Գյումրիից դուրս վանենք արտագաղթ, աղքատություն, սով, ընչազրկություն կոչվող չարիքները Վահան Թումասյանի նախընտրական ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 30, 2012 13:32

Հարգարժան գյումրեցիներ

          Տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 9-ին կայանալիք  ընտրություններով, մեզանից յուրաքանչյուրի քվեով Գյումրիում ձևավորվելու է նոր ավագանի, որի կառավարման ներքո էլ պարտադրված ենք լինելու ապրել առաջիկա 4 տարիներին :

     Ակնհայտ է, որ նախորդ ավագանու գործունեությունից շատերս ենք դժգոհ, և մեր դժգոհությունն ունի լուրջ պատճառներ, քանի որ այդ ավագանին քաղաքապետարանում մեր շահերի պաշտպանն ու հոգսերի արտահայտիչը լինելու փոխարեն ընդամենը որդեգրեց քաղաքապետի լուռ համախոհի  կեցվածք, երբևէ չփորձելով հակակշիռ դառնալ քաղաքապետին ու քաղաքապետարանին:

          Բայց եկեք խոստովանենք, որ զուտ անձնական և ոչ ամենևին հանրության շահերով թելադրվող ավագանի ունենալու գործում մեղքի իրենց բաժինն ունեն  մեզանից շատերը, երբ քվեարկել են ընտրակաշառքի դիմաց կամ խաթրի համար` կարևորություն չտալով, թե ավագանու անդամի թեկնածուն արդյոք ունի՞  հանրային ճանաչում, մտավոր և բարոյական անհրաժեշտ արժանիքներ:

          Սիրելի համաքաղաքացիներ: Համոզված եմ` յուրաքանչյուրս էլ երազում է, որ  Գյումրին մեզ համար  դառնա իրոք հարազատ տուն, որտեղ առանձին արտոնյալներ չլինեն և մեզանից յուրաքանչյուրն իրեն զգա տեր ու տնօրեն, որ օր առաջ խոնավ ու կիսափուլ վագոն-տնակներից նորակառույց բնակարաններ տեղափոխվեն մեր անօթևան  համաքաղաքացիները, որոնցից շատերը հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, անտեսված են  ու օտարված:

   Այսօր մեզ` յուրաքանչյուրիս հնարավորություն է տրվել ընտրությունների ճանապարհով ձևավորել հոգատար ու հսկող ավագանի, որը մեր հարկ ու տուրքով Գյումրիում կյանքը կդարձնի անհամեմատ տանելի: Ավագանի, որի գործունեությունը կլինի հրապարակային ու թափանցիկ եւ  բոլորս իրազեկ կլինենք, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, ինչ ապագա է սպասում մեր քաղաքին: 

  Ես համոզված եմ` երբ ակնհայտ կլինի, որ տեղական իշխանությունը ևս մտահոգ ու ազնիվ է, բոլորս  կհամատեղենք մեր ջանքերն ու Գյումրիից դուրս կվանենք արտագաղթ, աղքատություն, սով, ընչազրկություն կոչվող չարիքները:

                Վստահ եղեք, որ միմիայն այս մտահոգություններով ենք ինչպես ես, այնպես էլ ընկերներս` «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մյուս բոլոր թեկնածուները ցանկանում ընտրվել Գյումրու ավագանիում: Մենք ունենք անհրաժեշտ վճռականություն՝ առաջնորդվելու Ձեր ու միմիայն Ձեր շահերով:

   Հարգելի ընտրողներ: Ակնկալելով Ձեր վստահության քվեն, հավատում եմ, որ Ձեզանից  յուրաքանչյուրը քվեարկելուց առաջ մի պահ կխորհի իր զավակների ու մեր բոլորին պատկանող քաղաքի` Գյումրու ապագայի մասին:

Գյումրի, սեպտեմբեր, 2012 թվական

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply