Ավստրիացի զբոսաշրջիկները հիացած են Հայաստանի մշակույթով, բայց սարսափած` գյուղերում տիրող իրավիճակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 5, 2012 7:00

Օրեր առաջ Սևանում հանդիպեցինք մի խումբ ավստրիացիների, որոնք Հայաստան էին եկել արկածային տուրիզմի նպատակով: Գաբրիելան, Ինգրիդը, Ժոզեֆը, Բարբարան, Քրիստոֆն ու Մոնիկան ոչ միայն առաջին անգամ էին Հայաստանում, այլև մինչ այս երբեք չէինք լսել Հայաստանի մասին: Նրանք հիացած էին հայկական բնաշխարհով, հատկապես` լեռներով և մեր երկրի հնամյա պատմությամբ ու եկեղեցիներով:

Ամառային հանգիստը Հայաստանում անցկացնելու որոշումը եղել է Բարբարայինը: «Մտածում էի գնալ մի պատմական երկիր, որտեղ միանգամայն այլ մշակույթ է, այլ իրավիճակ,- ասում է նա,- բացի այդ, Հայաստանն այդքան էլ հայտնի չէ, մեծ դժվարությամբ գտանք քարտեզի վրա, քանի որ շատ փոքր է, բայց կարծում եմ` հետաքրքիր կլինի ասել, որ մենք այս տարի եղել ենք Հայաստանում: Բոլորը կզարմանան ու կհարցնեն` իսկ դա որտե՞ղ է»:

Պատմում են, որ երբ ընկերներն ու ծանոթներն իմացել են` Հայաստան են գալու, առաջինը հարցրել են. «Այնտեղ ապահո՞վ է, պատերազմ չկա՞: Հարցնողները Հայաստանի մասին տեղյակ են եղել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության առնչությամբ:

Ավստրիացիների խումբը Հայաստան է եկել հայկական արկածային տուրիստական գործակալության միջոցով: Այցելության հիմնական օրակարգը լեռնային արշավն է և պատմամշակութային վայրեր այցելելը: Արդեն յոթերորդ օրն է, ինչ նրանք Հայաստանում են, կմնան ևս ինը օր: Հասցրել են քայլել Գեղամա լեռնաշղթայում, բարձրանալ ամենաբարձր գագաթը` Աժդահակ: Պետք է քայլեն նաև Սյունիքի լեռներով, հասնեն Խուստուփ, ապա` Արագած:

«Ի՞նչն է ձեզ Հայաստանում ամենից շատ գրավում» հարցին նրանք առաջին հերթին պատասխանում էին` եկեղեցիները: Սակայն հայկական լեռներում նրանց գրավել են ոչ միայն հնամենի եկեղեցիները, քարանձավներն ու ժայռապատկերները: Նախօրեին նրանք հանդիպել էին գյուղացիների, որոնք ամռանը կովերի ու ոչխարների հետ սար են բարձրանում: Հյուրերին զարմացրել էր այն, որ տան բոլոր անդամները տեղափոխվում են սար և ողջ ամառն անցկացնում այնտեղ: Պատմեցին, որ իրենց մոտ նույնպես կենդանիներին ամռանը սար են բարձրացնում, բայց նրանց ոչ թե ողջ ընտանիքն է ուղեկցում, այլ` հովիվները:

Եվրոպացի հյուրերը տպավորված էին հայկական գյուղական տեսարաններով, բայց ցնցված այնտեղ տիրող աղքատությամբ: Նրանք ընդամենը մեկ օր էին անցկացրել Երևանում, նկատել, որ այն լիովին եվրոպական քաղաք է, և գյուղերի հետ համեմատելով` հասկացել են, որ մեզ մոտ սոցիալական լուրջ տարբերություն գոյություն ունի: «Ավստրիայի և Հայաստանի գյուղերն անգամ չի կարելի համեմատել, տարբերությունը հսկայական է: Շատ ցավ ենք ապրում` տեսնելով գյուղացիների վատ վիճակը: Ձեր գյուղերում հիմնականում ծերեր են ապրում, դա նշանակում է, որ երիտասարդները լքում են գյուղերը»,- ասում է Բարբարան:

Գաբրիելան էլ շարունակում է. «Մենք շոկի մեջ էինք` տեսնելով գյուղական կենցաղը: Երևում է, որ Հայաստանում հասարակությունը բևեռացած է. շատ հարուստներ ու շատ աղքատներ: Միջին խավ կարծես գոյություն չունի: Հասկացանք, որ գյուղերում գործազրկություն է տիրում, և մարդիկ հեռանում են կա՛մ մայրաքաղաք, կա՛մ այլ երկրներ: Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կդատարկվի»:

Նրանք ասում էին, որ չեն ուզում լինել գյուղերում, քանի որ իրենց ճնշում է այդ իրավիճակը:

Ավստրիացիների համար մեկ այլ ցավալի իրողություն էլ Սևանն էր. նրանք հիացած էին լճով, սակայն զարմացած, որ դրա շուրջ գրեթե դատարկ է. «Ճիշտ է` հանգստացողներ, հանգստյան տներ կան, բայց աշխուժություն չկա. նման լճի կողքին պետք է ազատ տեղ չլիներ»:

Զրույցից պարզվեց, որ խմբի անդամներից մեկը` Քրիստոֆը, մինչ Հայաստան գալը հետաքրքրվել է հայոց պատմությամբ. օրինակ` միայն նա էր տեղյակ Հայոց ցեղասպանության մասին. «Գիտեմ, որ 1915 թվականին թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի դեմ, մի մասին էլ վտարել իրենց պատմական հայրենիքից: Երևանում ցեղասպանության թանգարան կա, և անպայման պիտի այցելենք, չնայած որ օրակարգի մեջ ներառված չէ»,- ասաց նա:

Ի դեպ, Քրիստոֆը եղել էր նաև Թուրքիայում, դիտել Արարատը, գիտեր, որ այն հայկական լեռ է: Որպես տուրիստ համեմատելով Հայաստանն ու Թուրքիան` նկատեց. «Հայաստանում ինձ շատ ավելի լավ եմ զգում, շատ ավելի հանգիստ, ապահով և յուրային: Թուրքիայում մթնոլորտը մի տեսակ այն չէ»:

Ինչ վերաբերում է աշխարհահռչակ հայերին, ապա ավստրիացի հյուրերը հիշեցին երեք անուն` Շառլ Ազնավուր, Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան: Քանի որ Մոնիկան շատ է սիրում բռնցքամարտ և անձամբ զբաղվում է այդ սպորտով, հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանին լավ էր ճանաչում:

Ընդհանուր առմամբ, տուրիստները գոհ էին հայաստանյան այցելությունից, մատնանշում էին նաև հյուրանոցային ծառայությունների բարձր որակը և չբացառեցին, որ կրկին հանգստի համար կընտրեն Հայաստանը: Միաժամանակ չխուսափեցին ասել, որ հյուրանոցից դուրս իրավիճակը լրիվ այլ է, հատկապես` շրջակա միջավայրի մաքրության առումով. ամենուր աղտոտ է:

Արկածային տուրիզմի մենեջեր Արայիկ Հակոբյանը, որ նրանց ուղեկցում է արշավների ողջ ընթացքում, նշում է, որ այս տուրիզմի նպատակով իրենց կազմակերպության միջոցով Հայաստան են գալիս հիմնականում գերմանացիներ ու ավստրիացիներ: Հյուրերին գրավում են Հայաստանի հրաբխային ծագմամբ լեռները: «Եվրոպայում լեռնային արշավները բավականին տարածված են` որպես արկածային տուրիզմի ենթաճյուղ: Խորհրդային տարիներին մեզ մոտ նույնպես շատ տարածված էր, բայց այսօր այն գրեթե չկա»:

Նրա խոսքով` տուրիզմի այդ տեսակը զարգացնելու համար Հայաստանում խոշոր ներդրումներ են պետք. «Շատ խնդիրներ կան, օրինակ` բարձր լեռնային գոտիներում չկան գիշերակացի կետեր, որտեղ արշավորդները հանգստանան ու շարունակեն քայլել: Ճանապարհները նույնպես լավը չեն, ձմռան համար անհարմար են:  Կա նաև ավտոմեքենաների խնդիրը և այլն»:

Մեր զրուցակիցը նշում է, որ այս տուրիզմը լուրջ զարգացում է ապրում հարևան Վրաստանում: Հակոբյանը ստույգ թվեր չգիտի, սակայն կարծում է, որ Հայաստանի համեմատությամբ` տարեկան մոտ տասն անգամ ավելի շատ քայլող տուրիստ է մտնում Վրաստան: «Կովկասյան լեռները շատերին են գրավում,- ասում է նա,- բայց միաժամանակ վրացիները լրջորեն զբաղվում են դրա մարկետինգով, ներդրումներ են անում: Այդ տուրիզմը նրանց մոտ ծաղկման փուլում է»:

 

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply