ԼԵՎՈՆ Բ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 6, 2012 7:00

Հայոց պետականաստեղծ, ռազմաքաղաքական գործիչների մեջ իր առանձնակի տեղն ունի Կիլիկիայի հայկական թագավորության ստեղծողը` Լևոն Բ Ռուբինյանը (1150-1219 2 մայիսի):

Լևոնը Կիլիկիայի հզոր իշխաններից մեկի` Մլեհի Ստեփանոս եղբոր կրտսեր որդին էր: Մլեհ իշխանը մեծ դեր է կատարել Կիլիկիայի հայկական իշխանապետության կայացման ու ամրապնդման գործում: Նա հմուտ դիվանագետ էր և քաջ զորական: Եզակի գործիչ էր, որ դաշնակցած հայերի մահմեդական հարևանների հետ` պայքար էր մղում քրիստոնյա-խաչակիրների դեմ: Պետք է նշել, որ Լևոն Երկրորդը Մլեհ իշխանի իսկական հոգեզավակը եղավ` քաղաքականության մեջ ապավինելով Մլեհի ուսմունքին` ամեն ինչ հանուն հայրենիքի:

Եղբոր` Ռուբեն Երրորդի գահակալության տարիներին Լևոնը Կապան սահմանային ամրոցի բերդակալն էր և կարևոր դեր ուներ Կիլիկիայի ներքաղաքական կյանքում: Շուտով Կիլիկիայի հայկական իշխանությունը բախվում է Անտիոքի խաչակիրների դքսության հետ, և Ռուբեն Երրորդը գերվում է: Եղբոր բացակայության ժամանակ Լևոնը իր ձեռքում է կենտրոնացնում երկրի իշխանությունն ու չեզոքացնում վտանգը: Գերությունից վերադարձած Ռուբեն Երրորդը 1187 թ. կամավոր եղբորն է հանձնում Կիլիկիայի կառավարումն ու քաշվում է Արքակաղնի վանք, որտեղ էլ կնքում է մահկանացուն:

Գահակալման առաջին իսկ օրից Լևոն Երկրորդը ստիպված էր պատերազմել Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սուլթանության զորքերի դեմ, որոնց ջարդեց Ռավինի ճակատամարտում, ինչպես նաև Հալեպի սուլթանին, որի հետ պայմանագիր կնքեց, որով սուլթանությունը կախման մեջ ընկավ հայկական իշխանությունից:

Սակայն Լևոն Երկրորդի իշխանության իրական վտանգը սպառնում էր հարավից` Եգիպտոսի Էյյուբյան սուլթան Սալահ ադ-Դինից, որի զորության առջև դողում էր ողջ Արևելքը: Հայոց իշխանը խելամիտ դիվանագիտությամբ կանխեց Սալահ ադ-Դինի հարվածը` նրա վրա ուղղորդելով երրորդ խաչակրաց արշավանքի ելած  եվրոպական միապետների ուժերը…

Լևոնը փորձեց առավելագույնը քաղել խաչակրաց արշավանքներից: 1190 թ. նա կաթողիկոս Ներսես Լամբրոնացուն ուղարկեց Սելևկիա` խաչակիրների հետ բանակցելու: Հայոց իշխանը նրանց զինական և նյութական օգնություն է խոստանում` փոխարենը պահանջելով արքայական թագ:

Սակայն, ի հիասթափություն հայոց իշխանի, խաչակրաց այս արշավանքը չհաջողվեց, և նա պատրաստվեց միայնակ դիմագրավել ահեղ թշնամուն: Լևոնը նախահարձակ եղավ և Սալահ ադ-Դինի դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Դարպասակ և Պաղրաս ամրոցները: 1193 թ. Սալահ ադ-Դինը, ստանալով նաև Անտիոքի դուքս Բոհեմունդ Երրորդի աջակցությունը, հսկայական բանակով շարժվեց հայոց վրա: Սակայն Սև գետի մոտ` Կիլիկիայի սահմանին, նա հանկարծամահ եղավ, և վիժեց նրա արշավանքը: Սալահ ադ-Դինը իսկապե՞ս հանկարծամահ եղավ…

Այնուհետև հայոց իշխանը ծուղակը գցեց Բոհեմունդ Անտիոքցուն և կալանեց նրան: Ծուղակում հայտնված ոսոխը ոչ միայն հետ վերադարձրեց Ռուբեն Երրորդից խլած հայկական հողերը, այլև Անտիոքի դքսությունը ճանաչեց հայերի գերիշխանությունը:

Լևոնը Ռուբեն Երրորդի դստերը` Ալիսին ամուսնացրեց Անտիոքի գահաժառանգի` Ռայմոնդի հետ: Ռայմոնդը որպես պատանդ պիտի ապրեր Սիսում: Այս քայլով հեռատես հայոց իշխանը նախադրյալներ էր ստեղծում հետագայում Անտիոքի դքսությունն իր տերությանը կցելու համար:

Արևմուտքի պետություններն իրենց նվաճողական քաղաքականությունը կյանքի կոչելու համար Արևելքում պետք է հենարան ունենային: Եվ  ի դեմս Լևոն Երկրորդի և Կիլիկիայի հայոց իշխանապետության տեսան միակ ուժը, որի վրա կարող էին հենվել եվրոպական միապետները:

1196 թ. Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) տիրակալ Հենրիխ Վեցերորդը թագ ուղարկեց Լևոն Երկրորդին: Թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսր Ալեքսիս Գ Անգելոսը: Հայոց թագավորության հռչակումն ու Լևոնի հանդիսավոր թագադրությունը կայացավ 1198 թ. հունվարի 6-ին, Դաշտային Կիլիկիայի Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում: Լևոն Երկրորդի թագադրման արարողությանը ներկա էին ժամանակի բոլոր հզոր երկրների դեսպանները: Արարողության ժամանակ թագը հայոց արքայի գլխին դրեց Մայնցի արքեպիսկոպոս, Հռոմի պապի ներկայացուցիչ Կոնրադ Վիտելբախը:  Հատկանշական է, որ  Լևոն Երկրորդն օծվեց որպես «թագավոր ամենայն հայոց և նահանգին Կիլիկեցվոց և Իսավոյ»: Նրա թագավորության սահմանները տարածվում էին Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովից մինչև Տավրոսի լեռներ` ընդգրկելով ավելի քան 45000 քկմ տարածք: Մատենագիրները Կիլիկյան հայոց թագավորությունն անվանել են Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայաստան, Սիսվան, Հայոց աշխարհ անվանումներով:

Լևոն Երկրորդը ոչ միայն քաջ զորավար էր, այլև հմուտ դիվանագետ: Դինաստիական ամուսնությունների միջոցով նա ամրապնդեց իր և իր պետության դիրքերն Արևելքում: Հայոց արքան կնության առավ Կիպրոսի արքայադուստր Սիպիլ Լուսինյանին, Ռուբեն Երրորդի դուստրերին ամուսնացրեց Անտիոքի և Նիկիայի տիրակալների հետ, հետագայում իր դուստրերին ամուսնացրեց Երուսաղեմի թագավորի և Հունգարիայի արքայազնի հետ:

Թագադրումից հետո Լևոն Երկրորդն անցավ իր պետության ամրապնդման գործին: 1201 թ. նա գրավեց Անտիոքը, այնտեղ գահակալ նշանակեց Ռուբեն-Ռայմոնդին և երկրի խնամակալ կարգեց եղբոր դստերը` Ալիսին: Ապա 1209 թ. նա ջախջախեց իր երկրին հյուսիսից սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին: Մինչև իր կյանքի վերջը նա ևս երկու անգամ ասպատակեց Իկոնիայի սուլթանության տարածքն ու դարձյալ գրավեց Անտիոքը` ստիպելով այդ երկրներին ընդունել Կիլիկիայի թագավորության գերազանցությունը:

Սակայն իր կյանքի մայրամուտին հայոց թագավորը ստիպված էր փոխել իր քաղաքականությունը Անտիոքի դքսության նկատմամբ: Տեսնելով, որ իր որդեգիր Ռուբեն-Ռայմոնդը շատ թուլակամ է և ի վիճակի չէ դիմագրավելու մարտահրավերներին, ոչ միայն հրաժարվեց Անտիոքը Կիլիկիայի թագավորությանը կցելու մտքից, այլև ասպարեզից հեռացրեց Ռուբեն-Ռայմոնդին և  գահաժառանգ նշանակեց իր դեռատի դստերը` Զապելին: Հայ իրականության մեջ առաջին անգամ հայոց գահը պիտի ժառանգեր արքայադուստրը:

Լևոն Երկրորդը նաև շինարար էր: Նրա թագավորության օրոք Կիլիկիայում հսկայածավալ շինարարություն կատարվեց. կառուցվեցին ամրոցներ, արգելապատնեշներ, պալատներ… Ռազմական, հոգևոր, կենցաղային նշանակության շինություններ, կատարելագործվեցին երկրի կառավարման, պետական մարմինները, ստեղծվեց մշտապես գործող 60000-անոց հզոր ու լավ սպառազինված բանակ: Կիլիկիայի թագավորությունը դիվանագիտական և առևտրական հարաբերություններ հաստատեց եվրոպական երկրների հետ: Ստեղծվեց հայոց առևտրական նավատորմը, մաքսային համակարգ, երկիրը ծաղկում էր բոլոր առումներով:

Լևոն Երկրորդն առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքեց Ջենովայի և Վենետիկի Հանրապետությունների հետ: Այաս նավահանգիստը դարձրեց առևտրական մեծ կենտրոն, Կիլիկիայի ափամերձ ջրերում պայքարեց ծովահենության դեմ: Կիլիկյան Հայաստանը առևտրական կապերի մեջ էր եվրոպական հեռավոր երկրների հետ: Դեռ Կիլիկյան Հայաստանից շատ առաջ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծովածոցը կոչվում էր Հայոց ծոց, որ վկայում է հայկական նավագնացության առկայության մասին:

Իր հզորության ու մեծագործության համար Կիլիկիո առաջին արքան պատմության մեջ մտավ որպես Լևոն Մեծագործ:

Լևոն Բ Մեծագործը վախճանվեց 1219 թ.` ժառանգների համար թողնելով փոքրիկ, բայց ծաղկուն մի երկիր: Արքայի կտակի համաձայն` նրա մարմինն ամփոփվեց Սիս մայրաքաղաքում, իսկ սիրտը` Ակների վանքում: Ժամանակակիցները Լևոն Բ արքային մեծարեցին Մեծագործ, Բազմահաղթ, Մեծահաղթ, Բարեպաշտ պատվանուններով:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3129 անգամ:
Print Friendly

Leave a Reply