ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կտանե՞ն Հայաստանը քաղաքական նոր ճգնաժամի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 31, 2012 7:00

Պայմանավորված առաջիկա ՏԻՄ ընտրություններով` հայաստանյան քաղաքական իրականության մեջ մի հետաքրքիր միտում արձանագրվեց: Խորհրդարանական ընտրություններից հետո վստահության քվեների քանակով երկրորդ քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, հայտարարել էր իշխանական կոալիցիային չանդամակցելու և որպես այլընտրանք հանդես գալու մասին: Սակայն որոշ համայնքներում երկրի քաղաքական մեծամասնությունը` ՀՀԿ-ն, հայտարարեց հենց ԲՀԿ-ի թեկնածուներին սատարելու մասին:  Ընդ որում, ՀՀԿ-ի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրատվամիջոցներին ասել է, որ սա ամենևին էլ չի նշանակում, թե ՀՀԿ-ն տվյալ համայնքներում կադրային խնդիրներ ունի: Այլ դա ընդամենը քաղաքական որոշում էր` սատարելու ԲՀԿ-ի թեկնածուներին, որոնք ընդունելի են նաև ՀՀԿ-ի համար:

Այս կապակցությամբ հարցեր, ամեն դեպքում, առաջանում են: Քաղաքագիտական գրականությունը «այլընտրանք» կոչվող եզրույթի դիմաց նշում է` ընդդիմության տեսակ, քանի որ երբ քաղաքական ուժը հանդես է գալիս որպես այլընտրանք, ապա առաջին հերթին հենց իշխանությանն է այլընտրանք, առավել ևս, երբ համապետական ընտրություններում արձանագրել է վստահության քվեների քանակով երկրորդ արդյունքը: Հարցն այստեղ այն է, որ հայաստանյան իրականության մեջ ընդդիմությունը մի քիչ այլ կերպ է ընկալվում: Ու ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում առաջանում է ևս մեկ հարց` միգուցե ԲՀԿ-ն իրեն համարում է հենց ընդդիմությա՞ն այլընտրանքը: Առավել ևս, որ նրանք «այլընտրանքի» վերաբերյալ հիմնավորված պարզաբանումներով հանդես չեն եկել:

«Հայաստանի վերնախավը, որ օլիգարխիկ են կոչում, իրականում երկու մասի է բաժանված, որոնք իրար թշնամի չեն, բայց նաև նույնական չեն: Նույնական չեն բազմաթիվ պատճառներով: Օրինակ` եթե ԲՀԿ-ն գնահատում ենք, դրա համար հատուկ մեթոդ կա, ու այդ մեթոդով նրանք երկրի ներքին արդյունաբերության, տնտեսության զարգացման կողմնակիցներն են: Սրանց գործունեության մեջ դրսի հետ առևտուրն ու տնտեսական հարաբերությունները մեծ չեն: Նույնիսկ որպես ընտրակաշառք նրանք տրակտոր են բաժանում, որը երկրի ներքին արտադրողական ուժերի զարգացման նպատակ ունի: Այնպես որ ընդդիմություն է, բայց հարցն այն է, որ նույն դասակարգի մեջ երկրորդ խմբավորումն է, ու նրանց քաղաքական վարքագիծը ժողովրդին հասկանալի չէ»,- ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

Հենց այստեղ է, որ առաջանում են մի շարք մտավախություններ երկիրը քաղաքական նոր ճգնաժամի տանելու կապակցությամբ: Օրինակ` «Քաղաքագիտական ակնարկներ» գրքի «Ե՞րբ և ինչո՞ւ է ծագում քաղաքական ճգնաժամը» վերնագրով բաժնում հեղինակները, որպես  քաղաքական ճգնաժամի հանգեցնող գործոններ, նշում են նաև «ընդդիմության` որպես ժողովրդական պետության հիմնական երաշխավորի չեզոքացում կամ ոչնչացում իշխող քաղաքական ուժի կամ ուժերի կողմից» և «Իշխող քաղաքական ուժի կամ ուժերի ներսում ներկուսակցական, ներխմբային, ներկլանային և իշխանության տարբեր ճյուղերի միջև ազդեցության  ոլորտների, նյութական միջոցների համար պայքարի սրում և այլն» (Արմեն Հովսեփյան, Սիրակ Հովհաննիսյան, Քաղաքական ակնարկներ, Պրակ 1, Երևան, 1997, էջ 52):

Այսօրվա քաղաքական իրողությունները մեր ուշադրությունը կենտրոնացրեցին հենց այս երկու գործոնների վրա: Փաստորեն, խորհրդարանական ընտրություններից հետո բոլորս տեսանք, որ արմատական ընդդիմությունը մտավ պասիվ շրջան` թե՛ հայտարարությունների ու կարծիքներ հայտնելու, թե՛ զանգվածային ակցիաների ու միջոցառումների առումով և թե՛ որպես կենսունակ  ընդդիմադիր ուժ ժողովրդի կողմից: Փաստորեն ԱԺ ընտրություններում իր նախընտրական քարոզարշավը ընդդիմադիր կեցվածքով անցկացնելուց և խորհրդարանում կառավարության ներկայացրած ծրագիրը քննադատելուց հետո շատ քաղաքացիներ հենց ԲՀԿ-ին են դիտարկում իբրև ընդդիմություն:

Եվ սրանով ստեղծվում է մտավախություն` արդյոք սա իշխող վերնախավի կողմից կանխամտածված խաղ չէ՞, որպեսզի չեզոքացվի արմատական ընդդիմությունը, ստեղծվի նոր` արհեստական ընդդիմություն` ի դեմս ԲՀԿ-ի, և անդրկուլիսյան պայմանավորվածությունների ճանապարհով երկիրը տարվի արհեստականորեն ստեղծված երկկուսակցական համակարգի: Առավել ևս, որ գործող նախագահին արտերկիր ճանապարհողների թվում միշտ լինում է ԲՀԿ առաջնորդը, նախարարներից մեկը ԲՀԿ-ական էր, մինչև այդ պաշտոնին նշանակվելը (թեկուզ ոչ փաստաթղթով, բայց նա շարունակում է մնալ այդ կուսակցության անդամ, նույնիսկ բարձրաձայնում է կուսակցությանն ու նրա ղեկավարին իր հավատարմության մասին), և վերջին դրսևորումը` ՀՀԿ-ն որոշ համայնքներում սատարում է ԲՀԿ-ի թեկնածուներին:

«Որ ՀՀԿ-ն որոշ համայնքներում ԲՀԿ-ի թեկնածուներին աջակցելու որոշում կայացրեց, դա քաղաքական իմաստով բավականին հետաքրքիր սիգնալ էր: Փաստորեն ՀՀԿ-ն դրանով ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի հետ ունեն որոշակի համագործակցության եզրեր: Ու դա սիգնալ էր նաև ԲՀԿ-ի կողմից, որ նրանք պատրաստ են ընդունել և բռնել իրենց ուղղված ձեռքը: Բայց որ ԲՀԿ-ի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ իրենք ՀՀԿ-ական թեկնածուներին չեն սատարելու, դա նշանակում էր, որ ԲՀԿ-ում դեռևս կան տարակարծություններ` կապված  համագործակցության հնարավորության, եթե ոչ խնդրի հետ»,- նշեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

Եթե նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշի սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա դա ոչ միայն քաղաքագիտական, այլև քաղաքական տեսանկյունից կնշանակի, որ տվյալ կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու ՀՀԿ-ի հետ, եթե ոչ անմիջական մասնակցություն ունենալով կառավարությունում, ապա գոնե համաձայնեցնելով իրենց դիրքորոշումները քաղաքական մեծամասնության հետ: Բնական է, որ եթե նրանք միանան իշխանության կողմից առաջադրվող թեկնածուին, ապա դա նշանակում է, որ նրանք ընդդիմություն չեն:

«Համայնքներում ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ականներին պաշտպանելու երևույթը կոմպրոմիս է: Այսինքն` շահ-կոմպրոմիս` հաշտության գալու ձև: Ես կարծում եմ, որ այստեղ նախագահի ֆիգուրը, պաշտոնը, գուցե նաև անձը պարտավորեցնում են այդ օլիգարխիկ համակարգի երկու թևերին համաձայնության գնալ այնտեղ, որտեղ տրամաբանական գործակցություն կարող է լինել: Գյումրին դրա օրինակն է: Ուղղակի առջևում նախագահական ընտրություններ են, և ՀՀԿ-ն չի ուզում հարաբերությունները սրել երկրորդ թևի հետ»,- նշեց Լևոն Շիրինյանը:

Հետևաբար, ըստ քաղաքագետի, եթե այսպես բարեհաջող գնան գործընթացները, Հայաստանում առաջանում է երկկուսակցական քաղաքական համակարգ, այնպես, ինչպես Միացյալ Նահանգներում է: Եվ կյանքը կարծես դրան է տանում: Բայց այս երկու ուժերն էլ միշտ պետք է իրար հետ կոմպրոմիսների գնան:

«Առայժմ կարելի է փաստել, որ ԲՀԿ-ն  հանդես եկավ քննադատությամբ կառավարության ներկայացրած ծրագրի ժամանակ, այսինքն` այստեղ նրանք ցուցաբերել են ավելի շատ ընդդիմադիր պահվածք, քան պրոկոալիցիոն, սակայն կարելի է ասել, որ քաղաքական սեզոնը նոր է սկսվում կամ մոտենում է իր սկզբին, և ըստ էության` վերջնական մոտեցումը թերևս կայացած չէ: Այս որոշման  ընդունման ժամկետն ավելի շատ մոտ է լինելու նոյեմբեր ամսին»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:

Այսինքն` քանի որ ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների մասին ավելի շատ մակրոմակարդակի ընտրությունների ժամանակ է խոսվում, այստեղ դեռ չենք կարող ներկայացնել վերջնական դիտարկումներ կամ որոշումներ` կապված քաղաքական պայքարի հետ: Վերջնական կարող ենք խոսել նոյեմբեր ամսին, երբ  նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում կսկսի ծավալվել ավելի ընդհանուր պայքար և պարզ կդառնա` կգործե՞ն արդյոք «Քաղաքագիտական ակնարկներում» հիշատակված գործոնները, թե՞ ոչ:

 

Դիտվել է 1336 անգամ:
Print Friendly

Leave a Reply