Հայաստանը` թանկ հանգստավայր. Ով որքան գումար է ծախսում հանգստի դիմաց
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | ankakh | September 3, 2012 7:00
Հայաստանում բազմիցս է խոսվում զբոսաշրջության զարգացման նախադրյալների, հեռանկարների և առաջիկայում սպասվող այցելուների աննախադեպ աճի մասին: Որքան էլ քայլեր են ձեռնարկվում ոլորտում առկա խնդիրները լուծելու, երկրի զբոսաշրջային վարկանիշը բարձրացնելու, ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու և հյուրանոցային նոր համալիրներ կառուցելու ուղղությամբ, խնդիրների խնդիրը մնում է ծառայությունների թանկությունը: Գուցե օտարերկրյա զբոսաշրջիկի համար մեր երկրում մատուցվող ծառայությունները, եվրոպական երկրների համեմատ, փոքր-ինչ մատչելի են, սակայն զբոսաշրջության ճյուղը զարգացնելու ռազմավարությունը ներառում է նաև ներքին տուրիզմի զարգացման գործոնը: Ու որքան էլ խրախուսվում է մեծ թվով զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան, ինչը տնտեսական աճի ապահովման առումով դրական գործոն է, չպետք է մոռանալ, որ տեղացի զբոսաշրջիկները ևս պետք է զերծ չմնան մեր երկրի բարիքներից օգտվելու հնարավորություններից:
Չգիտես ինչու, բոլորը շտապում են հանգստի մեկնել արտերկիր, և պահանջարկի մեծացման պարագայում, բնականաբար, մեծանում է նաև առաջարկը տարբեր ուղղություններով ու պայմաններով: Բայց երբ ուսումնասիրում ենք հայաստանյան հանգստյան տներում տիրող մթնոլորտը, ապա նկատելի է դառնում, որ հանգստի կազմակերպման լավագույն կառույցներում ազատ տեղ չկա:
Պատկերն ակներև է: Հայաստանում հանգստացողների հիմնական խավը վճարունակներն են, քանի որ առաջարկվող գնային պայմանները հնարավորություն չեն տալիս հայրենիքում կազմակերպելու ամառային հանգիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը գնային քաղաքականության վերաբերյալ իր զրույցներից մեկում նշել է, որ արդիական դարձած այս խնդիրը պետական միջամտություն չի պահանջում, քանի որ պետությունը լծակներ չունի ազդելու ծառայությունների սակագների փոփոխման վրա: Շուկան ինքն է թելադրում գինն ու պահանջարկը, և եթե ներկա սակագները չեն փոփոխվում, ուրեմն ենթակա են սպառման: Գուցե գները նվազեն այն պարագայում, երբ տարիների ընթացքում տուրիզմի ոլրոտում մրցակցությունն առավել մեծանա ծառայությունների և սպասարկման որակի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման հաշվին և ստիպի շուկայի մասնակիցներին վերանայել հանգստի կազմակերպման սակագները:
Այս տարի տուրիստական որոշ գործակալություններ նոր ուղղություններ առաջարկեցին հանգստի մեկնողներին: Սակայն զուգահեռ անցկացնենք` հայաստանյան զբոսաշրջավայրը համեմատելով մեր երկրի իրական գների հետ: Օրինակ` հայերը վաղուց հայաստանյան բնաշխարհն ու գեղատեսիլ կապուտակ Սևանա լիճը փոխարինել են Սև ծովով ու սև ավազով, և հարևան Վրաստանը վաղուց դարձել է հայերի ամենասիրելի ու ամենամատչելի հանգստավայրը: Շատ տարիներ առաջ հարևան այս երկրում հայը դեռ ամենամեծ զբոսաշրջիկը չէր, նա երբմեն-երբմեն գնում էր այդ երկիր` այցելելով մայրաքաղաք Թբիլիսին, այնուհետև Բաթում նավահանգիստ: Տարիներ առաջ հարևան Աջարիան իր հյուրընկալ դռները բացեց բոլոր զբոսաշրջիկների, մասնավորապես` հայերի առջև, ստեղծելով բոլոր նախապայմանները մատչելի հանգիստ կազմակերպելու համար: Տարեցտարի այդ երկրում հայ զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքը նպաստեց թե՛ առաջարկվող ծառայությունների բարելավմանը, թե՛ գների նվազմանը: Նույնիսկ տնտեսական ճգնաժամը ազդեցություն չունեցավ այս ճյուղի վրա, քանի որ հայերը նույնիսկ այդ ժամանակաշրջանում շարունակեցին մտածել իրենց հանգստի մասին:
Վրաստանում ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ ի հայտ եկան ծովափնյա այնպիսի քաղաքներ, որտեղ ամեն տարի տուրիստների մեծ հոսք է նկատվում: Այդ քաղաքներից են Ուրեկին, Սարպին, Գոնյոն, Չակվին, Մախինջաուրին և Քոբուլետը: Գնային որոշ տարբերություններ, բնականաբար, կան այս քաղաքների միջև, սակայն եթե վերցնենք բարձրադիր լեռնային դիրք ունեցող Գոնյոն, որտեղ գները մի փոքր թանկ են, դարձյալ անհամեմատելի կլինի Հայաստանում առաջարկվող գների հետ: Այսօր նույնսիկ 40-70 հազար դրամով կարելի է այս հարևան երկրում հանգիստ կազմակերպել` գումարած ծովի գործոնը:
Փոքր-ինչ վճարունակները նախընտրում են նաև ամռան սեզոնին հանգստի մեկնել Անթալիա, ուր առաջարկվող տուրփաթեթների միջին գինը մեկ անձի համար 180-250 հազար դրամ է, ներառյալ` ավիատոմսը և երկանգամյա սնունդը: Հայերը նախընտրում են նաև հանգստանալ Բուլղարիայի Վառնա քաղաքում և Հունաստանում, որտեղ 1 անձի համար նախատեսվող գումարը 250-350 հազարի սահմաններում է:
Եվրոպայի մյուս երկրներում, մասնավորապես` Իսպանիայում և Իտալիայում գների կտրուկ աճ չի նկատվում, բայց հոսքն այնքան էլ մեծ չի եղել Հայաստանից: Եվրոպայի սրտում` Փարիզում, օրինակ` ամռան այս սեզոնին հանգստանալու համար մեկ անձի դիմաց նախատեսվող մեկշաբաթյա փաթեթը սկսվում է 450 հազար դրամից, իսկ էկզոտիկ երկրներում` Թաիլանդում և Մալդիվյան կղզիներում` 600 հազարից մինչև 1 մլն դրամ:
Իսկ ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը: Փաստը մնում է փաստ, որ գները ոչնչով չեն զիջում արտասահմանյան երկրներին, ուստի շատերը նախընտրում են հայրենիքում հանգստանալու փոխարեն արտերկիր մեկնել, այսինքն` հանգստի համար նախատեսվող գումարը վատնել օտար երկրում: Ինչո՞ւ, որովհետև նույն կարգի հյուրանոցային համալիրում առաջարկվող գները ոչնչով Հայաստանից թանկ չեն: Բացի հայտնի զբոսաշրջային կենտրոններից` Ջերմուկից, Դիլիջանից և Ծաղկաձորից ու Սևանից, ենթակառուցվածքները զարգացել են նաև այլ քաղաքներում, մասնավորապես` Գորիսում, Իջևանում, Օձունում, Ստեփանավանում, Գյումրիում, Ալավերդիում և այլն: Այս վայրերը ևս այսօր առաջարկում են տուրիստական արտադրանք, սակայն գնային առումով չեն տարբերվում զբոսաշրջային հայտնի մյուս կենտրոններից: Օրինակ` Դիլիջանի և Ծաղկաձորի լավագույն հանգստյան տներում գները մեկ օրվա համար տատանվում են 28-40 հազարի, իսկ ընտանեկան փաթեթների դեպքում մինչև 90 հազարի սահմաններում: Ջերմուկում գները փոքր-ինչ ավելի բարձր են, քանի որ ներառում են առողջարարական և վերականգնողական գործառույթներ: Այստեղ գները 40-100 հազարի սահմաններում են: Սևանի ամենաթանկ հյուրանոցային համալիրում, որը վերակառուցվել և հիմնանորոգվել է վերջերս, մեկ օրվա դիմաց արծաթե և ոսկե լյուքս համարները առաջարկվում են 250 հազար դրամով: Գորիսում մեկ անձի համար կարելի է հանգստյան տուն գտնել 17-38 հազարի սահմաններում, Իջևանում` 16-30, իսկ Մեղրիում` 15-45 հազարի սահմաններում, ընդ որում, դրա մեջ մտնում է միայն նախաճաշը:
Փաստորեն առկա գներն են պատճառը, որ մարդիկ ավելի շատ ձգտում են, նույն գինը վճարելով, հանգստի մեկնել եվրոպական երկրներ: Իսկ ծովի սիրահարները, որոնք, ի դեպ, մեծ զանգված են կազմում, նախընտրում են, հայաստանյան գների կեսից ավելի քիչ վճարելով, հանգիստը վայելել հարևան երկրում: Անհերքելի է, որ ներքին զբոսաշրջային տուրիզմը դժվար թե զարգանա ներկայիս գնային պայմաններում, քանի որ դրանից օգտվում են միայն ամենավճարունակները: Իսկ միայն նրանց հաշվին զարգացնել ներքին տուրիզմը այնքան էլ տրամաբանական չէ: Ցավալի փաստն այն է, որ հայ բնակչության գերակշռող զանգվածի համար անմատչելի է սեփական հայրենիքում հանգստանալը:
Լ.Ն






Facebook
Tweet This
Email This Post
