Միայն նամուսն է, որ շուկայում չի վաճառվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 1, 2012 14:58

Աշխատանքի տեղավորման գործակալությունների ու հայ աղջիկների վարքուբարքի մասին

  Մի ընկերության տնօրեն ցանկանում էր աշխատանքի ընդունել բարետես ու գեղեցիկ արտաքինով 22-30 տարեկան աղջիկների: Պահանջները շատ չէին, բայց ամեն մեկի համար էլ չէին:

Տնօրենի ամենախիստ պահանջը հետևյալն էր. «Պահանջում եմ աշխատանքից դուրս շփվող կանանց ու աղջիկների: Եթե տիրապետում եք համակարգչային տարրական գիտելիքների` լավ, իսկ եթե գիտեք լեզուներ` ավելի լավ»: Բայց սա դեռ ամենը չէ. հայտարարության վերջում նշված էր, որ բոլոր ցանկացողները պետք է ազատ ոճի 4 լուսանկար ուղարկեն մեծարգո շեֆին, հետո էլ` փորձաշրջան անցնեն, բնականաբար` «աշխատանքից դուրս»:

«Անկախը» փորձեց կապվել հայտարարությունը տեղադրողների հետ, նրանք հաստատեցին հայտարարության իսկությունը ու ավելացրին. «Իսկ դա մեր պահանջն է, հիմնարկի տերը ես եմ ու ես պետք է թելադրող լինեմ»: Հայտարարությունը տեղադրած աշխատանքի տեղավորման գործակալությունն էլ նշեց, որ իրենք տեքստի բովանդակային առումով «փաս» են. պատասխանատուն հայտարարություն տվողն է:

Մեր հերոս Արմինե Ղազարյանը (հերոսների անունները հասկանալի պատճառներով փոխված են – հեղ.) պատմում է, որ ամուսնուն կորցնելուց հետո որոշել է աշխատանք գտնել ու դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություններ ու դեռ կանխավ վճարել` իրեն աշխատանք գտնելու համար:

– Մի օր զանգահարեցին ու ասացին, որ ինձ համապատասխան աշխատանք են գտել: Նախնական պայմանավորվածությամբ առաջին աշխատավարձի կեսն իրենց օֆիսինն էր լինելու, համաձայնել էի: Գնացի այդ աշխատանքի հետևից: Ներկայացրել էին, թե գրասենյակային աշխատանք է` առավոտյան 9-18-ը, միայն պետք է պատասխանեմ հեռախոսազանգերին: Տնօրենն ինձ ընդունեց աշխատանքի, առաջին ամսվա աշխատավարձի կեսը գանձեց այդ գործակալությունը, ամեն ինչ կարծես լավ էր: Շեֆն ասաց, որ ես պետք է ուղեկցեմ իրեն տարբեր հանդիպումների ժամանակ: Համաձայնեցի, ճար չունեի,- պատմում է Արմինեն:

Նա ասում է ամենակարևորը.

– Օր օրի համոզվում էի, որ շեֆն այլ ցանկություններ ունի, մի գեղեցիկ օր էլ, ասաց. «Արի սուրճ խմենք իմ կաբինետում, հետդ խոսալու կա»: Ես գնացի: Նա երկար-բարակ խոսեց, հետո ակնարկեց, թե կարող ենք միասին էլ լինել, իսկ ինչո՞ւ ոչ: Ասացի` մեր հարաբերություններն աշխատանքային են, նա էլ` ի՞նչ կլինի որ, կյանքս»:

Մեկ շաբաթ կնոջն անընդմեջ համոզելու, «կապելու» փորձերը դատապարտվում են անհաջողության:

– Արդեն համբերությանս բաժակս լցվել էր: Մի օր էլ, թե` իրար հետ գնում ենք սաունա: Ասացի` չէ: «Բա եթե չէ, ուրեմն ազատման դիմում գրի ու ռադ ըլի»: Գրեցի դիմումը ու դուրս եկա աշխատանքից: Ես պատիվ ունեմ, թասիբ ունեմ, ի վերջո, մանկահասակ երեխա ունեմ, ինչո՞ւ իմ անդարդ գլուխը դարդի տակ դնեմ` կապվելով մի անծանոթ, ընտանիք ունեցող տղամարդու հետ: Երբեք: Պետք լինի` հավաքարար էլ կաշխատեմ, բայց սիրուհի չեմ դառնա:

Մեր մյուս հերոսուհին Զարուհի Սարգսյանն է` համարձակ, խելացի կին: Արդեն 7 տարի է, ինչ աշխատում է ընկերությունում (անունը չի ցանկանում նշել- հեղ.), ասում է, որ լավ էլ յոլա է գնում տնօրենի հետ:

– Գիտեք, ես 10-րդ դասարանն ավարտել եմ ու մասնագիտական կրթություն չեմ ստացել: Հայրս մահացել է, իսկ մայրս գնացել է Մոսկվա` քրոջ մոտ` ինձ թողնելով մեն-մենակ: Ընդհարում կար, չեմ ցանկանում հիշել դա: Ընկերուհուս խորհրդով ընդունվեցի աշխատանքի. դա 2005 թվականն էր: Տնօրենն ինձ հավանեց, ես էլ,- ասում է Զարուհին:

Մեր այն հարցին, թե արդյոք, կատարո՞ւմ է գործատուի բոլոր հանձնարարությունները, ծիծաղելով ասում է.

– Դե, ես ամուսնացած չեմ: Շեֆս էլ լավ մարդ է, չնայած ընտանիք ու երեխաներ ունի: Ես հո նրա ընտանիքը չե՞մ քանդում: Ուղղակի երբեմն-երբեմն նրա համար հաճելի ժամանակ ենք անցկացնում:

Զարուհի Սարգսյանը նշում է, որ այդ ամենը բռնություն համարել չի կարելի, քանի որ արդեն երկար տարիներ է, ինչ իր շեֆի ընտանիքը համերաշխ ապրում է, որևէ խոչընդոտ չկա:

– Ես երբեք բռնության չեմ ենթարկվել, ինձ սիրում են աշխատավայրում, իսկ մեր միության մասին գիտենք միայն ու միայն մենք,- նշում է Զարուհին:

Մի կազմակերպության երիտասարդ տնօրեն Արմեն Պետրոսյանը (անունը դարձյալ փոխված է) նույնպես բախվել է այս խնդրին: Մի քանի տարի առաջ հայտարարություն է տպել թերթերից մեկում: Քարտուղարուհի շատերն են ցանկացել դառնալ:

– Չգիտեք աղջիկներին, սիրում են գլուխ գովել, ասել, որ, ասենք, տիրապետում են մի քանի լեզուների: Հիշում եմ՝ շատերը եկել էին մինի զգեստներով, որպեսզի գուցե ընդգծվեին ավելի շատ իրենց մարմինն ու ոտքերը, ոմանք արդեն հարցազրույցի օրը ցանկանում էին գայթակղել ինձ՝ հասկացնելով, որ կարող են, այսպես ասած, ազատ ժամանակ հատկացնել ինձ,- պատմում է Արմենը:

Երիտասարդ ղեկավարն ասում է, որ հիմնականում աղջիկներն են «կպցնում» ջահել ղեկավարներին, հակառակը համարյա բացառում է:

– Երբ քարտուղարուհին կամ գործավարուհին աշխատանքի է գալիս շատ կարճ կիսաշրջազգեստով կամ այնպիսի հագուստով, որ էլ ավելի ուշադրության կենտրոնում լինի, մի քանի ակնարկներ էլ անում է, բա դե էլ ինչ պետք է լինի, նա ինքնաբերաբար դառնում է սիրուհի կամ նման մի բան,- նշում է զրուցակիցս:

Արմենը հիշեցնում ու պարտադիր է համարում մի կանոն. եթե ցանկանում ես` բիզնեսդ առաջ գնա, պետք է շուրջդ համախմբես լավ կադրերի, և ուշադրության առաջին հորիզոնականում պետք է լինի գիտելիքը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ղազինյանն ասում է, որ նմանօրինակ հարաբերությունները քրեորեն պատժելի են միայն այն ժամանակ, երբ կինը բռնության զոհ է լինում:

– Եթե իգական սեռի ներկայացուցիչը չափահաս է, ինքը պետք է որոշի իր ճակատագիրը: Օրենքը ոչինչ անել չի կարող: Եթե մարդը համաձայնում է սեռական կյանքով ապրել գործարարի կամ իր ղեկավարի հետ, դա միմիայն իրենց փոխհամաձայնությամբ է,- ասում է իրավաբանը:

Մեր այն հարցին էլ, թե դա աշխատանքային սեռական շահագործում չի՞ ենթադրում, պրն Ղազինյանը նշում է.

– Չէ՛, աշխատանքային շահագործումը ենթադրում է աշխատել ու չվարձատրվել կատարած աշխատանքի դիմաց: Այս դեպքում գուցե այդ ղեկավարը մի բան էլ ավելի է վճարում աշխատակցուհուն` իր հետ հաճելի ժամանակ անցկացնելու համար:

Հոգեբան Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ղեկավարները միշտ էլ ներքին ձայն ունեն ու լավ գիտեն, թե ում ինչ առաջարկեն:

– Գիտեք, հիմնականում դա գալիս է աղջկանից: Բան չունեմ ասելու` բացառություններ պատահում են: Տղամարդկանց մոտ նման «հատկությունը» հիմնականում կապված է երկու գործոնով: Նախ` նրանք ուզում են շրջապատում և ամենուր ինքնահաստատվել` նշելով քարտուղարուհի-սիրուհու գոյությունը, ու երկրորդ` նրանք հիմնականում համարում են, որ դա կարծրատիպ է և այդպես էլ պետք է լինի: Իմ հաճախորդների մեջ էլ որոշ կանայք կան, որոնք, այսպես ասած, «շեֆերի սիրուհիներն» են, ու դա նրանք փորձում են ամեն գնով կոծկել: Դա անձնական կյանք է, և եթե դրանից բխող հոգեբանական, բարոյական հետևանքները բացասական չեն, ապա ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ յուրաքանչյուր ղեկավար էլ ցանկանում է գոնե մի նմանօրինակ քարտուղարուհի կամ գործավարուհի ունենալ:

Մեր ուսումնասիրության արդյունքներով` 100 հարցվածներից 71-ը` գերակշիռ մասը, պատրաստ են նման աշխատանքի, 17-ը բացառում են աշխատելը նման գնով, իսկ 12-ը փորձում են աշխատանք գտնել` ըստ մասնագիտության:

Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրին տեղյակ է, բայց իրենց կենտրոնը աշխատանքային բռնություններով, ընդհանրապես նմանօրինակ հարցերով չի զբաղվում:

– Գիտեք, մեր հիմնական շեշտադրումը ընտանիքն է, ընտանիքի ներսում տեղի ունեցող բռնությունները, ամուսինների վեճերը, տալ-հարս, սկեսուր-հարս, ամուսին-կին և այլն,- նշում է տկն Վարդանյանը և ավելացնում,- փորձը ցույց է տալիս, որ բռնությունների հիմնական մասը բխում է սոցիալական դրդապատճառներից:

 Հ.Գ.- Այս նյութը տպագրեցինք ոչ թե հօգուտ, այլ հակառակ աշխատանքի տեղավորման որոշ գործակալությունների: Ընկերությունների անունները չնշելով` ասենք, որ շատերը իմանալով, որ դիմողը լրատվամիջոցից է, փորձում էին ավելի ու ավելի կոպիտ լինել: Բնականաբար, պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք զինված էինք կոնկրետ փաստերով: Ի դեպ, մեր երկրում մինչ օրս չկա գոնե մի հասարակական կազմակերպություն, որը զբաղվի աշխատանքային բռնությունների հարցերով: Հուսով ենք, որ այս բացը առաջիկայում կլրացվի

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

 

 

 

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply