Փաստաբան. վաղ է խոսել Սաֆարովի հանձնման մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 30, 2012 16:00

 Օրեր առաջ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հունգարական «Figyelő» շաբաթաթերթի հրապարակման առիթով հանդես էին եկել հայտարարությամբ, որում իրենց մտահոգությունն էին հայտնում Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին հանձնելու հավանականության վերաբերյալ: Հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է ձեռք բերել հունգարական կառավարության կողմից թողարկվող 2 և 3 տարի ժամկետայնության նպատակային սուվերեն պարտատոմսեր: Հայաստանյան ՀԿ-ները իրենց հայտարարությամբ մտահոգություն էին հայտնում, որ նման տնտեսական գործարքին կհետևի Ռամիլ Սաֆարովի հանձնումը (էքստրադիցիա) Ադրբեջանին: Հարցի շուրջ իրենց դիրքորոշումն են հայտնում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և փաստաբան Անի Աթանեսյանը:

Լարիսա Ալավերդյան,

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ.

– Ռամիլ Սաֆարովին իր հայրենիքին հանձնելու բոլոր փորձերը մինչ օրս հունգարական կողմը մերժել է: Սակայն Ադրբեջանի շարունակական ջանքերը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու առումով կարող են այս անգամ դրական արդյունք տալ: Առաջիկայում կազմակերպությունների շրջանում քննարկում է կազմակերպվելու, որպեսզի որոշենք հետագա ավելի միասնական ու կազմակերպված գործողությունները:

Վերջին տարիներին հունգարական իշխանության քաղաքականությունը մի շարք բացասական գործողություններով բնութագրվեց: Մի քանի լուրեր, այդ թվում և Ադրբեջանի՝ Հունգարիայի հետ երկու միլիարդանոց գործարքի մեջ մտնելը, կարծում եմ, պետք է բոլորիս անհանգստացնի: Դա նոր ազդակ է, Հայաստանի հասարակությունը այդ գործողության դեմ պետք է բողոքարկի:

Ռամիլ Սաֆարովը հրեշավոր հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Ադրբեջանում հռչակվեց ազգային հերոս: Այդ հերոսացումը շարունակվում է մինչ օրս:

Դեռ դատի ժամանակ մարդասպան Ռամիլ Սաֆարովի պաշտպանը հայտարարել էր, որ հայի սպանությունը Ադրբեջանում հանցագործություն չի համարվում: Դա, ինչպես նաև այլ նոր հայտարարություններ, կարող են հիմք ծառայել, որ էքստրադիցիայի դեպքում մարդասպանը չկրի պատիժը, հակառակը՝ հերոսացվի: Դա հղի է այնպիսի երևույթներով, ինչպիսին օրինակ մարդատյացության, տվյալ դեպքում Ադրբեջանի կողմից հայատյացության սինդրոմի տարածումն է առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տարածաշրջանի համար: Մենք պետք է կարողանանք դիմադրել ռասիզմի քաղաքականությանը:

Անի Աթանեսյան, փաստաբան.

«Էքստրադիցիան մեկ պետության կողմից հանցանք կատարած անձի հանձնումն է մեկ այլ պետությանը քրեական պատասխանատվության ենթարկելու և կայացված դատավճիռն ի կատար ածելու համար, որը կատարվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

Էքստրադիցիայի ենթարկվելով՝ անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում և պետությունը պարտավորվում է ընդունելով տվյալ անձին, ի կատար ածել մյուս պետությունում կայացված դատավճիռը: Հայաստանյան կազմակերպությունների մտահոգությունը տեղին է, հայկական կողմը միշտ էլ պետք է ակտիվ լինի, քանի որ անձին հանձնելը պետության իրավունքն է: Ցանկացած դեպքում Հունգարիան ինքը կարող է որոշել դա, եթե վստահ լինի, որ Ադրբեջանը պատշաճ կարգով քրեական պատասխանատվության կենթարկի և ի կատար կածի դատավճիռը: Միգուցե եթե աղմուկը դադարի, Հունգարիան իրականացնի հանձնումը:

Կան որոշակի միջազգային-իրավական խնդիրներ՝ կապված Ռամիլ Սաֆարովի հանձնման հետ: Այդ իսկ պատճառով հարցն ավելի շատ ոչ թե քաղաքական է, այլ միջազգային-իրավական: Ադրբեջանի Գերագույն դատարանի նախագահը ռուսական մամուլին տված հարցազրույցում նույն կերպ է անդրադարձել խնդրին՝ նշելով, որ այն ոչ այնքան կախված է հայերի միջամտությունից, որքան միջազգային իրավունքից ու միջազգային իրավունքի կարգավորումից: Ներկայումս Ադրբեջանի և Հունգարիայի միջև չկան հանձնման մասին համաձայնագրեր, իսկ հանձնումը չի կարող կատարվել առանց կողմերի միջև առկա նման համաձայնագրի:

Ներկայում հանձնման իրավական հարցերը կարգավորող ունիվերսալ միջազգային պայմանագիր գոյություն չունի, առկա են տարածաշրջանային պայմանագրեր, որոնք տարածաշրջանային մակարդակով փորձում են կարգավորել հանձնման հետ կապված իրավական խնդիրները: Այդպիսի տարածաշրջանային պայմանագիր է Հանձնման վերաբերյալ 1957թ. Եվրոպական կոնվենցիան, որը վավերացրել են ինչպես Հունգարիայի Հանրապետությունը, այնպես էլ ՀՀ-ն և Ադրբեջանը: Սակայն նույնիսկ 1957թ. նշված կոնվենցիան հնարավորություն չի տալիս Ադրբեջանի Հանրապետությանը պարտավորեցնելու Հունգարիայի Հանրապետությանը հանձնել Ռամիլ Սաֆարովին, ընդհակառակը՝ նույնիսկ որոշակի խոչընդոտներ է ստեղծում այդ հանձնման համար:

Այսպես՝ Հանձնման վերաբերյալ 1957թ. Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածն ընդհանրապես արգելում է անձի հանձնումը, եթե առկա է անձի վերաբերյալ վերջնական դատական ակտ: «Ներկայումս Սաֆարովի վերաբերյալ կա վերջնական դատական ակտ` Հունգարիայի Հանրապետության կողմից կայացված դատավճիռ: Հետևաբար այս պայմանագրով Սաֆարովի հանձնումն այլևս չի կարող իրականացվել: Անհրաժեշտ է որևէ երկկողմանի համաձայնագիր`Հունգարիայի և Ադրբեջանի միջև քրեական գործերով փոխօգնության կամ հանձնման վերաբերյալ, որով Հունգարիան և Ադրբեջանը կպայմանավորվեն միմյանց հանձնել հանցագործներին:

Քանի դեռ չկա նման համաձայնագիր, վաղ է խոսել Սաֆարովի հանձնման մասին»,-նշեց փաստաբան Անի Աթանեսյանը: Նրա կարծիքով որևէ տնտեսական համագործակցություն Ադրբեջանի հետ դեռ չի նշանակում, որ նման համաձայնագիր է կնքվելու: Եթե անգամ կնքվի էլ՝ առաջանում է երկրորդ խնդիրը Ադրբեջանի համար: Կալանքի տակ եղած Սաֆարովը հարձակում էր գործել բանտապահի վրա, ինչը հիմք դարձավ նրա նկատմամբ ևս մեկ քրեական գործ հարուցելու և երկրորդ դատավճիռը կայացնելու համար: Սա արդեն երկրորդ հանցագործությունն է, որի համար նշանակված պատիժը անձը դեռևս չի կրել, այսինքն նա դեռ պետք է սպառի Հունգարիայի պետականության դեմ ուղղված հանցագործության համար սահմանված ժամկետը, հետո միայն կարող ենք խոսել հանձնման մասին:

Այդուամենայնիվ, պետք է զգոն պահել Հունգարիայի իշխանությանը, չպետք է մոռանանք, որ հանցագործություն է կատարվել ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հայաստանի կարծիքը շատ էական է, ակտիվությունը խրախուսելի է, ավելին՝ պետք է ակցիաներ լինեն՝ կանխելու համար Ադրբեջանի ցանկացած ցանկություն, միգուցե նաև Հունգարիայի կողմից ցանկության դրսևորում:

«Փաստինֆո»

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply