժերը Հայաստանի վրա որևէ ազդեցություն չէին կարող ունենալ` այլ երկրաշարժերի հարուցման պատճառ դառնալու տեսակետից: Քանի որ այդ երկրաշարժերը կապված են տարբեր խզվածքների հետ և արտահայտում են այդ խզվածքների կոնկրետ հատվածների սեյսմաակտիվությունը։

Ասուլիսի մյուս բանախոս Գուրգեն Նամալյանը ներկայացրեց, թե Իրանում տեղի ունեցած երկրաշարժն ու դրան հաջորդած հետցնցումներն ինչպիսի հետևանքներ են ունեցել Հայաստանի տարածքում գտնվող շենքերի և շինությունների համար:

– Իրանի երկրաշարժից հետո մենք մակրոսեյսմիկ հետազոտություն ենք կատարել Ագարակում և Մեղրիում։ Ըստ մեր հետազոտությունների` այդ քաղաքներում սեյսմիկ ինտենսիվությունը եղել է 5-6 բալ: Դա նշանակում է, որ շենքերի և շինությունների փլուզումներ չեն եղել: Քանի որ շենքերի մեծ մասն ունի ֆիզիկական մաշվածություն, որոշ տեղերում դրանց պատերի վրա ճաքեր են առաջացել:

Ասուլիսի վերջում Գ. Նամալյանը ևս մեկ անգամ հերքեց բնակչության շրջանում Հայաստանում կամ տարածաշրջանում առաջիկայում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերին և կոչ արեց իրազեկ լինել երկրաշարժ դեպքում անվտանգության վարքականոններին։

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply