Իրանի շուրջ կրքերն ամենևին էլ չեն հանդարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 4, 2012 7:00

Վերջին շրջանում պասիվություն է նկատվում Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների հարցում: Մերձավոր Արևելքում այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է Սիրիան, չնայած փորձագետները հակված են եզրակացնելու, որ սիրիական զարգացումները ևս ուղղված են Իրանի դեմ: Այս առնչությամբ հարց է առաջանում` մի՞թե Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացել է, կամ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, առավել ևս, որ Իրանի շուրջ ծավալվող հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար:

Իրանի խնդրում որոշակի պասիվությունը, փորձագետների կարծիքով, պայմանավորված է նաև ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններով: Այս կարծիքին է նաև իրանագետ Մհեր Բաղդասարյանը, որը, սակայն, մեկ այլ դիտարկում էլ ունի. Իսրայելը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս Իրանի դեմ ռազմական հարձակումներ կազմակերպելու ելույթներով, բայց Մհեր Բաղդասարյանին թվում է, թե այժմ բոլորն ավելի շատ սպասում են, որ տեսնեն, թե Սիրիայում գործընթացներն ինչպես են ավարտվում: Որովհետև քանի դեռ Սիրիայում իրավիճակը խառն է, Իրանի դեմ որևէ գործողություն իրականացնելն անիմաստ է դառնում:

«Ես  ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որ քանի դեռ Արևմուտքը Սիրիայի հետ հարցերը չլուծի, Իրանի դեմ վճռական գործողությունների չի գնա: Որովհետև ընդհանուր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, իմ կարծիքով, հիմնականում ուղղված են Ռուսաստանի, նրա ազդեցության թուլացման դեմ: Եվ Սիրիայի հետ կապված իրադարձություններում շատ կարևոր է հենց այդ հանգամանքը, որ Արևմուտքն ուզում է Սիրիայի միջոցով Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել, իսկ Սիրիայից հետո հաջորդ քայլը, բնականաբար, կարող է լինել Իրանը»,- ասաց իրանագետը:

Պարզապես իրավիճակն այնքան էլ պարզ չէ այն առումով, որ եթե, ենթադրենք, հաջողվի Իրանում որոշակի հաջողությունների հասնել, ապա դա շատ մեծ օգնություն կլինի Թուրքիային: Որովհետև Իրանը տարածաշրջանում Թուրքիայի մրցակիցն է և Թուրքիայի  գործողությունները հսկող ուժերից մեկը: Հետևաբար, Իրանին թուլացնելով` Արևմուտքը կուժեղացնի Թուրքիային, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ հենց նույն Արևմուտքին, քանի որ Թուրքիան ներկայիս քաղաքական կուրսով իր դերը կմեծացնի թե՛ իսլամական աշխարհում, թե՛ տարածաշրջանում: Դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին: «Ուստի շատ արժանահավատ է այն տեսակետը, որ Սիրիայի հետ կապված հարցերը վերջացնելուց հետո ակտիվացնեն քրդական հարցը Թուրքիայում, և հաջորդ շարժումը լինի Թուրքիայում, ոչ թե Իրանում»,- նշեց իրանագետը:

Իսկ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այնպիսի տպավորություն ունի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունները վերջնական եզրակացության են եկել, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը բավականին հեռավոր հեռանկար է: Հետևաբար, Իրանի խնդիրը կարծես երկրորդ պլան է մղվել:

«Նրանք էլ հիմնվում են հետախուզական տվյալների վրա: Դրա մասին ինֆորմացիայի արտահոսք եղավ, և պարզ դարձավ, որ աշխարհում ոչ մի հետախուզություն չունի հստակ տվյալներ, որ Իրանը մոտ է միջուկային զենքի պատրաստմանը: Եվ ամենակարևորը` չկան այնպիսի տվյալներ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը միջուկային զենք ստեղծելու  որոշում է ընդունել»,- նշեց արևելագետը:

Նա նույնպես  Իրանի խնդրի սառեցման պատճառները համարում է ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները և Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունները:

«Որովհետև մենք տեսնում ենք, որ Սիրիայում հակաասադյան ուժերը կամաց-կամաց թուլացնում են իրենց դիրքերը, ու հիմա և՛ ԱՄՆ-ի, և՛ Թուրքիայի կողմից կարծես շատ ավելի լուրջ քննարկվում է, թե թուլացող ապստամբ ուժերին  ինչպես կարելի է ուժեղացնել: Ավելի ակտուալ են դառնում Թուրքիայի կողմից Սիրիայի տարածք ներխուժելու ծրագրերը: Այնպես որ այժմ դա է ամենակարևորը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա համոզմամբ` բանակցային գործընթացները նորից վերսկսվելու են, և կան նշաններ, որ բանակցային գործընթացի նոր փուլն ավելի հաջող կընթանա: Որովհետև դրա համար նախադրյալներ, ըստ արևելագետի, կան: Մասնավորապես` այդ գործընթացի վերաբերյալ դրական արձագանքներ կան և՛ Իրանից, և՛ կարծես ԱՄՆ-ից:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն էլ բնավ չի կարծում, որ Իրանի շուրջ կրքերը հանդարտվել են, և օրինակ է բերում, որ օգոստոսի 27-ին Իսրայելի հետախուզության պետը հերթական սպառնալիքը հնչեցրեց Իրանի հասցեին` հայտարարելով, որ պատերազմը կարող է սկսվել առանց նախազգուշացման:

«Սա ես ընդունում եմ միայն որպես ընդմիջում և նոր ուժերի հավաքում: Իրանի խնդիրը չի հանգստանալու մոտ ժամանակներս: Այլ ճիշտ հակառակը` Իրանի գլխավոր հակառակորդները` ԱՄՆ-ն ու Իսրայելը, այսօր նոր թիմ են ստեղծում, և այդ թիմի մեջ գնալով ավելի շատ երկրներ են մտնում, և չեմ կարծում, թե այսքան չարչարանքից, այսքան դժվարություններ հաղթահարելուց, այսքան ճանապարհ անցնելուց հետո այդ պետությունները կանգ կառնեն և կփորձեն խաղաղ ճանապարհով լուծել Իրանի խնդիրը»,- ասաց քաղաքագետը:

Այսինքն` լարվածությունը պահպանվում է, և թուլանալու որևէ միտում չի դրսևորում: Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, սակայն, որ Իրանի նկատմամբ ռազմական միջամտության առումով և՛ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելը ուշացել են: Բայց դա չի նշանակում, թե չեն կարող փորձել ռազմական միջամտություն ցուցաբերել այդ հարցում:

Իսկ Լևոն Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց.«Ուշացել են այն իմաստով, որ վերջին տարիներին Իրանը շատ ուժեղ զարգացրեց իր ռազմա-արդյունաբերական տնտեսությունը և դարձավ աշխարհի հազվագյուտ պետություններից, որոնք ավտոնոմ են լուծում իրենց սպառազինության հարցերը: Իրենց ամբողջ սպառազինությունն իրենք են արտադրում, այդ թվում` բավական լուրջ և ծանր հրթիռներ»:

Իսկ ռազմական գործողություններ լինել-չլինելու հարցը ոչ թե ԱՄՆ-Իրան կամ Իսրայել-Իրան պատերազմական խնդրի կամ վեճի հետ է կապված, այլ, ինչպես նշեց քաղաքագետը, ավելի շատ մնում է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների տիրույթում: Այսինքն` Իսրայելը փորձում է Իրանի դեմ ռազմական գործողություններում ներգրավել ԱՄՆ-ի ռազմական ներուժը, իսկ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որ բանը դրան չհասնի, լավ հասկանալով, որ եթե ռազմական գործողությունները սկսվեն, ապա ստիպված կլինի ներգրավվել պատերազմում:

Սա շատ հետաքրքիր և նուրբ երանգ է հաղորդում այն ամենին, ինչ կատարվում է  Իրանի առնչությամբ: Երկուսն էլ իրենց  համարում են Իրանի թշնամի, սակայն ԱՄՆ-ն փորձում է Իրանին խեղդել երկու տարբերակով` տնտեսական պատժամիջոցներով, բռնարգելքով և Իրանի ներսում ազգային փոքրամասնություններին իրար դեմ հանելով: Իսկ Իսայելի մոտեցումն ուղղակի պատերազմական գործողություններն են: Եվ այդ նուրբ խաղը, որ գնում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի խնդրի շուրջ,  ինչպես նշեց Լևոն Մելիք-Շահնազարյանը, շատ հետաքրքիր է, և ապագան ցույց կտա, թե նրանցից որի ծրագիրը կկիրառվի: Սակայն այժմ գործում է միայն ԱՄՆ-ի ծրագիրը:

 

 

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply