Քննիչի կողմից կայացրած որոշման արժանահավատությունը ոչ մեկ չի ստուգել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | August 30, 2012 17:11

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նարեգ Հարթունյանի գործով հերթական դատական նիստը: Հարցաքննության էին  ներկայացել գործով իբրեւ վկա մասնակցող անձինք:

Առաջինը վկայություն տվեց Գագիկ  Հարությունյանը, ով աշխատում է մթերային խանութում, եւ 2010  թվականի ընթացքում Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս ՍՊԸ-ից ձեռք է բերել  այլյուր, մակարոնեղեն մանրածախ խանութում դրանք վաճառելու նպատակով: Վկան հայտնեց, որ ինքը չի ճանաչում ամբաստանյալներին:

Նա  դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան գումարի ապրանք է նա ձեռք բերել, սակայն ասաց, որ մոտ 15.000-25.000 դրամի:

Հարցին, թե արդյոք գնված ապրանքի դիմաց ստացել է հաշիվ-ապրանքագիր, թե ոչ, վկան ասաց՝ ոչ:

-Իսկ ինչու չեք վերցրել,-հարցրեց դատախազ Բագրատ  Պետրոսյանը:

-Չեն տվել,- եղավ պատասխանը:

Պաշտպանական կողմի հարցին, թե ինչպես է եղել, որ ինքը հաշիվ-ապրանքագիր չի վերցրել, վկան ասաց, որ պարզապես նայել է իր տետրում, որտեղ գրառումներ է արել այդ մասին, եւ չի տեսել նման գրառում:

-Կա արդյոք այդ տետրը,-hնչեց հարցը:

Վկան ասաց՝ չգիտի, թե այդ տետրը կա,  թե ոչ:

Արդյոք ինքը ենթարկվել է վարչական տույժի առանց հաշիվ-ապրանքագրի ապրանք գնելու համար, թե ոչ, վկան ասաց՝ ոչ:

Տպավորություն ստեղծվեց, որ եթե անգամ վկան  չի ստում, ուրեմն նախաքննական մարմնի նպատակն եղել է ոչ թե իսկապես հարկերից խուսափելու դեմ ուղղված քայլեր ձեռնարկելը, այլ կոնկրետ Հարթունյանին նման մեղադրանք առաջադրելը:

Հարցին, թե հաճախ է առանց հաշիվ-ապրանքագրերի աշխատում այլ ընկերությունների հետ, վկան ասաց. «Պատահում է մեկ-մեկ»:

Ցուցմունք տվեց նաեւ մեկ այլ մանրածախ խանութի հաշվապահ՝ Ագնեսա Մկրտչյանը: Նա ասաց, որ «Ցար» ապրանքանիշի ապրանք ստացել եւ վաճառել է խանութում: Վկան հայտնեց նաեւ,  որ ընկերությունից բերել են հաշիվ-ապրանքագիր, ստացել է ապրանք եւ դրել վաճառքի:

Դատախազ Բագրատ Պետրոսյանը հակասություն գտավ Ա. Մկրտչյանի՝ նախաքննական մարմնին եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ՝ նշելով, թե  քննիչին տված ցուցմունքում նա ասել է, որ 2010 թ. սեպտեմբերին  ընկերությունից իրեն հաշիվ-ապրանքագիր չեն տվել: Ա. Մկրտչյանն ասաց սակայն, որ հնարավոր է՝ 1-2 անգամ տեխնիկական պատճառներով առաքիչներն իրեն հաշիվ-ապրանքագիր չեն տվել,  բայց անգամ դա հաստատ ասել չի կարող, քանի որ ամիսը մոտ 200 հաշիվ-ապրանքագիր է ստանում, եւ հնարավոր է՝ մեկի մասին էլ չհիշի:

Ցուցմունք տալու համար դատարան էր ներկայացել նաեւ ՊԵԿ գլխավոր օպեր-լիազորներից   Գուրգեն Դավթյանը, ով ՊԵԿ 2 այլ ներկայացուցիչների հետ միասին կազմել էր վերստուգման ակտը` ընկերության դեմ /ինչի իրավաչափ լինելն,  ի դեպ, այս պահին քննվում է վարչական դատարանում/: Հիշեցնենք, որ վերստուգման ակտով ընկերությանն առաջադրվել է 111 մլն դրամի հարկային պարտավորություն:

Վկայի խոսքերով վերստուգումն իրականացվել է քննիչ Ռ. Մկրտչյանի որոշման հիման վրա, եւ հիմք են ընդունվել վերջինիս կողմից կայացրած որոշմանն առնչվող նյութերը:

Պաշտպանական կողմի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանի հարցին, թե արդյոք ինքը փորձել է ստուգել քննիչի տրամադրած տեղեկությունների ճշտությունն ու արժանահավատությունը, ՊԵԿ ներկայացուցիչն ասաց, որ իր պարտականությունների մեջ չի մտնում դրանք ստուգելը, այլ դրանց հիման վրա որոշում կայացնելը: Ստացվում է, որ վերստուգում իրականացնող մարմինը, և ընդհանրապես` ոչ մեկը, չի ստուգել քննիչի կողմից տրամադրված նյութերի ու տեղեկությունների արժանահավատությունը, որոնք հիմք են հանդիսացել վերստուգման ակտ կազմելուն, իսկ հետագայում` քրեական մեղադրանք ներկայացնելուն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 10-ին՝  11.00-ին:

Մարիամ Մուղդուսյան

 

 

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply