ՀՀ ոստիկանությունը կիրականացնի “Զգուշացեք երեխաներ են” նշանաբանով մեկամսյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 30, 2012 13:36

Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կանցկացնի “Զգուշացեք երեխաներ են” նշանաբանով մեկամսյակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

“Շուտով ուսումնական հաստատություններում կհնչեն դպրոցական զանգերը, սկսվելու է նոր ուսումնական տարին, և այս տարի նույնպես ոստիկանությունն անելու է ամեն ինչ դպրոցականների տուն-դպրոց-տուն ճանապարհին երթևեկության անվտանգության ապահովման հարցում` միայն այն տարբերությամբ, որ այս տարի ՀՀ ոստիկանության պետ, գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով տասնօրյա միջոցառումների փոխարեն անցկացվելու է մեկամսյակ` “Զգուշացեք երեխաներ են” նշանաբանով”,-ասաց Նորիկ Սարգսյանն ու ավելացրեց, որ այս տարի ամեն ինչ անելու են, որ երեխաների անվտանգությունն այս օրերին առավելագույն չափով պահպանվի:

Ն. Սարգսյանը նշեց, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ 10 օրը չի բավականացնում երեխաներին ամառային աշխույժ կյանքից միանգամից անցնելու դպրոցական կարգուկանոնին. “Այդ է վկայում նաև նախորդ տարվա վիճակագրությունը,  համաձայն որի 2011-ին այդ տասնօրյակի ընթացքում գրանցվել էր ճանապարհատրանսպորտային 6 պատահար 6 վիրավորով, որոնց մասնակից էին դարձել դպրոցահասակ երեխաներ, ապա տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը կրկնապատկվել է, և մյուս 20 օրվա ընթացքում գրանցվել է 25 ճտպ 1 զոհով և 25 վիրավորով”:

ՃՈ-ի գնդապետի խոսքով իրենք այս միամսյակի նախապատրաստական աշխատանքները շատ ավելի շուտ են սկսել,  օգոստոսի 15-ից սկսած` ուսումնասիրվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցների և մարզերում գտնվող ճանապարհամերձ դպրոցների տեղանքը, թե ինչպիսի թերություններ, գծանշումների կամ ճանապարհային նշանների պակաս կա, և այժմ, այդ թերությունները բոլորը վերացվել են:

Նորիկ Սարգսյանը հավելեց նաև, որ իրենք հանդիպումներ են ունեցել մայրքաղաքի գրեթե բոլոր դպրոցների տնօրենների հետ, որպեսզի վերջիններս ևս իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեն ոստիկանության կողմից իրականացվող այս միջոցառումների մեջ:

Մարզերում ևս նմանատիպ աշխատանքներ են տարվել, հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում խոշոր քաաքները` Գյումրին, Վանաձորը, սակայն, ինչպես նշեց Ն. Սարգսյանը, գլխավոր ուշադրությունը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանի վրա, քանի որ Երևանում ճանապարհային անվտանգության համար պատասխանատու է անմիջապես ՃՈ-ն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply