ՃՈ գնդապետ Նորիկ Սարգսյանի համար ամենահետաքրքիր թեման ամրագոտիներն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 16:16

“Այսօր չես գտնի որևե մեկին, ով ամրակապված չէ,-վստահեցնում է ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը ու ավելացնում, որ իր ամենասիրած թեման հենց ամրագոտիներն են:-Ամբողջ օրը ամենահետաքրքիր թեման ինձ համար` որպես  ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, էդ ամրագոտիներն են: Ես ինքս ամբողջ օրը ամրակապված եմ ու սիրում եմ, որ բոլորն էլ ամրակապվեն”:

Ինչ վերաբերում է մգեցված ապակիներին, որոնք, ըստ երևույթին, նպաստում են ամրագոտիների վերաբերյալ օրենքի խախտմանը, քանի որ վարորդները, թաքնվելով մգեցված ապակիների ետևում, չեն գցում անվտանգության ամրագոտիները, այս հարցով ՃՈ գնդապետն ասաց. “Շուրջ 5 տարի է (2007 թվականից)` Կառավարության որոշումը դուրս է եկել`համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը թույլատրելի է` բացի առջևի կողքային ապակիներից և դիմապակուց, որոնց լուսաթափանցելիության աստիճանը պետք է լինի համապատասխանաբար 70 և 75 տոկոս: Դրանցից հետ ինչ ուզում է թող լինի, քանզի, հետևի ապակիների մգեցվածությունը ճանապարհային անվտանգությանը չի խոչընդոտում”:

“Անկախ”-ի այն հարցին, թե ինչպես են վերաբերվում այն վարորդներին ու, հատկապես, երթուղային ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներին, որոնց տրանսպորտային միջոցների վրա փակցված են կեղծ կամ ժամկետնանց ԱՊՊԱ կտրոններ, սակայն ազատ երթևեկում են քաղաքում, ապա Նորիկ Սարգսյանն ասաց, որ օրվա ընթացքում եթե ԱՊՊԱ կտրոնների վերաբերյալ միջինը 20 արձանագրություն է կազմվում, ապա դրանցից երկուսը կեղծ կամ ուրիշի ԱՊՊԱ կտրոն տեղադրելու վերաբերյալ է լինում, որի համար նախատեսվում է 150.000 դրամ տուգանք, սակայն թե դրանց թվում  արդյոք լինում են ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներ,  պարոն Սարգսյանը դժվարացավ պատասխանել:

Նորիկ Սարգսյանը անդրադարձավ նաև գերբեռնված երթևեկող միկորավտոբուսների խնդրին  և ասաց, որ, ճիշտ է, նման վիճակով ուղևոր փոխադրելը  իսկապես օրենքի ակնհայտ խախտում է, սակայն իրենք չեն կարող կանգնել կանգառներում և հատ հատ ուսումնասիրելով ստուգել, արդյոք այս կամ այն միկրոավտոբուսոը նախատեսվածից ավեի շատ մարդ է տեղափոխում, թե ոչ: Նա նշեց, որ այս հացին պետք է լուծում տա քաղաքապետարանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply