Ինչպե՞ս է տրամադրվում հողամասը ձեռքբերման վաղեմության ուժով

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | September 2, 2012 17:08

Քաղաքացիների շրջանում հաճախ հարցեր են առաջանում, թե արդյոք կարո՞ղ են իրենց անունով գրանցել այն հողամասերի նկատմամբ իրավունքը, որոնք երկար տարիներ օգտագործուեմ են, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ հողամասերը գրանցված չեն:

Տվյալ հարցին լիարժեք պատասխանելու համար պետք է անդրադառնալ այդ գործընթացի որոշ մանրամասների: Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Իսկ ձեռքբերման վաղեմության իրավունքն այդ անձանց նախապատվության իրավունքն է իրավաբանորեն ձևակերպել այդ հողամասերի նկատմամբ իրենց օգտագործման իրավունքը այդ հողամասերը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում: Նման հողամասերն այլ նպատակային նշանակության համար վերցնելու դեպքում ձեռքբերման վաղեմության իրավունք ունեցող անձանց պետք է փոխարենը տրամադրվեն այլ հողամասեր, կամ պետք է հատուցվեն նրանց վնասները` նույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերով:

ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների իմաստն այն է, որ առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում նշված հողատարածության նկատմամբ ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը, եթե`

1) համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,

2) հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը,

3) հողամասն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանա-պարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:

Քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը, կամ եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար, և եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով:

Այլ սեփականատիրոջը պատկանող հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագումը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով, մասնավորապես` 187-րդ հոդվածով:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2656 անգամ:
Print Friendly

Leave a Reply