Հոգեբուժարաններում բուժվողները սովորական մարդիկ են և հասարակության լիիրավ անդամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 5, 2012 15:02

Նախավերջին համարում անդրադարձել էինք հոգեբան-հոգեբույժ հասկացություններին և մեր երկրում այդ ինստիտուտի ձևավորմանը խանգարող խնդիրներին: Խոստացել էինք ներկայացնել մանրամասներ հոգեբուժական կլինիկաներում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանի հետ զրույցում տեղեկացանք, թե որքանով է այս ոլորտը պետության ուշադրության կենտրոնում, և առհասարակ ինչ վիճակում են գտնվում այսօրվա հոգեբուժարանները: Սա թերևս այն ոլորտն է, որի մասին ամենաքիչն  է խոսվում: Գուցե այն պատճառով, որ այս ծառայությունից օգտվող մարդիկ բարդութավորվում  և նախընտրում են ստվերում մնալ:  Այս պարագայում դժվար է դառնում հստակ վիճակագրություն կազմելը, քանի որ հոգեկան խնդիրներ և լուրջ խեղումներ ունեցող պոտենցիալ հիվանդներից ոչ բոլորն են հոգեբուժարաններում հաշվառվում և ստացիոնար բուժում ստանում: Շատ հաճախ հիվանդի մերձավորները գերադասում են կրել հարազատից սպառնացող վտանգը և հանձն առնել նրա խնամքը տան պայմաններում: Պատճառները թերևս խոր արմատներ ունեն:

Այսօր մեզանում չկա հստակ պատկերացում, թե առհասարակ ինչ են իրենցից ներկայացնում հոգեբուժարանները, երբեմն այդ բառն անգամ լսելիս մարդուն սարսուռ է պատում անիրազեկության և թյուրըմբռնման հետևանքով: Հասարակության մեջ ձևավորված կարծիք կա, թե նման վայրերում միայն վտանգավոր, ծայրահեղ հոգեկան հիվանդներ են բուժվում, որոնք, ընդ որում, միշտ մեկուսացվում են: Այս կարծիքը, մասնագետների գնահատմամբ, ապատեղեկատվության հետևանք է: Այն կառույցները, որտեղ այցելում, կամ ստացիոնար բուժում են ստանում քաղաքացիներից շատերը, սովորական բժշկական կլինիկաներ են, որոնց սովորաբար անվանում են հոգեբուժարան:

Հոգեբուժական բժշկական կենտրոնը, որը գործում է որպես մեկ միավոր և ունի հինգ բաժանմունք, ղեկավարում է երկրի գլխավոր հոգեբույժը` Սամվել Թորոսյանը: Այդ բաժանմունքներն առանձին հիվանդանոցներ են, որոնք գտնվում են տարբեր համայնքներում` Նուբարաշենում, Նորքում  և Ավանում: Իսկ երկուսը գործում են որպես նարկոլոգիական դիսպանսեր և նևրոզների կլինիկա: Բացի այդ, հոգեբուժական կլինիկաներ կան նաև Սևան և Արմաշ քաղաքներում, իսկ Գյումրու, Կապանի և Վանաձորի հիվանդանոցները իրականացնում են ստացիոնար բուժում: Եվս երկուսն էլ գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում. մեկը` Վարդենիս քաղաքում, որտեղ բուժվում են արդեն քրոնիկ հիվանդները, մյուսը` Քասախում:

Մեր երկրի առողջապահության նախարարության կողմից  ամեն տարի այս ոլորտին որոշակի  գումար է հատկացվում, որով, սակայն, հնարավոր չէ լիովին լուծել ոլորտում առկա խնդիրները, մասնավորապես, արդիականացնել, վերանորոգել կլինիկաների մասնաշենքերը, թեև տարեցտարի դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ որոշ գործընթացներ լինում են: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում գլխավոր հոգեբույժն ակնկալում է ավարտին հասցնել հոգեբուժարանի անհրաժեշտ գույքի և բուժգործիքների ձեռքբերման գործընթացը: Մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ որոշ չափով ներդրումներ են կատարվել: Օրինակ` Հունաստանի կառավարության ծրագրով նարկոլոգիական բաժանմունքում հնարավոր եղավ լուծել արևային էներգիայով տաք ջրի օգտագործման խնդիրը: Այժմ արևային մարտկոցների միջոցով շուրջտարին կլինիկան ապահովված է տաք ջրի համակարգով: Իսկ ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվեցին երկու բաժանմունքները, և կառուցվեց նոր կաթսայատուն: «2004 թ. Ավանի հոգեբուժական կլինիկայում մեր ուժերով կաթսայատուն կառուցեցինք և լուծեցինք նաև ջեռուցման հարցը: Մայրաքաղաքի 4 հիվանդանոցներն էլ այսօր ջեռուցված են և շուրջօրյա տաք ջրամատակարարում ունեն: Սևանի հոգեբուժարանին կից «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության աջակցությամբ ստեղծվել է հոգեբուժական բժշկական կենտրոն, և Գեղարքունիքի մարզի բոլոր շրջաններում կան գործող հոգեբուժական սենյակներ, որտեղ թիմային աշխատանք է տարվում: Ֆինանսական աջակցության դեպքում գործընթացը կտարածենք նաև մյուս մարզերում»,- ասաց Սամվել Թորոսյանը:

Նշենք, որ հոգեբուժական ցանկացած ծառայություն անվճար է, և պետպատվերի շրջանակներում հիվանդները կարող են ստանալ անվճար դեղորայք և ստացիոնար բուժում:

Տվյալ բաժանմունքներում այժմ ստացիոնար բուժում է ստանում 650 հիվանդ: Իսկ առհասարակ հանրապետությունում ընդհանուր առմամբ հաշվառված է մոտ 45 հազար մարդ: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ինքնակամ դիմել են կենտրոնին և ստանում են համապատասխան բուժօգնություն, որի մեջ մտնում է ոչ միայն խորհրդատվությունը, այլև ժամանակակից անվճար դեղորայքային պարագաները: Հիվանդանոցներում այսօր բուժվում է մոտ 1100 հիվանդ, իսկ մնացածները հասարակության լիիրավ անդամներ են և ապրում են սովորական կենցաղով: «Պետք է առհասարակ վերանա խտրականությունը հիվանդների և առողջների միջև թե՛ հասարակության մեջ, թե՛ աշխատանքի ընդունվելիս: Նրանցից մի քանիսին նույնիսկ աջակցել ենք աշխատանքի ընդունվելու հարցում»:

Հիվանդների մեջ կանանց թիվն ավելի քիչ է, որի պատճառը, ըստ գլխավոր հոգեբույժի, այն է, որ նրանք ավելի հեշտ են դուրս գալիս պաթոլոգիկ իրավիճակներից: Սովորաբար ծայրահեղ սուր դեպքերի բուժման համար  մասնագետներից պահանջվում է 24 ժամ: Ինչ վերաբերում է մասնագետների առկայությանը, ապա Սամվել Թորոսյանը վստահեցնում է, որ այսօր բավական լավ երիտասարդ կլինիկական հոգեբաններ ու հոգեբույժներ  կան, որոնք ցանկացած հիվանդի օգնություն ցույց տալու հմտություն ունեն:

Հոգեբանների ծառայություններից օգտվողներն այսօր շատ են, սակայն ստվերում են մնում` այդ մասին լուրեր տարածվելու վախից ելնելով: Եթե շատ երկրներում, մասնավորապես` Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում հոգեբանի ինստիտուտը բավական զարգացած է, և նույնիսկ ընտանեկան հոգեբաններ կան առօրյա սեանսների անցկացման համար, ապա մեր երկրում դանդաղ է ձևավորվում հոգեբանի ծառայությունը: Շատ մասնագետների հավաստմամբ` հարցն այն է, որ մարդիկ սովորաբար չեն կարողանում իրենց խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն Սամվել Թորոսյանի դիտարկմամբ` Հայաստանում արդեն աստիճանաբար նկատվում է հակառակ միտումը:

Իսկ ե՞րբ է առհասարակ առաջանում հոգեբանին կամ հոգեբույժին դիմելու խիստ անհրաժեշտություն: Զրուցակիցս մանրամասնեց. «Եթե որևէ մարդու մեջ դրսևորվում են այս կամ այն վարքային կամ կամային հոգեկան խանգարումներ, ապա նա պետք է դիմի հոգեբույժի: Նյարդայնանալ կարող են բոլորը: Շատ երկրներում մարդիկ պարբերաբար օգտվում են հոգեբանական ծառայություններից և նույնիսկ իրենց անհատական հոգեբանն ունեն: Այժմ Հայաստանում էլ այդ երևույթի միտում է նկատվում: Հոգեբանի և հոգեբույժի ծառայությունները միմյանցից տարանջատվում են իրենց արտոնություններով: Հոգեբույժը, ի տարբերություն հոգեբանի, անցկացնում է բուժական աշխատանքներ և առնչություն ունի դեղորայքային բուժման հետ: Իսկ հոգեբանները բժշկական կրթութուն չունեն և  անցկացնում են միայն անհատական և խմբակային թերապիա: Մենք այսօր շատ լավ հոգեթերապևտներ ունենք, որոնց աշխատանքը շատ արդյունավետ է և գոհացնող: Իսկ ընդհանուր առմամբ ունենք 180 հոգեբույժ»:

Այսօր հասարակության մեջ առավել տարածված հոգեկան հիվանդություններից են շիզոֆրենիան և սրացած նևրոզը: Բնակչության շրջանում կարծիք կա, թե իրենցից յուրաքանչյուրը տառապում է քրոնիկ նևրոզով: Գլխավոր հուգեբույժ Ս. Թորոսյանի պարզաբանմամբ` նևվրոզի մասին հասարակությունը ոչ ճիշտ պատկերացում ունի: Նյարդային խնդիրներ ունենալը դեռ նևվրոզ չէ: Նևրոզներով հիվանդների համար գործում է համապատասխան կլինիկա, որտեղ դիմողներն այնքան էլ շատ չեն, թեպետ նրանց թիվը հանրապետությունում բավական մեծ է: Նևրոզի ազդանշանները կպչուն շարժումներն են, կպչուն մտքերը և մարդուն համակող վախերը: Իսկ ծանր հիվանդություններից շիզոֆրենիայի ազդանշաններն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ մարդը կորցնում է կամային ունակությունները, դառնում է բոլորովին անտարբեր երևույթների նկատմամբ: Այժմ կան ժամանակակից դեղամիջոցներ, որոնք նպաստում են հիվանդի ապաքինմանը: Սամվել Թորոսյանի տեղեկացմամբ` նույնիսկ այս հիվանդության ծայրահեղ աստիճանի դեպքում  ներկայիս բժշկությունն ու դեղորայքային պայմանները հիվանդին առողջանալու հնարավորություն են տալիս: Թեպետ մարդու նյարդային բջիջները յուրաքանչյուր նյարդային անկման ժամանակ չեն վերականգնվում, հիվանդները կարողանում են գոնե պահպանել եղածը:

Հասարակության համար այսօր հոգեկան խնդիրներով տառապող և պոտենցիալ վտանգ ներկայացնող շատ մարդիկ կան, որոնք ապրում են մեկուսացված, մերձավորների կողմից որոշակի արգելքների պայմաններում: Սամվել Թորոսյանը մատնանշում է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներից նման մարդիկ  պարտադիր կարգով հաշվառվում և հոսպիտալացվում էին: Սակայն այժմ օրենքը նախատեսում է հոգեբուժարանում պառկեցնել հիվանդին միմիայն իր կամքի համաձայն, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին խախտում է հարևանների  և բնակիչների հասարակական կարգն ու անդորրը: Նման պարագայում զրուցակիցս հորդորում է դիմել ոստիկանության համապատասխան բաժին, որից հետո տվյալ անձն ուղարկվում է ախտորոշման և  հոգեկան լուրջ խանգարումներ ի հայտ գալու դեպքում դատարանի միջնորդությամբ տեղափոխվում է կլինիկա` համապատասխան բուժում ստանալու: «Բոլորը կարող են տանը պահվել,  բայց եթե տվյալ անձը սոցիալական վտանգ է ներկայացնում, ապա պետք է հոսպիտալացվի, թեպետ մարդկային շատ գործոններ են խանգարում այդ պարագայում իրավապահ մարմիններին դիմելու համար»,- ասում է Ս. Թորոսյանը` հիշեցնելով, որ 2004-ից գործում է հոգեբուժական ծառայության մասին օրենքը, որում հստակ ամրագրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի հոգեբուժական օգնություն ստանալու, սակայն` հոժարակամ: Ոչ հոժարակամ հոսպիտալացում տեղի է ունենում այն պարագայում, երբ տվյալ անձը լուրջ վտանգ է ներկայացնում, թե՛ հասարակության, թե՛ իր անձի նկատմամբ և կարող է ծայրահեղ քայլերի դիմել:

Ինչպես տեղեկացրեց Սամվել Թորոսյանը, ԱԺ համապատասխան վարչության հետ կառույցը համագործակցում է օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Վերջին լրացումն ուղղված էր այն կետի ավելացմանը, որ ոչ հոժարակամ կարող են հոսպիատալացվել նաև այն դեպքերում, երբ անձն ի վիճակի չէ ազատ արտահայտելու իր կամքը և անճարակ վիճակում է: «Բոլոր նման դեպքերում  մենք պարտավոր ենք 72 ժամվա ընթացքում հիմնավորել այն կարծիքը, որ տվյալ անձը կարիք ունի հոգեբուժարանում պառկելու, և դատարանի որոշմամբ միայն կարող ենք նրան ուղարկել ստացիոնար բուժման: Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ այս օրենքը չի կիրառվում: Ոչ հոժարակամ հիվանդների մեջ կան հարկադիր բուժվող հիվանդներ, որոնք կատարել են այս կամ այն հանցագործությունը և դատարանի որոշմամբ հայտարարվել են անմեղսունակ: Վերջիններիս թիվը հանրապետությունում հասնում է 120-ի, իսկ ոչ հոժարակամ հոսպիտալացվածների թիվը 10-15 է: Հաշվառման արդյունքում նրանց տրվում են առավելություններ: Նրանք օգտվում են անվճար դեղորայքից, լաբորատորիայից, ստոմատոլոգիական, թերապևտիկ ու նյարդաբանական բուժում ստանում: Կենտրոնում հիվանդներից 120-ը հիմնականում սոցիալական կապերը կտրած մարդիկ են, որոնք բնակության վայր, մերձավորներ չունեն, մտավոր թերզարգացած են, ոմանք դուրս չեն գալիս պսիխոտիկ վիճակից և գտնվում են պետական հոգածության և խնամքի տակ: Նրանք դարձել են մեր ընտանիքի անդամ: Ցավոք սրտի, ժառանգականությունը որոշակի ազդեցություն ունի հոգեկան խնդիրներ ունենալու տեսանկյունից, սակայն պարտադիր գործոն չէ: Կարող են ծնողներից երկուսն էլ հիվանդ լինել, իսկ երեխան չժառանգի նրանցից ոչինչ և լրիվ առողջ լինի: Դա չպետք է խարան լինի»,- ասում է հոգեբույժը: Նա միաժամանակ խորհուրդ է տալիս քաղաքացիներին չխուսափել հոգեբանի կամ հոգեբույժի ծառայություններից. «Եթե որևէ մեկն իր հարազատի մոտ նկատում է որևէ տարօրինակություն, երևույթներ նորմայի սահմաններից դուրս, ապա  պետք է դիմի  մասնագետի, դրա մեջ ամոթալի ոչինչ  չկա»:

Այսօր դեղորայքի վաճառակետերում գործում են հոգեմետ դեղերի գնման խիստ սահմանափակումներ: Նախ` գնորդը  որևէ հոգեմետ դեղամիջոց գնելուց առաջ պարտադիր պետք է անձնագրի տվյալներ և դեղատոմս ներկայացնի, որը տրված է արտահիվանդանոցային հոգեբուժական բաժանմունքների համապատասխան մասնագետների կողմից: Իհարկե, երբեմն ապօրինի ձեռքբերման մասնավոր դեպքեր են արձանագրվում, սակայն այս դեղերի վաճառքը խիստ հաշվառման է դրված: «Հիմնականում բոլոր անհրաժեշտ հիվանդները հոգեմետ դեղորայք ստանում են պետպատվերի շրջանակներում, շատ քչերն են, որոնք կարող են իրենց նախընտրած դեղատնից գնել իրենց նախընտրած ֆիրմայի դեղը»,- ասում է Սամվել Թորոսյանը` նշելով այդ հոգեմետ դեղերի չարաշահումների բացասական ազդեցությունը. տոքսիկոմանիա, կախվածություն, որն էլ ընկալվում է որպես հիվանդություն: Դիմողները կարող են անհապաղ բուժում ստանալ: Ի դեպ, հոգեմետ դեղորայք կարող են նշանակել միայն հոգեբույժն ու այն մասնագետները, որոնք առնչություն ունեն բուժական աշխատանքի հետ:

Լ.Ն

Դիտվել է 3635 անգամ:
Print Friendly

Leave a Reply