ՀՀ ՃՈ-ն նոր ուսումնական տարում առավել խիստ է լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 13:40

Ճանապարհային ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը խնդրում և հորդորում է լրատվամիջոցներին, դպրոցի տնօրեններին ու բոլոր քաղաքացիներին` լինել իրենց կողքին և աջակցել  նոր ուսումնական տարվա սկզբին իրենց կողմից իրականացվող միջոցառումներն ըստ պատշաճի անցկացնելու հարցում:

Այս տարի ճանապարհային ոստիկանությունն ավելի խիստ է լինելու բուհերի ու դպրոցների շրջակայքում երթևեկության կարգը պահպանելու հարցում: Ն. Սարգսյանը վստահեցնում է, որ բոլոր այն վարորդները, ովքեր իրենց երեխաներին դպրոց կբերեն 4-5 մեքենաների ուղեկցությամբ և երեխաներին իջեցնելուց անմիջապես հետո իրենց մեքենաները չեն հեռացնի երթևեկության բանուկ հատվածից, ապա ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կենթարկվեն նախազգուշացման և օրենքի պահանջը չկատարելու դեպքում նաև կտուգանվեն կամ կենթարկվեն պատժամիջոցների օրենքի ողջ խստությամբ` անկախ նրանից, թե տվյալ անձը բարձրաստիճան պաշտոնյա է, թե հասարակ բանվոր:

Սարգսյանը նաև տեղեկցարեց, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցների ու բուհերի շրջակայքում, եթե դրանք գտնվում են բանուկ երթևեկելի փողոցներում, անցկացվել են լրացուցիչ ճանապարհային գծանշումներ, որոշ դեպքերում դպրոցների տնօրենների առաջարկությամբ նույնիսկ հանվել կամ ավելացվել են հետիոտնի համար նախատեսված անցումային գծանշումներ:

“Ես խնդրում եմ մեր աշակերտներին` գիտակցել, որ իրենց կողմից ճանապարհային երթևեկության կանոնների  պահպանումը իրենց իսկ անվտանգությունից է բխում: Նաև խնդրում եմ մեր մանկավարժներին առաջին իսկ օրվանից մեր երեխաների մեջ սերմանել ճանապարհային երթևեկության տարական կանոնները”,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը` հորդորելով մեր վարորդներին հատկապես դպրոցների մոտով անցնելիս լինել առավել զգոն և ուշադիր և չցուցաբերել ավելորդ շտապողականություն:

Այս տարվա նորամուծություններից է նաև այն, որ ուսումնական հաստատությունների շրջակայքում ծառայություն իրականացնող կարգախմբերում լինելու են ոչ միայն ճանապարհային ոստիկաններ, այլ նաև` համայնքային ոստիկաններ, պարեկապահակային ծառայողներ և անչափահասների գծով տեսուչներ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply