Հայկական ֆուտբոլ. չհանձնված ստուգարք` քննությունից առաջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 4, 2012 14:47

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսելու է պայքարը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում և այդ ստուգատեսի մեկնարկի` սեպտեմբերի 7-ին և 11-ին Մալթայի և Բուլղարիայի հավաքականների  հետ արտագնա  խաղերից առաջ, վերջին անգամ կարողությունները փորձելով ընկերական հանդիպումում, պարտվել է: Վերջերս սեփական հարկի տակ Բելառուսի հավաքականից մերոնց կրած պարտությունը (1:2) չի կարելի պատահականությանը վերագրել: Փաստորեն, այն կարևոր էր և Հայաստանի հավաքականի համար ստուգարք էր` քննությունից առաջ, մինչդեռ մեր ֆուտբոլիստները չկարողացան այն հանձնել: Ընդ որում, մրցակիցն ամենևին էլ ամենահզորներից չէր և խաղին ներկայացել էր իր ոչ մարտական կազմով:

Հայաստանի հավաքականն ընդհակառակը` մրցասպարեզ էր հանել իր բոլոր ուժերը: Թերևս, միայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել Նորայր Մամեդովի խաղալու հարցում: Ինչպես հայտնի է, Հոլանդիայում բնակվող և խաղացող մեր հայրենակիցը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ  Վարդան Մինասյանի ուշադրության կենտրոնում է, և երկար ժամանակ է` նրա անվան շուրջը խոսակցություններ են պտտվում: Զարմանալին այն է, որ ոչ հայկական ազգանուն ունեցող մեր հայրենակցի համար այլ ազգանունով պետք է հայկական անձնագիր պատրաստվի, իսկ դա, չգիտես ինչու, չի արվում:

Ի դեպ, սկզբնական շրջանում խոսվում էր, որ Հայաստան-Բելառուս խաղը կայանալու է ոչ թե Երևանի «Հանրապետական», այլ «Հրազդան» մարզադաշտում: Բանն այն է, որ վերջինում է նախատեսված անցկացնել հոկտեմբերի 12-ի` աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը: Բայց դա չարվեց, և մերոնք առանց այդ խաղադաշտը փորձարկելու հանդես կգան սկզբունքային այդ մրցամարտում: Իսկ «Հանրապետականում» նախատեսված խաղին այնքան էլ մեծ թվով հանդիսականներ չէին հավաքվել: Ինչպես հայտնի է, այն 15 հազարից մի փոքր պակաս նստելատեղ ունի, իսկ «Հրազդանը» կարող է հյուրընկալել 55 հազար մարդ: Այնպես որ անիմաստ էր նաև խաղն այդտեղ անցկացնելը: Մնում է սպասել, որ Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ մեր երկրի ամենամեծ մարզադաշտը կիսադատարկ տրիբունաներով չի լինի: Ցավալին այն է, որ վերանորոգվող «Հրազդանի» փորձարկումը չկայացավ:

Սակայն առավել մտահոգող է այն, որ Հայաստան-Բելառուս հանդիպման ժամանակ մեր թիմը ոչ միայն դժգույն  տպավորություն է թողել, այլև մի շարք նոր հարցեր առաջադրել:

Խաղը բացահայտեց, որ մեր թիմն աքիլլեսյան գարշապար ունի: Ամենախոցելի օղակը պաշտպանությունն է: Թե ինչպես պետք լուծվի այդ հարցը Բելառուսի հավաքականից շատ ավելի ուժեղ հարձակման գծեր ունեցող հավաքականների հետ մրցամարտերի ժամանակ, դժվար է ասել: Ի դեպ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընկերական հանդիպմանը չէր հրավիրել փորձառու պաշտպան Ռոբերտ Արզումանյանին. այն պատճառով, որ նա որևէ թիմում չի խաղում և խաղային փորձի պակաս ունի: Ռոբերտն օրերս պայմանագիր է կնքել ռուսական` Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա» ակումբի ղեկավարության հետ: Դրանից մարզիկի խաղամակարդակում որևէ բան փոխվ՞ել է, թե՞ ոչ, հայտնի չէ, և պարզ էլ չէ, թե նա հրավիրվելո՞ւ է Հայաստանի հավաքական: Բելառուսի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ակնկալվում էր, որ Հայաստանի հավաքականի դարպասի մոտ, բացի Ռոման Բերեզովսկուց, նաև մեկ ուրիշին կտեսնենք:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահը որակազրկված է և չի կարող մասնակցել Մալթայի հավաքականի հետ հանդիպմանը: Ստացվում է, որ մինչև այդ իրադարձությանը թեև քիչ ժամանակ է մնացել, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը դեռևս չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի, և այդ է պատճառը, որ մրցասպարեզ չի հանել որևէ այլ դարպասապահի: Փաստորեն, անգամ առիթը չի օգտագործվել, որ մեր թիմի դարպասի առջև որևէ մեկը կանգնի և խաղընկերների հետ համատեղ հանդես գալու փորձ ձեռք բերի:

Հայաստանի հավաքականի Բելառուսի ընտրանու հետ անցկացրած հանդիպումը Մինասյանը որակել է ամենավատը, որ թիմն անցկացրել է իր գլխավորությամբ:

Դժվար է ասել, թե ինչ երաշխիք կա, որ առաջիկա պատասխանատու խաղերում Հայաստանի հավաքականը նույնը չի կրկնի և կկարողանա արդարացնել սպասելիքները:

Ինչքան էլ տարօրինակ է, այժմ վերհիշում են, որ պատմությունը կարող է կրկնվել. նախորդ պատասխանատու ստուգատեսից` Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարից առաջ Հայաստանի հավաքականը 0:3 հաշով պարտվել էր Լիտվայի ընտրանուն, բայց հետո լավ էր հանդես եկել «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, մերոնք մեկնարկում տանը պարտվել էին Իռլանդիայի հավաքականին: Իսկ այդ սայթաքումը ճակատագրական եղավ  և Հայաստանի հավաքականը եզրափակիչ փուլի ուղեգրի չարժանացավ:

Հավելենք, որ Մալթայի, Բուլղարիայի, Իտալիայի հավաքականներից բացի, ընտրական մրցաշարի եվրոպական B խմբում մեր ընտրանու մրցակիցներն են նաև Դանիայի և Չեխիայի ուժեղ հավաքականները, որոնց հետ  խաղերը կայանալու են 2013-ին:

 

 

 

Դիտվել է 1491 անգամ:
Print Friendly

Leave a Reply