Ընտրակաշառքի գործը կքննվի արագացված դատաքննությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 30, 2012 14:51
2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործով դատական նիստը տեղի կունենա արագացված ընթացակարգով:
Ամբաստանյալը Ա. Մաթևոսյանը՝ ընդունելով իր մեղքը, միջնորդեց, որպեսզի դատաքննությունն ընթանա արագացված ընթացակարգով:
Մեղադրող կողմը՝ ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը չառարկեց:
Դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ բավարարեց միջնորդությունը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 7-ը:
Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր , որ ԲՀԿ անդամ Ա. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ. Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար 15 000 և 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին և Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:






Facebook
Tweet This
Email This Post
