ՀՅԴ-ն համոզելու է պատգամավորներին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Գայանե Նազարյան | February 12, 2010 15:32
«Հայաստանը վայրկյան առաջ պիտի հայտարարի, որ Թուրքիան տապալել է գործընթացը, մինչդեռ ՀՀ նախագահը ժամանակ ու հետևաբար՝ գործընթացը առաձգականացնելու շանս է տալիս Թուրքիային»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ դաշնակցական գործչի՝ գործընթացը ձգձգելու պատճառը ոչ թե բուն արձանագրություններն են, այլ՝ դրանք որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը. «Սկզբունքորեն Թուրքիան սրանից լավ արձանագրություններ ստանալ չի կարող ու համաձայն է վավերացնելուն, բայց նրան անհանգստացնում են «խելամիտ ժամկետները»: Ուստի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի նորմալացնելու, մինչև Ղարաբաղի հարցում իրենց տեսանկյունից առաջընթաց լինի»,-ասում է Կիրո Մանոյանը:
Մանոյանը նշեց, որ Թուրքիան, օրինակ, Սարգսյանի «մտքում եղած» խելամիտ ժամկետների սահմանում կարող է քննարկումներ նախաձեռնել իրենց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Արդյունքում, Բայդենը կամ Քլինթոնը կզանգահարեն ու Հայաստանն էլ չի կարողանա ետ կանչել իր ստորագրությունն, ինչի հնարավորությունն ԱԺ-ի կողմից հաստատվելու դեպքում տալիս էր երեկ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի ստորագրողը ցանկացած ժամանակ՝ մինչև իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից՝ դրա մասին հստակ կերպով հայտնելով իր մտադրությունը:
Եթե ազգային ժողովը քննարկի հայ-թուրքական արձանագրությունները՝ վավերացնելու համար, ապա ՀՅԴ-ն ինտերնետային ստորագրահավաք է սկսելու՝ ԱԺ պատգամավորներին հորդորելով չվավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ներկայիս տեսքով: Հայաստանյան ստորագրահավաքն արդեն իսկ մեկնարկել է:
«Մեր պատգամավորները ցույց են տվել, որ երբ հարցը վերաբերում է իրենց անձնական քսակին, իրենք կարող են կոալիցիայի առաջարկին դեմ քվեարկել: Եթե կարողանանք հասնել իրենց անձնական արժանապատվությանն ու ասել, որ ձեր ամբողջ գերդաստանը պատմության մեջ է մտնելու որպես մեր իրավունքները ծախած պատգամավորի գերդաստան, կարծում ենք՝ մի շարք պատգամավորների կարելի է համոզել»,-ասաց Մանոյանը






Facebook
Tweet This
Email This Post
