Սիս

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 3, 2012 14:55

Կիլիկիայի հայկական թագավորությունը պատմության ընթացքում երեք մայրաքաղաք է ունեցել` Վահկա, Տարսոն և Սիս: Սիս մայրաքաղաքը գտնվում է Լեռնային Կիլիկիայում` Տավրոսի լեռների ստորոտում, Սաուրա և Ջեյհան գետերի միախառնման անկյունում: Ռազմավարական տեսանկյունից Սիսը բավական անառիկ բերդաքաղաք էր: Այն երեք կողմից, պարիսպներից զատ, պաշտպանված էր գետերով, մյուս կողմում վեր էր խոյանում հսկա ապառաժ, որի վրա տեղակայված էր քաղաքի անառիկ միջնաբերդը: Քաղաքը շրջապատված էր եռաշարք ամուր պարիսպներով, որոնք ամրացված էին բուրգերով ու աշտարակներով:

Սիսն արտաքին աշխարհի հետ կապված էր պարիսպների մեջ բացված երեք դարպասներով: Մի խոսքով, Սիսը, համապատասխանելով միջնադարյան քաղաքներում ընդունված բոլոր չափանիշներին, միաժամանակ ամուր պաշտպանական հանգույց էր: Սիսի հզորությամբ ու անառիկությամբ էր պայմանավորված, որ ժամանակին ողջ Կիլիկիան պատմիչները երբեմն կոչել են «Սսո երկիր»:

Առհասարակ քաղաքում պաշտպանական կառույցներն այնպես հմտորեն էին համադրված բնական առանձնահատկություններին, որ քաղաքն ամենաանառիկն էր համարվում ողջ Կիլիկիայում: Այդ իսկ պատճառով մոնղոլական, թուրքմենական, սելջուկյան և եգիպտական արշավանքների ժամանակ Սիսը միշտ անառիկ էր: Անառիկ, մինչև 1375 թ. աղետը, երբ հայոց թագավորության այս վերջին հանգրվանը Լևոն Զ թագավորը (1372-1375) երկարատև դիմադրությունից հետո ստիպված հանձնեց եգիպտական մամլուքների ողորմածությանը, որոնք Մելիք Աշրաֆի հրամանատարությամբ արշավել էին հայոց թագավորության վրա:

Սիսում առկա էին քաղաքային բոլոր հաղորդակցությունները. միջնաբերդից վար ձգվում էր բուն քաղաքը` շահաստանը, որից անդին` գետերի հովիտներում` արվարձանը: Միջնաբերդի, շահաստանի և արվարձանների միջև կապը քարակերտ, ժայռափոր ուղիներով էր: Սիսը ջրառատ քաղաք էր. նրա սնուցումն ապահովում էին ոչ միայն շրջակա գետերը, այլև առատ աղբյուրները, որոնք բխում էին քաղաքի ներսում: Սա պակաս կարևոր հանգամանք չէր միջնադարյան քաղաքի ռազմավարական տեսանկյունից:

Քաղաքի միջնաբերդում վեր էր խոյանում թագավորական ապարանքը, որին քաղաքացիք Դարպաս էին անվանում: Նրա մոտ Սուրբ Աստվածածին և Սուրբ Սոփիա հրաշագեղ տաճարներն էին: Վերջինս կառուցել էր Հեթումյանների հարստության հիմնադիր Հեթում Ա արքան (1226-1270):

Անիի նման Սիսն էլ ունեցել է ստորերկրյա քաղաք: Միջնաբերդի հենց ստորին հատվածում ժայռափոր քարանձավներ էին, որոնցից ամենամեծը կոչվում էր Գյովերճիլինք, և այստեղ պաշարումների ժամանակ կարող էին միաժամանակ երկու հազարից ավելի մարդիկ ապաստանել: Ստորերկրյա Սիսում էին գտնվում նաև թագավորական զնդանը, այլ կառույցներ…

Սիսը, որպես բերդաքաղաք, հայտնի էր արդեն XIX դարից: Կոնկրետ կառուցողի և ժամանակի մասին տեղեկություն չկա: Քաղաքի ծաղկումը, կառուցապատումը և փառքը կապված են Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի (1187-1219) անվան հետ: Նա ամրացրեց քաղաքի պարիսպները, գեղեցկատես շինություններ կառուցեց, այգիներ տնկեց: Ժամանակակիցների վկայությամբ` Սիսի այգիներում 15 տեսակ խաղող էր աճում: Սսի ճոխության վկայությունն է Կոստանդին Բ թագավորի դրամի արձանագրությունը` «Սսի բերդն է թագավոր»:

Սիսը բյուզանդացիներից գրավեց Կիլիկիայի իշխանապետ Թորոս Ա Ռուբինյանը (1100-1129): Թորոս Առաջինը Սիսը դարձրեց իր իշխանության հենակետերից մեկն ու մոտակայքում կառուցեց Դրազարկի վանքը, որ միջնադարյան Կիլիկիայի գիտամշակութային հզոր կենտրոններից էր:

Հետագայում` 1173 թ., Սիսն իր իշխանապետության կենտրոն և մայրաքաղաք հռչակեց Կիլիկիայի ամենահզոր իշխողներից մեկը` Մլեհ Ռուբինյանը, որը, դաշնակցած հարևան մահմեդական էմիրությունների հետ, ջարդեց խաչակիրներին և նրանց իսպառ վտարեց Դաշտային Կիլիկիայից` երկրամասը կցելով իր իշխանապետությանը:

Լևոն Երկրորդի գործը շարունակեց փեսան` Հեթում Ա արքան (1226-1270): Նա նաև համոզեց Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Անավարզեցուն հայոց կաթողիկոսարանը Հռոմկլայից փոխադրել Սիս: Առհասարակ եվրոպացիների համար Սիսը համարվում էր Արևելքի քրիստոնեության պատվարը:

Հեթում Առաջինը քաղաքի հյուսիսային կողմում նոր արքայական ապարանք կառուցեց` ճոխ քանդակներով ու հարակից շինություններով: Ժամանակակիցների վկայությամբ` այս ապարանքը կառուցված էր սրբատաշ խոշոր քարերով և մարմարյա սև սյունաշարքով:

Քաղաքը պերճաշուք տեսք ուներ: Անգամ եվրոպացի ճանապարհորդները դրվատանքով են արտահայտվել Սիսի մասին: Հեթում Առաջինի կինը` Զապել թագուհին, քաղաքի կենտրոնում 1241 թ. մեծ հիվանդանոց կառուցեց, որտեղ բուժումը բարեգործական հիմունքներով էր կատարվում` անվճար:

Մեծ հռչակ ուներ Սիսի վարդապետանոց-դպրոցը, որտեղ ժամանակին ուսանել են Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Երզնկացին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին, Ներսես Լամբրոնացին, շատ այլ մեծեր: Հենց վերջինս էլ Սիսի համալսարանի հիմնադիրն էր, որը ժամանակի գիտական աշխարհում մեծ հռչակ ուներ որպես աշխարհիկ կրթօջախ: Առհասարակ, հայոց իշխաններն ու թագավորները Սիսում էին հավաքել ժամանակի հայ մշակութային միտքը: Արքունիքը հայ գործիչներին պետական նպաստ էր տալիս, ստեղծում բոլոր հնարավորությունները նրանց աշխատանքի և կեցության համար:

Կիլիկիայի հայոց թագավորության պատմության ընթացքում Սիսը երկու անգամ աղետի ենթարկվեց: 1114 թ. քաղաքը ցնցեց հզոր երկրաշարժը, մեծ ավերածությունների ենթարկեց: Սակայն կարճ ժամանակ անց Ռուբինյան հայոց իշխանները Սիսը կրկին վերականգնեցին:

Սիսը զերծ չի մնացել նաև ժամանակի ներքաղաքական լարված ընդհարումներից: 1307 և 1309 թթ. Սիսում հրավիրված ժողովում հայոց արքունիքը Լևոն Դ թագավորի գլխավորությամբ որոշում ընդունեց հավատափոխ լինել և ընդունել կաթոլիկություն: Սակայն ժողովուրդն ընդդիմացավ, ապստամբեց, և որոշումն այդպես էլ ի կատար չածվեց:

Ահավոր էր 1266 թ. պատուհասը: Եգիպտական բանակը, Բեյբարս սուլթանի հրամանատարությամբ հարձակվելով հայոց թագավորության վրա, հայտնվեց Սսի տակ: Ճակատամարտում հայոց բանակը պարտություն կրեց: Լևոն արքայորդին զոհվեց ճակատամարտի ժամանակ, նրա կրտսեր եղբայրը` Թորոսը, գերվեց: Թշնամին մտավ հայոց մայրաքաղաք ու ավերեց, բայց չկարողացավ գրավել միջնաբերդը: Հետագայում քաղաքը հայոց թագավորների ջանքերով վերականգնվեց, սակայն սա անկման սկիզբն էր: Եգիպտացիները կրկնեցին իրենց փորձը 1275 թ., բայց հայկական բանակը` Սմբատ Գունդստաբլի հրամանատարությամբ, Սսի պարիսպների տակ ջարդեց թշնամուն:

1375 թ. Սիսի անկումից հետո հայ իշխաններից Կոստանդինն իրեն հռչակեց հայոց թագավոր և պայքարը շարունակեց Եգիպտոսի դեմ, սակայն 1424 թ. Կոստանդինի մահից հետո հայոց անկախությունը ամբողջ Կիլիկիայում վերացավ:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4794 անգամ:
Print Friendly

Leave a Reply