Պարալիմպիկ խաղերում` Հայաստանը միայն երկու մասնակցով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 2, 2012 7:08

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական ամառային խաղերից հետո նույն մարզաբազաներում արդեն պարալիմպիկ խաղերում հարաբերություններն են որոշում սահմանափակ հնարավորություններով մարզիկմարզուհիները: Ստուգատեսում, որը մեկնարկել է օգոստոսի 29-ին և կավարտվի սեպտեմբերի 5-ին, հանդես են գալիս  նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մրցավայր ուղևորվելուց առաջ զրուցեցինք  Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ, հաշմանդամների «Փյունիկ» ընկերության նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ և խնդրեցինք ներկայացնել, թե ինչ է սպասվում Անգլիայի մայրաքաղաքում, մեր երկիրն ովքեր են ներկայացնելու այդ փորձությունում:

– 14-րդ անգամ են խաղերն անցկացվում: Այս անգամ յուրօրինակ ռեկորդ է սահմանվել: Պատվիրակներ են հայտավորել160 երկրներ: 20 մարզաձևերի մրցումներում ուժերն են չափելու 4200 մարզիկներ: Ակնկալվում է սուր մրցակցություն: Բանն այն է, որ խաղերին մասնակցելու իրավունք մարզիկները նվաճել են ստուգատեսին նախորդած վարկանիշային մրցումներում: Հայաստանից հանդես են գալու լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը և ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Առաջինը Ցինցինատիում այս տարվա գարնանը կայացած մրցումներում օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել, իսկ երկրորդը հանդես է գալու հրավերով: Գրետան  մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 1-ին և ուժերը կչափի 48 կգ քաշային ծանրորդուհիների մրցավեճում, իսկ Մարգարիտան կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կարողությունները կփորձի բրաս լողաոճով 100 մ մրցատարածությունում:

 Ինչպե՞ս են նախապատրաստվել մեր մարզուհիները, և նրանցից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ:

– Ի տարբերություն նախկին խաղերի, այս անգամ մերոնք շատ ավելի լրջորեն են նախապատրատվել: Թերևս պատճառն այն է, որ ուշադրությունը մեծ է եղել, պետությունը ֆինանսներ է հատկացրել: Եղել են նաև հովանավորներ: Մասնավորապես, Հովակիմյանին արդեն մի քանի ամիս է` աջակցում է «Գրանդ Քենդի» ընկերությունը, Վարդանյանին ևս մի քանի կառույցներ են օգնում: Փաստորեն, մեր մարզուհիները կանոնավոր պարապմունքներ անցկացնելու հնարավորություն են ունեցել, լավ մարզավիճակում են և ձգտելու են ամեն բան անել, որպեսզի իրենց լավագույն արդյունքները ցույց տան: Դժվար է ասել` նրանք կկարողանա՞ն մեդալ նվաճել, թե՞ ոչ: Այդուհանդերձ, նրանց համար ստեղծված են եղել բոլոր պայմանները: Այնպես որ կարելի է ակնկալիքներ ունենալ: Հովակիմյանը պարապել է  Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում, իսկ Վարդանյանը` Գյումրիում: Նրանք մարզվել են նաև  Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: 26-ամյա Գրետան երկրորդ անգամ է մասնակցելու պարալիմպիկ խաղերի, նա հանդես է եկել 2008-ին  Պեկինում, իսկ 17-ամյա Մարգարիտան առաջին անգամ է հանդես գալու այդ ստուգատեսում: Երկուսն էլ մարտականորեն են տրամադրված: Պեկինում  Վարդանյանը համարձակ քայլի էր դիմել և չբարձրացնելով պատվիրած կիլոգրամները` զրո էր ստացել:

Ինչո՞ւ է Հայաստանից ընդամենը երկու մասնակից: Մեր այլ մարզաձևերի ներկայացուցիչները վարկանիշային մրցումների մասնակցելու հնարավորություն ունեցե՞լ են:

– Դժվարությամբ կարողացանք այնպես անել, որ միջոցներ գտնվեն, և Հովակիմյանը  մասնակցի վարկանիշային մրցումների: Ֆինանսները սուղ են եղել, սակայն փորձեր արվել են: Մենք առագաստանավորդների  լավ  թիմ ունենք, այն անցյալ տարի Անգլիայում մասնակցել է աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր: Մեր առագաստանավորդները Սևանում կանոնավոր պարապմունքներ են անցկացնում: Սակայն աշխարհի առաջնությունում մեր մարզիկներից մեկն առողջական խնդիրներ  է ունեցել, Հայաստանի ներկայացուցիչները դադարեցրել էին  մրցելույթները և չեն կարողացել ուղեգիր ձեռք բերել:

 Քիչ չե՞ք համարում  երկու մարզիկով ներկայացուցչական այդ ստուգատեսին մասնակցելը:

– Շատ հզոր երկրներ կան, որոնք  նույնպես 1-2 մարզիկով են մասնակցում: Չեմ կարծում, որ դա դժգոհելու տեղիք  կարող է տալ: Այնուամենայնիվ, Հայաստանի հաշմանդամ մարզիկները մեծ ներուժ ունեն, և եթե պետության կողմից ֆինանսական հատկացումները մեծանան, հնարավոր կլինի պարալիմպիկ խաղերում ավելի շատ թվով մասնակիցներով հանդես գալ: Պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու և մասնակցելու համար պետությունը տրամադրել է 5 մլն 800 հազար դրամ: Հայաստանի պատվիրակության կազմում 6 մարդ է:

 Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն աջակցե՞լ է պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար:

– Մեկ ամիս առաջ մարզուհիներին 100-հազարական դրամ է տրամադրվել: Մեր պատվիրակները ստացել է նաև  ՀԱՕԿ-ի հետ համագործակցող «Ֆորվարդ» ֆիրմայի մարզահագուստ:

 Հայաստանի ներկայացուցիչները ո՞ր թվականից են մասնակցում պարալիմպիկ խաղերին, և  նախկինում ինչպիսի՞ ձեռքբերումներ են եղել:

– Մեր երկրի ներկայացուցիչները 1996-ից են հանդես գալիս այդ ստուգատեսում: Պարալիմպիկ խաղերը, ինչպես հայտնի է, կազմակերպվում են ամառային և ձմեռային օլիմպիական խաղերից հետո: Ամենաբարձր ցուցանիշն եղել է այն, որ մերոնք երկու անգամ 4-րդ տեղ են գրավել: 1996-ին Ատլանտայում հանդես եկած հայ ծանրորդը 4-րդ տեղ է գրավել, նույնպիսի արդյունքի է հասել նաև 1998-ին Նագանոյում հսկա ոլորավայրէջքում կարողությունները փորձած Հայաստանի մարզուհին:

 Ի՞նչն է խանգարել մեր մարզիկներին, որ նրանք ավելի ակնառու հաջողություններ ունենան:

– Երբ  խորհրդային պետությունը փլուզվեց և նախկին հանրապետությունները նորանկախ երկրներ դարձան, Հայաստանում ամեն բան այլ հունով ընթացավ, քան այլ երկրներում: Օրինակ` Ռուսաստանում մարզակառույցները բաժանվեցին հիմնականում երկու կազմակերպությունների միջև: Դրանցից մեկն ԱՕԿ-ն էր, մյուսը` պարալիմպիկ կոմիտեն: Վերջինս մարզական բազաների, շենքերի, շինությունների տեր դարձավ: Իսկ Հայաստանի հաշմանդամային սպորտն այդպիսի ժառանգություն չստացավ: Եվ աշխատանքները կազմակերպվեցին հիմնականում եռանդուն  գործունեության շնորհիվ, իսկ այդ ճանապարհով բարձր արդյունքի հասնել հնարավոր չէ: Ֆինանսների մեծ պակաս է զգացվում: Ընդ որում, տարբեր մարզաձևերի սիրահարների թիմեր ունենք: Օրինակ` բասկետբոլի, սեղանի թենիսի հավաքականներն են կանոնավոր պարապում, անվավոր սայլակներով մրցումների մասնակցելու սիրահարներ կան, բայց հնարավորություններն են բացակայում, որպեսզի նրանց միջազգային մրցումների մասնակցելու առիթներն օգտագործվեն:

 Կա՞ն այնպիսի մարզիկներ, որոնք ֆինանսների պակասի պատճառով չեն մասնակցում պարալիմպիկ խաղերին:

– Ֆինանսների հարցը պետք է նախապես լուծվի, որպեսզի այդ մարզիկները կարողանան վարկանիշային մրցումներում ուղեգրեր նվաճել: Ծանրորդ  ունենք, որին խանգարել է  ֆինանսների սղությունը:

 Ինչո՞վ է պայմանվորված, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանից միայն մազուհիներ են մասնակցելու: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սպորտով զբաղվելու հարցում ավելի ակտի՞վ են:

– Այդպես է ստացվում:

 Այնուամենայնիվ, հույս կա, որ մեր պատվիրակները մեդալ կնվաճեն պարալիմպիկ խաղերում:

– 2008-ին Պեկինում Գրետայից մեդալ էինք սպասում, սակայն նա ձախողվեց: Կամխագուշակություն անելն անշնորհակալ գործ է: Միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է, որ մեր մարզուհիները բարձր արդյունքներ ցույց տան, և նրանք երկուսն էլ մոտ են հաջողության հասնելուն, տեսնենք, թե ինչ կստացվի: Խաղերի միջավայրից, ընդհանուր մթնոլորտից շատ բան է կախված:

 Պարալիմպիկ խաղերին մասնակցում են այնպիսի մարզիկներ, որոնք առողջական խնդիրների պատճառով դեղամիջոցներ են օգտագործում: Հետաքրքիր է` խաղերում դոպինգի ստուգում կատարվելո՞ւ է:

– Թեև իրոք այդպես է, սակայն դոպինգի հարցում վերահսկողությունը խիստ է լինելու: Դոպինգով պրոֆեսիոնալ մասնագետներ են զբաղվում և նրանք տարբերում են` մարզիկներն առողջականի հետ կապվա՞ծ են դեղամիջոցներ ընդունել, թե՞ դիմել են դոպինգի օգնությանը:

 

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply