Ուսուցիչները նոր ուսումնական տարին դիմավորում են օպտիմալացման հեռանկարով և քիչ դասաժամերով

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 31, 2012 13:27

Այս օրերին  երեխաներն ու ծնողները սրտատրոփ պատրաստվում են սեպտեմբերի 1-ին, դպրոցներն էլ հնարավորինս տոնական տեսք են ընդունում` Գիտելիքների օրը երեխաներին դիմավորելու համար: Սակայն մի շարք դպրոցներում և ուսուցիչների շրջանում տրամադրությունը հեռու է տոնական լինելուց. ավագ դպրոց-հիմնական դպրոց անցմամբ պայմանավորված` ուսուցիչների կրճատումներից խուսափել հնարավոր չեղավ:

Մարտունիում, օրինակ, ավագ-հիմնական դպրոց տարանջատումից մեկ տարի անց բոլոր դպրոցներն էլ կանգնած են անձնակազմի օպտիմալացման խնդրի առջև. ամեն դպրոց դժգոհում է աշակերտների ու դասաժամերի  պակասից:

«Տնօրենի հիմնական դժվարությունը դասաժամերի պակասությունն է: Այս տարի չունենք 10 և 11-րդ դասարաններ, և դասաժամերը բավականին կրճատվել են: Ունենք մի հատ 7-րդ, երկու` 8-րդ, երեք  հատ 9-րդ դասարան»,- ասում է թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լյովա Գալստյանը` հավելելով, որ այս տարի գուցե կրճատումներից կարողանան խուսափել, բայց մյուս տարի փաստի առաջ կկանգնեն.  երբ ավագ երեք դասարանները հեռանան,  անձնակազմը 50 տոկոսով օպտիմալացնելու կարիք կլինի:

«Եթե թույլ տային  վերևի ուսուցիչներին  վերապատրաստվել  և որպես դասվար աշխատել, ինչ-որ հարց կլուծվեր: Այլապես երկար տարիներ միասին աշխատել ենք, համագյուղացի ենք, դժվար է մանկավարժների 50 տոկոսին կրճատել»,- ասում է Գալստյանը` հավելելով, որ տարեկան մեկ նոր դասվարի անհրաժեշտություն է առաջանում:  Տնօրենը նաև ասում է, որ դպրոցի ուսուցիչների մի մասը Մանկավարժական համալսարանի դասվարության բաժին է ընդունվել` նոր որակավորում ստանալու համար, որպեսզի կարողանա նաև տարեցտարի ավելացող տարրական դասարաններին դասավանդել:

Գալստյանը նշում է, որ հնարավորության դեպքում, եթե ֆինանսական միջոցները թույլ տան, կփորձեն ամեն ուսուցչին 7-10 դասաժամ հատկացնել` կրճատումներից խուսափելով, մինչև մի քանի տարի անց դասաժամերի հարցը լուծվի` շնորհիվ տարրական դասարանների աշակերտների թվի:

3-րդ հիմնական դպրոցում դժգոհում են, թե իրենք տուժող են` ավագ դասարանների աշակերտներին տալիս են մյուս դպրոցին, մինչդեռ ավագ դասարաններում ժամաքանակը շատ է: Մարտունու  Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում էլ դժգոհում են, թե երեք տարով 1-2 դասարան են ստանում, փոխարենը մյուս դպրոցներին նույնքան աշակերտ են տալիս 9 տարով:

Ավագ դպրոցում  փաստի առջև են կանգնած տարրական դասարանների ուսուցիչները: 1-ին և 2-րդ դասարաններ այլևս չկան, և դասվարները կա՛մ պետք է օպտիմալացվեն, կա՛մ էլ բավարարվեն 8-10 ժամով` հաջորդ տարի խնդրի որևէ լուծում գտնելու հույսով և կամ  ընդհանրապես առանց աշխատանքի մնալու հեռանկարով:

21 տարվա մանկավարժ Շուշան Մխիթարյանը, որ նաև Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող դասախոս է, անորոշ ապագայի առջև կանգնած դասվարներից է: Մխիթարյանի ամուսինը ևս մանկավարժ է և ուսումնարանի ու քոլեջի միավորման հետևանքով առանց աշխատանքի է մնացել: Որդին բանակում է ծառայում, դուստրն ուսանող է, կրտսերն էլ` դպրոցական: Բազմանդամ ընտանիքի հույսը տվյալ պահին Մխիթարյանի աշխատավարձն է:

«Ես հասկացա, որ 8 ժամով ընտանիք չեմ կարող պահել ու փորձեցի այլ դպրոց ընդունվել»,- ասում է Մխիթարյանը: Վերջինս ցուցակագրում է թաղամասի 20 առաջին դասարանցիներին ու դիմում 3-րդ հիմնական դպրոց` աշակերտների հետ միասին դպրոց ընդունվելու խնդրանքով:

«Տնօրենն ինձ մերժեց, թե 4 դասվար ունի և նոր մասնագետի կարիք չունի: Առաջարկեց գնալ 1-ին հիմնական դպրոց, բայց այն դպրոցն էլ մեր թաղամասից շատ հեռու է և որևէ ծնող, որքան էլ հարգի ու սիրի ինձ, իր 6-ամյա երեխային այդքան հեռու դպրոց չի ուղարկի»,- ասում է Մխիթարյանը` ավելացնելով, որ մյուս դպրոցում էլ նոր դասվարի կարիք չունեն:

Գալստյանն էլ տեղի ունեցածն այսպես է ներկայացնում. «Առաջարկեցի, թե եթե կարող եք հավաքել երեխաներ, գնացեք առաջին դպրոց երեխաների հետ: Մյուս դպրոցը հո չի՞ փակվելու:  Եթե քեզ համար  են գալիս, ուրեմն գնացեք առաջին դպրոց: Իսկ եթե պարզապես դպրոց են գալիս, ուրեմն քեզ համար չեն գալիս»:

Գալստյանը նշում է, որ ամեն դեպքում օպտիմալացումներից խուսափել հնարավոր չէ. նախկինում 3 դասարան իրենց դպրոցում էր ձևավորվում, 2-ը  մյուս դպրոցում: Միավորման արդյունքում 4 դասարան է ձևավորվում: «Նախկինում 71 աշակերտով մենք երեք դասարան էինք ձևավորում, հիմա հավելյալ 20 աշակերտ է գալիս, էլի նույն 3 դասարանն ենք ձևավորում` պարզապես ավելի խիտ կազմով»:

Անդրադառնալով կադրային խնդրին` Գալստյանն ասում է. «Կադրերի փոխանակություն օրենքը թույլ չի տալիս, այլ բան է, որ համատեղությամբ աշխատեն:  Հիմա նոր դասվարի տեղ է առաջանում, ուրեմն նոր դասվար  պիտի ընդունվի: Մեր մոտից էլ ուրեմն իրենք պիտի ընդունեն ֆիզիկայի, քիմիայի ուսուցիչներ: Բայց այնտեղ ասում են` մենք մասնագետ ունենք, տեղ չունենք, մրցույթով պիտի լինի: Է, մենք էլ պիտի մրցույթով ընդունենք: Իսկ եթե մրցույթով ենք ընդունում, գուցե այդ դպրոցի ուսուցիչը չընդունվի»:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ ավագ-հիմնական դպրոց տարանջատումն արդեն 3 տարի ընթացքի մեջ է: Այս ընթացքում ավագ դպրոցներից դուրս մնացած տարրական դասարանների ուսուցիչները որոշ դեպքերում այլ դպրոցներ են ընդունվել, մանավանդ եթե հավաքել են երեխաներ, որոնք իրենց դասարանում պիտի սովորեն:

«Ոմանք թոշակառու են եղել, քաղաքից են հեռացել կամ համապատասխան մասնագիտական որակ չեն ունեցել, այդպիսիները դուրս են մնացել համակարգից,- ասում է Հովհաննիսյանը:-Կրթության վարչություններին հանձնարարված է ուշադիր լինել, որ որակյալ կադրերը դուրս չմնան, և այլ երևույթներ տեղ չգտնեն»:

Իսկ եթե, ամեն դեպքում, որակյալ կադրը դուրս է մնում դպրոցից, Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս դիմել ԿԳՆ. իրենք կփորձեն հնարավորության սահմաններում  խնդրին որևէ լուծում գտնել:

 

Դիտվել է 2404 անգամ:
Print Friendly

Leave a Reply