Նախադպրոցականի հոգեկան առողջությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 1, 2012 7:06

Երեխաների հոգեբանության առանձնահատկություններից են գերզգայնությունը, խոցելիությունը, թուլությունը: Երբեմն շրջակա միջավայրի շատ  երևույթներ նյարդային ռեակցիայի, անգամ խանգարման պատճառ են դառնում:

Նևրոզ

Ծնողներն անպայման պետք է իմանան իրենց զավակների հոգեզգայական հնարավորությունների սահմանը ու թույլ չտան ավելի ներգործություն, քան ի վիճակի է տանելու փոքրիկների նյարդային համակարգը: Հակառակ պարագայում նյարդային գերլարվածություն ու նույնիսկ խանգարում կարող է առաջանալ:

Մեծահասակների  դաստիարակչական աշխատանքներն ուղղված են երեխաների  մեջ զսպվածություն  սերմանելուն, սեփական ցանկությունները ժամանակին արգելակելուն: Երեխան, տարիքի բերումով, շատ շարժուն է, հետաքրքրասեր ու ակտիվ, նա ցանկանում է   ամեն ինչ ու շատ, իսկ ծնողները միայն մեկ պատասխան ունեն` այնտեղ մի գնա, այստեղ մի խցկվիր, ձեռք մի տուր, մի ճպպացրու, մի խոսիր, արագ մի վազիր ևն: Մշտական արգելքներից երեխայի մեջ  նյարդային արգելակման գործընթաց է սկսվում, մինչդեռ նրա նյարդային համակարգն առանց այդ էլ թույլ է:

Նյարդաբանները նախադպրոցական տարիքը համարում են նևրոզների օրորոց: Դա կամակորության ու նեգատիվության շրջան է. երեխան բուռն բողոք է արտահայտում բազմաթիվ արգելքների դեմ: Իսկ եթե արգելքներն ուղեկցվում են նաև  բղավոցով ու սպառնալիքով, երեխայի մեջ հոգեկան տրավմա է առաջանում, որը հղի է  ոչ միայն ծնողների, այլև հասակակիցների հետ վեճերով: Դա կարող է հանգեցնել հոգեզգայական գործունեության լրիվ խանգարան:

Լավ դաստիարակված երեխան 3-4 տարեկանում արդեն գիտի «ոչն» ու «չի կարելին», ինչը լրիվ մերժում է  նշանակում ցանկությունների ու նույնիսկ բողոքի դեպքում: Իսկ եթե երեխան գործի է դնում լացը, հիսթերիան, ապա ցույց տվեք, որ նրա նման վարքագիծը ձեզ չի հուզում: Նման դեպքում կտրուկ սաստող բղավոցը չի օգնում: Երբեմն դրան հետևում է էլ ավելի ընդգծված լացն  ու բղավոցը: Այս դեպքում ճիշտ կլինի երեխային հանգիստ բացատրել, որ նրա նման վերաբերմունքը ճիշտ չէ, բացատրեք, թե ինչու: Հիմնավորեք ձեր մերժումը: Գլխավորը` ուշադիր եղեք, որ գործի ու խոսքի հակասություն չառաջանա: Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև պատժել, սակայն դա պետք է արվի շատ զգուշորեն, առանց նրա արժանիքները նսեմացնելու: Կարելի է, ասենք, ժամանակավորապես զրկել սիրած խաղալիքներով խաղալու հնարավորությունից ու նրա սիրած քաղցրավենիքից: Եթե երեխային հայրն է պատժում, ապա պետք է հայրն էլ վերացնի պատիժը: Շատ ընտանիքներում է հանդիպում նման  իրավիճակ. հայրը երեխային կանգնեցնում է անկյուն, իսկ մայրն ազատ է արձակում: Դա հանգեցնում է  նրան, որ երեխաներն այլևս մեծահասակների պահանջները հաշվի չեն առնում: Պատիժներից մեկն էլ ծնողների` երեխայի նկատմամբ ժամանակավոր «սառչելն» է, որ,  ի դեպ, շատ արդյունավետ միջոց է:

Հոգեկան տրավմայի մյուս տարեբերակները

Ակնթարթային ու բավականին ուժեղ տրավմա կարող է  լինել նաև խոսքի ժամանակավոր կորուստը կամ էլ կակազությունը: Շատ հաճախ նման տրավմաների պատճառ են դառնում ծնողների կոպիտ պատիժները: Երբ երեխան կակազում է, դժվարությամբ է շփվում մարդկանց հետ, ինչը հանգեցնում է անլիարժեքության զգացման: Նևրոզի հետևանք կարող են լինել զանազան  կպչուն վիճակները, վախերը, արարքներն ու հիշողությունները: Հոգեկան տրավմայի դրսևորում կարող են լինել նաև քիթը քաշելը,  անդադար թքոտելը, ոտքով դոփելն ու գլուխը տմբտմբացնելը:

Նախադպրոցականի հոգեկան տրավման հիմնականում պայմանավորված է  վախի ազդեցությամբ: Ասենք` երեխան վախեցել է փոթորկից, հրդեհից կամ երկրաշարժից: Սարսափը պատում է երեխային կատաղած շուն տեսնելիս: Երեխան կարող է վախենալ նաև կրկեսում, գազանանոցում և նույնիսկ կարուսելներից:

Հատկապես խոցելի են տկար, ֆիզիկապես թույլ երեխաները, որոնք հաճախ են հիվանդանում: Նման երեխաներին պարզապես պետք է  պաշտպանել հոգեբանական ազդեցություններից: Եթե երեխան պետք է անծանոթ մի տեղ գնա (ասենք` գազանանոց), նախապես հարկավոր է նրան հոգեբանորեն նախապատրաստել. փորձեք սահմանափակել վախենալու տեսարանները: Երեխան կարող է նևրոզով հիվանդանալ նաև տեսաֆիլմի դիտման կամ որևէ հաղորդման  հետևանքով: Նա պետք է դիտի միայն այն, ինչը նրան հասկանալի է  ու հասանելի, ոչ թե ամերիկյան մարտաֆիլմ կամ քրեական նորություններ:

Շատ ծնողներ շարունակում են երեխաներին վախեցնել ոստիկանով կամ բժիշկով, որը կգա ու կսրսկի: Երեխան նույնիսկ այդ մասնագետների մասին ամենաանվտանգ հիշատակման դեպքում կարող է հիսթերիայի մեջ ընկնել, հնարավոր է, որ այդ խոսակցությունները խուճապ առաջացնեն երեխայի մեջ: Ծնողներ, մի՛ մոռացեք, որ վաղ թե ուշ այդ «ճակատագրական» հանդիպումը մի օր  կայանալու է: Ուրեմն ինչո՞ւ երեխայի մեջ բացասական վերաբերմունք ձևավորել այդ մասնագիտությունների հանդեպ:

Երեխայի խոր հոգեկան տրավմայի պատճառ կարող է դառնալ ընտանիքի քայքայումը, ամուսնալուծությունը: Երեխան կարող է ներփակվել, քանի որ փոքրիկի գլխում ոչ մի կերպ չեն տեղավորվում իր շուրջը կատարվող իրադարձությունները, ու նա խորապես կցնցվի հարազատի` մոր կամ հոր հեռացումից:

Երեխաների մոտ հաճախ է հանդիպում նևրասթենիան, որի դեպքում հյուծվում, թուլանում են նյարդային  համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները: Նևրասթենիկ երեխաներն իրենց ուժերի վրա վստահ չեն, նրանց կամքը թույլ է, հիշողությունը` նույնպես, ուշադրությունը` ցրված, քունը` խանգարված: Նույնիսկ մտավոր ու ֆիզիկական լարվածությունը կարող է երեխայի մեջ բուռն ռեակցիա առաջացնել. երեխան կարմրում է, գունատվում,  առատ  քրտնարտադրություն է սկսվում, երբեմն նույնիսկ սրտի ցավ է առաջանում, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը:

Կանխարգելման համար հարկավոր է որոշակի օրակարգի անցնել` մտավորը հերթագայելով ֆիզիկականով:

Ու միշտ պետք է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը:

 Երբ գալիս է սեպտեմբերը

Գիտենք ու հիշում ենք, թե ինչպես է գալիս սեպտեմբերը, տևական ամառային արձակուրդներից հետո դպրոց վերադառնալու ժամանակը:

Ինչպե՞ս կարելի է օգնել երեխային վերադառնալու դպրոցական կյանք, կենտրոնանալու ուսման վրա:

Արձակուրդներից հետո երեխաները պետք է հարմարվեն նոր վիճակին: Մի վիճակը փոխարինվում է մեկ ուրիշով: Հանգստի ժամանակ երեխան որոշակի օրակարգ չունի, եթե, իհարկե, առողջարանում կամ  ճամբարներում չի հանգստացել: Քնել է սիրտն ուզածին չափ, իսկ հիմա եկել է որոշակի ժամի արթնանալու շրջանը: Արձակուրդներին երեխան կուշտ կերել է, հեռուստացույց դիտել, խաղացել, մի խոսքով` վայելել կյանքն իր իմացածի ձևով: Սակայն, մի կողմից, նա հանգստացել է, իսկ մյուս կողմից, ըստ էության, թուլացել, ու հիմա նրա համար դժվարին ժամանակներ են:

Ի՞նչ անել, որ արձակուրդն օգուտի վերածվի

Դրա համար, իհարկե, հարկավոր էր նույնիսկ արձակուրդներին չշեղվել օրակարգից, այսինքն` շարունակել քնել նույն` սովոր ժամին, ասենք` 21 00-ին ու արթնանալ առավոտյան  7-ին:   Բայց եթե դա չի հաջողվել, ապա մի հուսահատվեք, այնուամենայնիվ կարելի է վերականգնել օրակարգն  արձակուրդների ավարտից մի քանի օր առաջ: Դրա համար հետ վարժեցրեք ուշ ժամին քնելուց ու փորձեք աստիճանաբար ակտիվ կյանք  մտցնել նրան, որ դպրոցական օրերը երեխայի համար սթրեսի չվերածվեն:

Դպրոցից առաջ վերջին գիշերը

Սեպտեմբերի 1-ին նախորդած երեկոյի տրամադրությունից է կախված, թե երեխան ինչպես կմտնի դպրոց:

Փորձեք չզայրանալ երեխայի վրա, եթե անգամ նա չի հասցրել պայուսակը դասավորել կամ  առաջադրանքը չի կատարել:

Օգնեք նրան հաջորդ օրվան նախապատրաստվել: Թող դասավորի պայուսակը ձեր հսկողությամբ: Փորձեք նրան տրամադրել վաղվա օրվան, օրինակ. «Գնա, որ պատմես նաև, թե ինչքան ուրախ ժամանակ ես անցկացրել, ինչպես ես հանգստացել արձակուրդին»:

Հարգելի՛ ծնողներ, մի մոռացեք երեխայի նախաճաշը. առաջին օրն է, որ նա պետք է տնից մի քանի ժամով հեռու լինի: Ուրեմն հոգ տարեք, որ նա դուրս գալուց առաջ նախաճաշի:

Եթե երեխան զգա, որ իր հոգսերի հետ մենակ չէ, հեշտությամբ ու սիրով կմտնի նոր օրակարգ:

Դիտվել է 2447 անգամ:
Print Friendly

Leave a Reply